Monday, October 5, 2009

ՈՉ ԹԵ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ, ԱՅԼ` ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՀԱՐՑ

Panam.am 5-10-2009- Միակ խնդիրը, որ Հայոց ցեղասպանության առնչությամբ Հայաստանը կքննարկի Թուրքիայի հետ, դա Ցեղասպանության հետևանքների վերացման հարցն է: Այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքում Հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ժամանակ: Անդրադառնալով հանդիպմանը ներկա սփյուռքահայերի մտահոգություններին` նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում չի կարող քննարկվել Ցեղասպանության փաստը: «Ցեղասպանության հետ կապված միակ խնդիրը, որ կարող է քննարկման առարկա լինել, այն է, թե ինչպես կարող ենք օգնել թուրք ժողովրդին ավելի անաչառ լինելու սեփական պատմության էջերը թերթելիս կամ ` ավելի ճիշտ` ինչպես հաղթահարել Ցեղասպանության հետևանքները»,- նշել է երկրի ղեկավարը: Տեղեկացնենք, որ Համահայկական ուղևորության շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 3-ին Նյու Յորքի «Փալաս Հոթել» հյուրանոցում հանդիպում է ունեցել ԱՄՆ Արևելյան ափի և Կանադայի հայկական կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի տեղակալ Գագիկ Հարությունյանը, ՀՀ Նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, ԼՂՀ նախկին Նախագահ Արկադի Ղուկասյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

No comments: