Saturday, October 3, 2009

ՍԵՐԺ ՉՈՒՐՈՒԿ. ՊԵՏՔ Է ԴԻՄԵԼ ՓՈԽԱԴԱՐՁ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՄՇԱԿԵԼ ԱՅՆՊԻՍԻ ՀԻՄՔ, ՈՐՆ ԸՆԴՈՒՆԵԼԻ ԿԼԻՆԻ ԵՐԿՈՒ ԿՈՂՄԵՐԻ ՀԱՄԱՐ

Panorama.am. 3-10-2009- «Սա համարձակ քայլ է Նախագահի կողմից, և ես զարմացած եմ: Կա Հայաստան, որը մտածում է մի կերպ և կա Սփյուռք, որը մտածում է մեկ այլ կերպ, և անհրաժեշտ է, որ երկուսը միասնական լինեն»,- ՀՀ նախագահի համահայկական ուղևորության շրջանակում Փարիզում կայացած հանդիպումից նման տեսակետ է հայտնել «Ալկատել» ընկերության նախկին գլխավոր տնօրեն Սերժ Չուրուկը: Հիշեցնենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Սփյուռքի կարծիքը լսելու համար նախօրեին ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը սկսել է համահայկական ուղևորություն: Առաջին հանդիպումը երեկ էր Փարիզում, այսօր նախագահը հանդիպումներ կունենա Նյու Յորքում: «Սա պատմական պահ է Հայաստանի համար: Սա բանակցությունների շրջանն է, և ինչպես այլ բանակցությունների դեպքում պետք է հարց տալ՝ արդյո՞ք նպատակը բարի է, արդյո՞ք ժամանակը ճիշտ է ընտրված և արդյո՞ք համաձայնագիրը իրականություն կդառնա, որովհետև բավական չէ որ այն լինի միայն փաստաթղթի վրա, պետք է, որ այն ի կատար ածվի»,- ասել է Չուրուկը: Նա կարծիք է հայտնել, որ նպատակը բարի է: «Հայաստանին լավ ապագա է սպասվում` դեպի Եվրոպա, դեպի Միջերկրական ծով, դեպի հարաբերությունների վերահաստատում Թուրքիայի հետ: Կարծում եմ, որ դա կյանքի անհրաժեշտություն է Հայաստանի համար»,- հանդիպումից հետո լրագրողներին ասել է նա: Չուրուկը նաև ընդգծել է, որ Թուրքիան այժմ ցանկանում է ընդգրկվել ԵՄ կազմում, «և ես հասկանում եմ, որ Թուրքիայի կողմից հարաբերությունների բարելավումը Հայաստանի հետ կդիտվի որպես շատ դրական քայլ»: «Ալկատել»-ի նախկին տնօրենը կարծիք է հայտնել, որ բանակցությունների կողմերը ի վերջո համաձայնության կգան: «Պետք է բանակցել Թուրքիայի հետ և հասնել դրան: Դա երկու կողմի շահերից է բխում` դիմել փոխադարձ զիջումների և մշակել այնպիսի հիմք, որն ընդունելի կլինի երկու կողմերի համար»,- նշել է նա:

No comments: