News.am. 28-10-2009- Ադրբեջանի նավթի եւ գազի պաշարները չեն բավականացնի, որպեսզի Nabucco ծրագիրը գործարկվի։ Այդ մասին են վկայում Ադրբեջանի նավթի եւ գազի պետական ընկերության հրապարակած տեղեկությունները եւ տարածաշրջանում գործող ածխաջրածնային հումքի արտահանմամբ զբաղվող խոշոր ընկերությունների գործողությունները։ Նման կարծիք NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Ռուսաստանի Միջազգային հարաբերությունների եւ համաշխարհային տնտեսության ինստիտուտի ավագ մասնագետ Իվան Դանիլինը։
Նրա խոսքով, Nabucco գազամուղն ամբողջությամբ գործարկելու համար անհրաժեշտ է ածխաջրածնային հումք արտահանող այլ պետությունների մասնակցություն։ Ըստ նրա՝ նավթի եւ գազի հարուստ պաշար ունեցող Միջին Ասիայի պետությունները ցանկանում են բնական գազ արտահանել Եվրամիության երկրներ, եւ հետաքրքրված են, որ տարանցիկ ուղին անցնի էներգակիրների շուկայում քիչ ազդեցություն ունեցող պետությունների տարածքով։ «Այս պարագայում Միջին Ասիայի պետությունների համար Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի տարածքով Եվրամիություն գազ արտահանելը ռազմավարական նշանակություն ունի, բայց Թուրքմենստանն ու Ադրբեջանը դեռ չեն լուծել Կասպից ծովի ավազանին վերաբերող տարածքային հարցերը»,- նշեց Ի. Դանիլինը՝ ավելացնելով, որ բացի Կասպից ծովի տարածքային խնդրից կան բազմաթիվ այլ հարցեր, որոնք խանգարում են էներգետիկ ծրագրերի իրականացմանը։
Ըստ նրա՝ Միջին Ասիայի էներգակիրների համար այլ հավանական տարանցիկ ուղի կարող է դառնալ Իրանը։ Իսլամական հանրապետությունն ու Թուրքմենստանն արդեն այդ ուղղությամբ որոշակի քայլեր ձեռնարկել են, Իրանը Թուրքմենստանի հետ գազի ներկրման ծավալի ավելացման պայմանագիր է կնքել, եւ, բացի դրանից, այս պետությունը ևս պատրաստվում է մեծ քանակությամբ գազ արտահանել Եվրամիության երկրներ։ Իրանն ու Թուրքիան արդեն որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերել «Հարավային Փարս» գազամուղի կառուցման շուրջ։ Գազամուղը կանցնի Թուրքիայի տարածքով, որտեղ արդեն համապատասխան ենթակառուցվածքներ են ստեղծվում։ Ի. Դանիլինի համոզմամբ՝ «Հարավային Փարս», եւ ռուսական «Հարավային հոսք» գազամուղերի կառուցման դեպքում Թուրքիան կդառնա Եվրամիության պետությունների համար էներգակիրների տարանցման կարևորագույն կենտրոններից մեկը, ինչը կմեծացնի Թուրքիայի տարածաշրջանային կշիռը։
«Հարավային Փարս»-ի կառուցման դեպքում գազամուղի ճյուղերից մեկը կարող է Հայաստան ձգվել։ «Դա, իմ կարծիքով, հնարավոր կլինի, եթե հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն»,- նշեց վերլուծաբանը՝ ավելացնելով, որ գազամուղի կառուցման հնարավորության դեպքում ադրբեջանցիները հազիվ թե կարողանան խոչընդոտել դրա կառուցումը։
Thursday, October 29, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment