Tuesday, November 10, 2009

ՍԱՐԳՍՅԱՆ-ԱԼԻԵՎ 6-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ` ՆՈՅԵՄԲԵՐԻ ՎԵՐՋԻՆ

Ազգ 10,11,2009- Ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցություններում միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ամենայն ակտիվությամբ ու ժրաջանությամբ, անգամ նախանձելի համառությամբ տարածաշրջան այցելություններն իրականացնում են ոչ միայն մեկ ուղղությամբ, այլեւ իրապես «մաքոքային», ասել է, թե գալիս են Բաքվից Երեւան ու հետո նորից հայտնվում Բաքվում: Եվ դա բնավ էլ ոչ այն պատճառով, թե տրասնպորտային հարցեր են ծագում կամ նպատակ կա այցելելու Լեռնային Ղարաբաղ, իսկ դա միշտ չէ, որ ամենահեշտ ճանապարհներով է իրականացվում: Հերթական այցելությունը տարածաշրջան բացառություն չէր, թեեւ այդպես էլ չբացատրված մնաց Հայաստանի եւ Ադրբեջանի մայրաքաղաքների միջեւ այս անգամ հետ ու առաջ անելու անհրաժեշտությունը: Ինչեւէ, նոյեմբերի 4-6-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (Միացյալ Նահանգներ) եւ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) եղան Հայաստանում եւ Ադրբեջանում` նոյեմբերի 6-ով թվագրված հայտարարություն էր տարածվել, որ թերեւս հրապարակային է դարձել միայն նոյեմբերի 7-ին: Համանախագահները հայտարարությամբ եւս մեկ անգամ հավաստում են, որ նոյեմբերի 5-ին Ադրբեջանում տեղի է ունեցել հանդիպում երկրի նախագահ Ալիեւ կրտսերի հետ, որին հաջորդել է քննարկումը արդեն Երեւանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ նոյեմբերի 6-ին: Նույն օրն, ըստ հայտարարության, համանախագահները կրկին եղել են Բաքվում` «նախագահ Ալիեւի հետ երկրորդ հանդիպման նպատակով»: Թե ինչու են համանախագահները Բաքվում լինելուց եւ Ալիեւի հետ հանդիպելուց հետո կրկին հայտնվել Բաքվում, հայտարարության տեքստում չի նշվում: Նախապես հայտարարվել էր, թե համանախագահներն այս այցի շրջանակներում լրատվամիջոցների հետ հանդիպում չէին ունենալու, սակայն ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ, Բաքվում առաջին այցելությունից հետո Մինսկի խումբը նշել է աշխատանքները շարունակելու մասին: Ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովն, իր հերթին, հույս է հայտնել, թե Երեւան այցից հետո պարզություն կլինի երկու նախագահների հանդիպման վայրի ու ժամանակահատվածի առնչությամբ: Կարելի է ենթադրել, որ որոշ հարցեր կամ խնդիրներ պարզ չեն դարձել Երեւան այցելությունից հետո, դրա համար էլ համանախագահները կրկին մեկնեցին Բաքու:

No comments: