Saturday, November 7, 2009

ՆԱՏՕ-Ն ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ

Lragir 06/11/2009 - ՆԱՏՕ Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը, որն այցելել էր Հայաստան, Հայաստանում մի քանի բավական ուշագրավ հայտարարություններ է արել, որոնք տալիս են որոշակի մտորումների եւ գուցե հետաքրքրական եզրակացությունների տեղիք: Մասնավորապես, նա Երեւանում հայտարարել է, որ արդեն 2010 թվականի սկզբին Հայաստանը 30 հոգանոց խաղաղապահ զորամիավորում կուղարկի Աֆղանստան: Այն, որ Հայաստանը ՆԱՏՕ հետ քննարկում էր այդ հարցը, հայտնի էր վաղուց եւ մեր իշխանությունը դա չէր թաքցնում: Այն, որ Հայաստանի իշխանությունն այդ հարցում սկզբունքորեն առարկություն չուներ, նույնպես հայտնի էր: Պարզ է նաեւ, որ Հայաստանի իշխանությունն առարկություն չէր էլ կարող ունենալ: Եթե ՆԱՏՕ պահանջեր, ապա Հայաստանի իշխանությանը կմնար միայն կատարել այդ պահանջը: Դրան թերեւս քչերը կկասկածեն: Գուցե ճիշտն էլ դա է, այսինքն պահանջը կատարելը: Գուցե Հայաստանը չի էլ հասցրել բանը պահանջի, այլ ուղղակի ինքն է առաջարկել իր ծառայությունը Աֆղանստանում, դրա դիմաց ակնկալելով Արեւմուտքի որեւէ ժեստ կամ պարզապես բարեհաճություն: Թեեւ Աֆղանստան խաղաղապահ կոնտինգենտ գործուղելու մասին խոսվում էր դեռ երկու-երեք տարի առաջ: Պարզապես այն ժամանակ Հայաստանը այդ հարցում չէր շտապում կատարել ՆԱՏՕ ցանկությունը, կամ էլ գուցե ՆԱՏՕ-ն այդքան շատ չէր ցանկանում հայ խաղաղապահներին տեսնել Աֆղանստանում: Բայց այդ ամենի մեջ հետաքրքրականն այն է, որ առաջին կոնկրետ տեղեկատվությունն այդ գործընթացի կապակցությամբ, հայ հասարակությունը փաստացի ստանում է ՆԱՏՕ պաշտոնյայից, ոչ թե իր կառավարությունից: Ռոբերտ Սիմոնսն է ասում, թե Հայաստանը քանի խաղաղապահ է գործուղելու, եւ նա է ասում առավել հստակ ժամկետ՝ 2010 թվականի սկիզբ: Ավելին, Սիմոնսը կարծես թե չի էլ ենթադրում, որ Հայաստանի Ազգային Ժողովը կարող է մերժել Աֆղանստան խաղաղապահ ուղարկելու ծրագիրը: Սիմոնսի հաջորդ ուշագրավ հայտարարությունը թերեւս այն է, որ ՆԱՏՕ-ն Հայաստանի ԱԱԾ հետ աշխատում է սահմանների անվտանգության ապահովման եւ սահմանային այլ հարցերի լուծման ուղղությամբ: Սիմոնսը մասնավորապես նշել է հայ-վրացական սահմանը, ասելով, որ հայ-թուրքականի ուղղությամբ ՆԱՏՕ-ն չկա: Դե պարզ է, այնտեղ բացառապես ռուսներն են: Բայց հայ-վրացականի պարագան իսկապես հետաքրքիր է, հատկապես սահմանային հաճախակիացած միջադեպերի ֆոնին, երբ հայ եւ վրացի սահմանապահների միջեւ տեղի են ունենում պարբերական բախումներ, որոնք արձանագրվում են հենց սահմանային տարածքի ճշգրտման գործընթացում: Սիմոնսի հայտարարությունը նշանակում է, որ հայ-վրացական սահմանը գտնվում է ՆԱՏՕ հսկողության տակ: Վրաստանի պարագայում պարզ է, թե ինչ դեր ունի ՆԱՏՕ-ն, իսկ եթե Հայաստանի կողմից էլ ԱԱԾ-ի հետ աշխատում են սահմանի հարցերը լուծելու ուղղությամբ, ուրեմն պարզ է, որ հայ-վրացական սահմանը ՆԱՏՕ-ն ըստ էության հայտարարում է իր գոտին: Ուրեմն ինչ է ստացվում՝ կամ ՆԱՏՕ-ն այդ գոտում չի կարողանում կանխել հայ-վրացական միջադեպերը, կամ դրանք պատճառ էին, որ ՆԱՏՕ-ն առիթ ունենա այդ գոտին իր վերահսկողության տակ վերցնելու եւ կողմերին հաշտեցնելու, այսինքն միջադեպերը կանխելու համար: Հասկանալի է, որ այդ ամենի տակ թերեւս ընկած է ընդհանրապես հայ-վրացական սահմանի հանդեպ գլոբալ՝ ռազմա-քաղաքական վերահսկողություն հաստատելը, որ արել կամ փորձում է անել ՆԱՏՕ-ն: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: