Tuesday, September 22, 2009

Իրավաբանների համահայկական առաջին համաժողովի մասնակիցների Հայտարարությունը

Ողջունելով ՀՀ Նախագահի նախաձեռնությունը համազգային ներուժի համախմբման առումով, ինչպես նաեւ ՀՀ Կառավարության կողմից սույն Համաժողովին ընձեռած հնարավորությունն՝ ուղղված ՀՀ, ԼՂՀ եւ Սփյուռքի հայ իրավաբանների միջեւ կապերի ամրապնդման, համագործակցության եւ փոխադարձ մարդկային շփումների ապահովմանը, ինչպես նաեւ համահայկական հնչեղության իրավական հիմնախնդիրների լուծմանը, կարեւորելով Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Սփյուռքի հայ իրավաբանների համագործակցությունը եւ նրանց ներգրավումը համազգային հիմնախնդիրների լուծման գործընթացում, ինչպես նաեւ Հայոց անկախ պետականության ամրապնդման եւ զարգացման գործում, ընդգծելով հայ իրավական մտքի հետագա զարգացման խնդիրների կարեւորությունը միջազգային չափանիշների համատեքստում, մենք՝ 2009 թվականի սեպտեմբերի 19-21-ը ՀՀ մայրաքաղաք Երեւանում կազմակերպված ԻՐԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ մասնակիցներս ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ, որ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ընթացքում ներկայացված զեկուցումերը, դրանց քննարկումները եւ մտքերի փոխանակությունը հերթական անգամ հաստատեցին ՀՀ, ԼՂՀ եւ Սփյուռքի հայ իրավաբանների համագործակցության անհրաժեշտությունը` ի շահ հայ իրավական մտքի զարգացման, սահմանադրականության հաստատման, մասնագիտական կրթության որակի բարձրացման, այս ասպարեզում ձեռքբերումների քարոզչության եւ համամարդկային արժեքների շարքում հայ իրավական մտքի հուշարձանների պահպանման կարեւորության դերի բարձրացման, կարեւորում ենք պատմական ճակատագրի բերումով օտար պետություններում ապրող եւ աշխատող բազմաթիվ հայ իրավաբանների ներուժի օգտագործումը համազգային խնդիրների լուծմանը մասնակից դարձնելու, ինչպիսիք են ԼՂՀ հարցի խաղաղ եւ արդարացի կարգավորումը, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը, հայ ազգային փոքրամասնություններին այլ պետություններում իրավական օգնության ցուցաբերումը, Սփյուռքում հայ ժողովրդի սեփականության, պատմամշակութային ժառանգության իրավական պաշտպանությունն ու իրավական ձեւակերպումը, ինչպես նաեւ ՀՀ իրավական համակարգի ամրապնդումը եւ կատարելագործումը, ստեղծում ենք ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ, անդամակցում ենք այդ կառույցին, որը բաց է բոլոր հայ իրավաբանների համար, որոնք կցանկանան համագործակցել այդ կառույցի հետ: Միաժամանակ կոչ ենք անում բոլոր հայ համայնքներին, որտեղ չկան հայ իրավաբանների միություններ կամ հանձնախմբեր, առաջիկայում ստեղծել նման կառույցներ: Դիմում ենք ՀՀ եւ ԼՂՀ կառավարություններին, ՀՀ արտաքին գործերի, սփյուռքի եւ արդարադատության նախարարություններին, հայկական բոլոր իրավաբանական միություններին` աջակցելու նորաստեղծ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆԸ, որը համահայկական իրավաբանական ներուժի համախմբման եւ համագործակցության միջոցով կնպաստի հայ իրավաբանության զարգացմանը, ՀՀ-ում, ԼՂՀ-ում եւ Սփյուռքում իրավաբանության բնագավառի գիտական եւ ստեղծագործական մտքի միավորմանը համազգային գաղափարների շուրջ, խրախուսելով ոլորտում ներգրավված պետական, հասարակական եւ մասնավոր կազմակերպությունների ներկա-յացուցիչների մասնակցությունը նորաստեղծ կառույցի եւ ստեղծվելիք մասնագիտական ցանցի աշխատանքներին: Մենք, 2009 թվականի սեպտեմբերի 19-21-ը Երեւանում կազմակերպված ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ մասնակիցներս, սույն հայտարարությամբ մեր պատրաստակամությունն ենք հայտնում աջակցելու ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ բարձրացված համազգային նշանակության իրավական խնդիրների լուծմանը: 20 սեպտեմբեր, 2009 թ., Երեւան ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

No comments: