
Tert.am. 21-9-2009- «Սերժ Սարգսյանի Թուրքիա գնալը չպետք է պայմանավորվի Արձանագրությունների ընթացքով։ Պարզապես ինքը Թուրքիայի նախագահին է հրավիրել, նա եկել է, և նախագահ Սարգսյանի գնալը կլինի պարզապես պատասխան այց՝ հատկապես, որ ֆուտբոլային խաղի առիթով տեղի ունեցած այցը ոչնչով չի պարտավորեցնում։
Ես, այնուամենայնիվ, կարծում եմ, որ նախագահը կգնա, և այս նորմալացման գործընթացը կշարունակվի»,– հայ–թուրքական կարգավորման գործընթացում սպասվող առաջիկա զարգացումների մասին հարցին ի պատասխան Тert.am–ին ասել է թուրքագետ Հակոբ Չաքրյանը։
Հայ–թուրքական կարգավորման հարցում հնարավոր զարգացումների խնդիրը նա դիտարկում է հետևյալ կերպ. «Այս հարցում թուրքական կողմն էլ մանևրելու շատ հնարավորություն չունի։ Ի վերջո, այս գործընթացը միջազգային ուժերն են նախաձեռնել, և նրանց վերաբերմունքն էլ վճռորոշ կլինի»։
Հայ–թուրքական կարգավորման գործընթացի ընդհատումը թուրքագետը ևս չի բացառում։ «Թուրքիայի իշխանությունները հարափոփոխ տեսակետներ են արտահայտում՝ մեկ կողմ են արտահայտվում նորմալացմանը, մեկ հարցը կապում են Ղարաբաղի հետ, ինչը միջազգային ասպարեզում ընդունելի չէ։ Եթե ընդհատվելու էլ լինի այս գործընթացը թող Թուրքիայի մեղքով ընդհատվի, որպեսզի Հայաստանը չդառնա միջազգային ճնշումների թիրախ։ Չի բացառվում, որ այս գործընթացը ձախողվի, քանի որ Էրդողանի կառավարությունը լուրջ ընդդիմություն ունի»,– մեկնաբանել է Հակոբ Չաքրյանը։
Շարունակելով թեման՝ փորձագետն իր զարմանքն է արտահայտել Հայաստանի ընդդիմության վրա, որն, ըստ թուրքագետի, չի հավատում սեփական երկրի նախագահի հայտարարություններին ու նախընտրում է հավատալ իր ենթադրություններին, համաձայն որոնց, Արձանագրություններում նախապայմաններ կան։
«Փաստաթղթերում ոչ մի նախապայման չկա։ Կան դրույթներ, որոնք կարելի է տարաբնույթ մեկնաբանել։ Առհասարակ, ընդդիմությունից ոմանք նախորդ տարիներին հայ–թուրքական հարաբերությունների մասին այլ կարծիք էին հայտնում, հիմա տրամագծորեն հակառակն են ասում, ինչը մտահոգիչ է այն առումով, որ վերահսկվող գործիչները չեն կարող սեփական տեսակետ արտահայտել և դատապարտված են անընդմեջ կարծիքներ ունենալու և տեսակետներ փոխելու»,– ասել է Հակոբ Չաքրյանը։
No comments:
Post a Comment