Thursday, October 8, 2009

Էդվարդ Նալբանդյանը ՅՈՒՆԵՍԿՕ–ի ամբիոնից խոսել է Ադրբեջանի բարբարոսությունների մասին

Tert.am- 8-10-2009- Երեկ ՅՈՒՆԵՍՕ-ի 35-րդ գլխավոր կոնֆերանսին իր ելույթի ժամանակ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է մշակութային հուշարձանների խնդրին՝ նշելով, որ Հայաստանի հարևանները տարբերվող մոտեցումներ են դրսևորել հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցում։ «Հրաշալի համագործակցություն կա Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որն ըստ պատշաճի հոգում է իր տարածքում գտնվող հայկական հուշարձանների մասին։ Ասածիս ակնհայտ վկայությունն է Իրանի առաջարկով Սբ. Թադեի վանքի ներառումը Համաշխարհային ժառանգության ցանկում», – մասնավորապես, ասել է Էդվարդ Նալբանդյանը։ Նա հավելել է, որ «այս դրական փորձը մեր մյուս հարևանների պարագայում չի նկատվում»։ «Ցավոք, Ադրբեջանի պարագայում հայկական ժառանգությունից ձերբազատվելուն ուղղված ջանքերը շարունակվում են անդադար, չնայած Հայաստանի կողմից հնչող մշտական ահազանգերին։ Տարիներ շարունակ տևած հուշարձանների ավերման ցավալի վկայությունն է Նախիջևանում Ջուղայի դարավոր գերեզմանոցի ոչնչացումը` իր 9-ից 16-րդ դարեր թվագրվող տասնյակ հազարավոր նրբատաշ, եզակի խաչքարերով, որոնք վկայում էին Ջուղայի վարպետների տաղանդի ու հմտության մասին։ 1998 և 2005 թվականներին պատերազմ չկար, երբ այս հսկա հուշարձանները տապալվեցին, լցվեցին վագոններն ու հեռացվեցին Ադրբեջանի կառավարության աչալուրջ հայացքի ներքո։ 2005թ.-ին այս հսկայական մշակութային գոհարը բուլդոզերով հավասարեցվեց և վերածվեց ռազմական վարժարանի` կառավարության հրահանգով կատարվող գործողությունների արդյունքում։ Ինչպես ցավով նշվում է ԻԿՈՄՈՍ-ի 16-րդ գլխավոր ասամբլեայի բանաձևում. «այս ժառանգությունը, որ մի ժամանակ իր արժանի տեղն էր գրավում աշխարհի ժառանգության գանձերի շարքում, այլևս չի կարող փոխանցվել ապագա սերունդներին»», – ՅՈՒՆԵՍԿՕ–ի հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը։ Նա նշել է, որ 1975թ.-ին ևս պատերազմ չկար, երբ 7-րդ դարի հայկական եկեղեցին լիովին քանդվեց Նախիջևանի կենտրոնում ոչ այլ պատճառով, քան` հայերի հետքը ջնջելու համար, ովքեր զուտ տասնամյակներ առաջ մեծամասնությունն էին կազմում այնտեղ։ «Ի սկզբանե դատապարտելի համարվելով` որևէ ժողովրդի քաղաքակրթության ոչնչացումը անհամատեղելի է ու անթույլատրելի ցանկացած երկրի համար, որ հավակնում է այնպիսի միջազգային կազմկերպության անդամակցության, ինչպիսին ՅՈՒՆԵՍԿՕ-ն է։ Մենք իրապես հավատացած ենք, որ այս կազմակերպությունը` ՄԱԿ-ի կրթական, գիտության ու մշակույթի կազմակերպությունը կկարողանա դիմագրավել մշակութային իրավունքների անդադրում ոտնահարումներին և դրանով իր ներդրումը բերել միջմշակութային երկխոսության ու հանդուրժողականության ամրապնդմանն ամբողջ աշխարհում», – ասել է ՀՀ արտգործնախարարը։

No comments: