Wednesday, October 28, 2009

Վիզաների ավելի մատչելի կարգ ազգությամբ հայերի համար

News.am. 28-10-2009- ՀՀ Ազգային ժողովը ընդունել է «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխությունների կատարման մասին նախագիծը, որը, մասնավորապես, սահմանում է վիզաների տրամադրման ավելի մատչելի կարգ հայազգի այն անձանց համար, ովքեր գործունեություն են ծավալում մշակույթի, կրթության եւ հատկապես` գործարարության ոլորտներում: Նախագիծը միտված է Հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացմանը: Եթե ներկայումս գործող օրենքով, ժամանակավոր կացության կարգավիճակ (մեկ տարի ժամկետով) է տրվում բոլոր նրանց, ովքեր Հայաստանում ունեն մոտ ազգականներ, աշխատանքի թույլտվություն կամ զբաղվում են գործարարությամբ, ապա նոր օրինագծով առաջարկվում է ժամանակավոր, ինչպես նաեւ մշտական կացության իրավունք տալ նաեւ ծագումով հայերին: «Սրանով փորձում ենք ազգությամբ հայերին ցանկության դեպքում հնարավորություն ընձեռել բնակվել հայրենիքում. սա կարող է խթանել նաեւ հայրենադարձությանը»,-նշել է նախարար Հրանուշ Հակոբյանը: Գործող օրենքով նախատեսվում է, որ խախտում կատարելու համար վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո անձը եւս մեկ տարի չի կարողանա վիզա ստանալ: Իսկ ահա առաջարկվող նախագծով վերացվում է այդ մեկամյա ժամկետը, եւ վարչական պատասխանատվություն կրելուց ու համապատասխան տուգանքը վճարելուց հետո անձի կացության խնդիրները կարգավորվում են: Իսկ եթե չի կատարում վարչական օրենսգրքով սահմանված իր պարտականությունները, ապա անձը մեկ տարի հետո կարող է դիմել` վիզա ստանալու համար:

No comments: