Monday, October 12, 2009

Հայաստանն ու Ադրբեջանը քննարկում են երկու սկզբունքներ, ԱԳՆ

Tert.am. 12-10-2009- Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով Коммерсант թերթի լրագրողի՝ Ղարաբաղի շուրջ բանակցությունների մասին հարցին, նշել է, թե «դուք գիտեք, որ եթե չլիներ դրական դինամիկա, ապա չէր կայանա նախագահների յոթերորդ հանդիպումը։ Եվ ոչ ոք չէր խոսի պետությունների ղեկավարների նոր հանդիպումների նախապատրաստման մասին։ Ընթանում է բարդ գործընթաց, որը զարգանում է անհրաժեշտ ուղղությամբ»։ Նա նաև նշել է, որ Մադրիդյան փաստաթղթում կան բազմաթիվ սկզբունքներ, և այսօր կողմերը քննարկում են դրանցից երկուսը։ «Եթե պայմանավորվենք դրանցից երկուսի շուրջ, ապա կշարժվենք առաջ։ Եվ երբ պայմանավորվենք բոլոր սկզբունքների շուրջ, այդ ժամանակ էլ կսկսվի խաղաղ պայմանագրի նախապատրաստական գործընթացը։ Դա երկար և բազում բարդություններով լի գործընթաց է։ Սակայն կարևոր է, որ կողմերը դա հասկանում են և պետք է փորձեն զգուշորեն մոտենալ այդ հայտարարություններին և՛ այն ժամանակ երբ դիրքորոշումները մոտ են, և՛ այն ժամանակ երբ կան տարաձայնություններ։ Դա կարևոր է, որպեսզի այդ գործընթացը շարունակվի, քանի որ երկու երկրների շահերից է բխում շարժվել առաջ և վերջիվերջո ձեռք բերել պայմանավորվածություններ, որոնք կօգնեն կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը։ Դրանք գաղտնի սկզբունքներ չեն։ Մադրիդյան սկզբունքների մանրամասնությունները հրապարակված են, և պարզ երևում է, թե ինչի մասին է խոսքը։ Բայց մենք աշխատում ենք հիմնական սկզբունքների շուրջ։ Եվ եթե դրանց շուրջ ձեռք բերվի պայմանավորվածություն, ապա դա առաջխաղաղցման ճանապարհ կբացի»,- հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը։

No comments: