Thursday, October 8, 2009

Ա. Մինասյան. Թուրքիան ամենաանհուսալի գործընկերներից է աշխարհում

ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն այսօր իրենց կուսակցության կողմից կազմակերպված խորհրդաժողովում ելույթ ունենալով, ասաց, որ ՀՅԴ բյուրոն նախաձեռնել է ուսումնասիրություն, թե ինչ վնաս կկրի Հայաստանի տնտեսությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և սահմանի բացման հետևանքով: Արդյունքում ստացվել է բավականին հաստ մի փաթեթ, որի արդյունքները խոսում են ի վնաս Հայաստանի. այս պարագայում, ըստ բանախոսի, ութ ոլորտում կա 53 հիմնախնդիր: Պատգամավորը նշեց, որ այն մարդիկ, ովքեր հայտարարում են, թե սահմանի վերաբացման դեպքում Հայաստանի տնտեսությունը թռիչքաձև զարգացում է ապրելու, սխալվում են: «Երբ փորձում ես այդ տեսակետների հիմքը հասկանալ, պարզվում է՝ դատարկություն է այնտեղ, չկա որևէ վերլուծություն, չկա որևէ հիմնավորում, նրանք պարզապես իրենց ցանկություն են հայտնում»,-ասաց Ա. Մինասյանը: Նրա խոսքով, Հայաստանի և Թուրքիայի տնտեսական պոտենցիալները անհամատեղելի են, միայն 1 շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի Թուրքիայում 3 անգամ ավելի է, բացի այդ էլ, Առևտրի համաշխարհային կազմակերպության ցուցանիշներով, Թուրքիան ամենաանհուսալի ընկերն է: «Բազմաթիվ դատական վեճերը ցույց են տվել, որ Թուրքիան բացահայտ և քողարկված, հետապնդելով իր կազմակերպությունների տնտեսական շահերը, խախտում է միջազգային բոլոր տեսակի հարաբերությունները տնտեսական կանոններում ամրագրված, և կրկնում եմ, համարվում է տնտեսական ամենաանհուսալի գործընկերներից»,-ասաց պատգամավորը: Խոսելով երկու երկրների ներքին արտադրողների մրցունակությունից, ելույթ ունեցողն ասաց, որ Թուրքիան այս առումով բավականին լավ դիրքերում է, իսկ «այս համատեքստում խոսել երկու երկրների տնտեսության պոտենցիալների օգտագործումից բխող համատեղ շահերի մասին, առնվազն միամտություն է»: Ներդրումների մասին Ա. Մինասյանը հիշեցրեց, որ Թուրքիայում գործում են սեփականության իրավունքի խիստ սահմանափակումներ, և հարևան երկիրն իր քաղաքականությունն իրականացնում է ազգային անվտանգության կոնցեպցիայից ելնելով, երբ տարբեր ոլորտներում սահամափակում է օտարերկրյա կազմակերպությունների մասնակցությունը, ի տարբերություն Հայաստանի, որը հռչակել է ազատ տնտեսական հարաբերություններ և «ամբողջությամբ բացվել»՝ ոչ մի կանխարգելիչ քայլ չձեռնարկելով: Մինասյանի նշած վտանգներն այսքանով չեն սահմանափակվում, նա պաշտոնյաններին կոչ արեց, որ Հայաստանի տնտեսությանը և ազգային անվտանգությանը սպառնոցող քայլեր չձեռնարկեն, իսկ հայ-թուրքական սահմանի վերաբացումից հետո կշահի միայն Թուրքիան, Հայաստանի վարդագույն երազները, հանդիպելով պատնեշին, կփշրվեն:

No comments: