Monday, October 5, 2009

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. ԱՌԱՋ ԵՆՔ ԳՆՈՒՄ ԱՌԱՆՑ ՈՐԵՎԷ ՆԱԽԱՊԱՅՄԱՆԻ

Panam.am 5-10-2009- «Ես կարծում եմ, որ տվյալ ժամանակի համար մենք կարողացել ենք ստանալ առավելագույնը»,- Նյու Յորքում ԱՄՆ Արևելյան ափի և Կանադայի հայաշատ գաղթօջախների հետ հանդիպման ժամանակ նշել է նախագահ Սերժ Սարգսյանն` անդրադառնալով այն մտահոգությանը, թե հնարավոր էր հայ-թուրքական բանակցությունների արդյունքում հանգել առավել հայանպաստ փաստաթղթերի: Նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ, Սերժ Սարգսյանն իր բացման խոսքում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ու նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ հնչող հիմնական մտահոգություններին և մեկ անգամ ևս ընդգծել, որ Հայաստանն առաջ է գնում` Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու առանց որևէ նախապայմանի: Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախադրյալների մասին, Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ անցյալ տարվա օգոստոսին տարածաշրջանում տեղի ունեցած հայտնի իրադաձություններից հետո, ըստ էության, ստեղծվել է նոր իրավիճակ, ինչն իր հերթին որոշակիորեն նպաստել է հայ-թուրքական քաղաքական երկխոսության առաջմղմանը, քանզի բոլորի համար ակնհայտ է, թե ինչպիսի մեծ մարտահրավերներ են պարունակում չկարգավորված խնդիրները ժողովուրդների անվտանգության, խաղաղ ու բարգավաճ ապագայի համար: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը կնպաստի նաև տարածաշրջանում ընդհանուր լարվածության թուլացմանը և փոխվստահության մթնոլորտի ընդլայնմանը: Հիշեցնենք, որ Նյու Յորքը Նախագահի Համահայկական ուղևորության երկրորդ կանգառն էր: Մինչ այդ նախագահը Փարիզում հանդիպում է ունեցել Եվրոպայի հայաշատ գաղթօջախների ներկայացուցիչների հետ: Նյու Յորքից Սերժ Սարգսյանը մեկնել է Լոս Անջելես, որտեղ էլ գտնվում է այս պահին: Նախագահի գլխավորած պատվիարկության հաջորդ կանգառները լինելու են Բեյրութում և Դոնի Ռոստովում:

No comments: