Sunday, October 11, 2009

Հայ-թուրքական Արձանագրությունները ստորագրվեցին Ցյուրիխում

Tert.am- 10-10-2009- Րոպեներ առաջ շվեյցարական Ցյուրիխի համալսարանի շենքում վերջապես կայացավ Հայաստանի և Թուրքիայի միջև Արձանագրությունների ստորագրման արարողությունը: Հայաստանի կողմից Արձանագրությունները ստորագրեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Թուրքիայի կողմից` արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն: Ինչպես հաղորդում է Tert.am-ի թղթակիցը Ցյուրիխից, ստորագրման արարողությունը հետաձգվել էր ավելի քան 3 ժամով: Ամերիկյան պատվիրակության անդամների խոսքով` անհամաձայնությունը եղել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի ելույթի շուրջ, որը պետք է հնչեր ստորագրման արարողությունից հետո: Reuters-ի հաղորդամաբ` ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը վերադարձել է հյուրանոց և հանդիպել է հայաստանյան պատվիրակության հետ: Թուրքիայի արտգործնախարարի ելույթի նոր տարբերակը բերվել է հյուրանոց, որն էլ, գործակալության համաձայն, "ակտիվորեն քննարկվել է": Իրավիճակը կարելի է բնութագրել որպես լարված: Կողմերն ամեն դեպքում ստորագրեցին Արձանագրությունները, սակայն արտգործնախարարների ելույթները տեղի չունեցան. հավանաբար, կողմերն այդպես էլ չեկան համաձայնության: Ստորագրման արարողությանը ներկա են գտնվել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Կուշները, Սլովենիայի արտգործնախարար և Եվրոպայի Խորհրդի նախարարների հանձնաժողովի նախագահ Սամյուել Ժբոգարը, ինչպես նաև Եվրամիության խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան:

No comments: