Friday, November 20, 2009

Հայաստանն ու Թուրքիան սպասողական վիճակում են. Մանոյան

Tert.am 19.11.2009 - Ակնհայտ է, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Թուրքիան սպասողական վիճակում են։ Երկու կողմերը սպասում են, թե երբ նրանցից մեկը առաջին քայլը կանի։ Նման կարծիք է այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել ՀՅԴ քաղաքական հարցերի և Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։ «Դեռ երկու ամիս մենք Արձանագրությունների վավերացման հարցում լուրջ տեղաշարժերի ականատես չենք լինի»,- ասել է Մանոյանը։ Միևնույն ժամանակ, քաղաքական գործիչը չի բացառել այդ հարցի՝ երկար տարիներով ձգձգման հնարավորությունը։ Նա թվարկել է նմանատիպ մի շարք փաստաթղթեր, որոնք այդպես էլ չեն վավերացվել 20 տարվա ընթացքում։ Մանոյանը փոխկապակցում է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հարցում առաջընթացը ղարաբաղյան հարցում տեղաշարժի հետ։ Հաշվի առնելով նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունը և Ղարաբաղի վերաբերյալ Բաքվի անփոփոխ դիրքորոշումը՝ «Դաշնակցության» ներկայացուցիչը լուրջ առաջընթաց չի տեսնում այդ հարցում։ Ինչ վերաբերում է Ղարաբաղի հարցում միջազգային հանրության դիրքորոշմանը, ապա այն, Մանոյանի կարծիքով, նման է Թուրքիայի դիրքորոշմանը։ Դաշնակցական գործիչը հերթական անգամ հիշեցրել է, որ չի ընդունում հայտարարություններն այն մասին, որ ղարաբաղյան կարգավորումը և հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը պետք է զուգահեռ ընթանան։

No comments: