Friday, November 20, 2009

Նեստերենկոյի նոր մեկնաբանությունը ղարաբաղյան հարցի եւ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ

NEWS.am 20.11.2009 - Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն հանդես է եկել ղարաբաղյան հարցի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացների համատեղությանը վերաբերող նոր հայտարարությամբ։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ի ճեպազրուցի ժամանակ նա տառացիորեն հայտարարել էր. «Որքանով մեզ է հայտնի, Երեւանի եւ Անկարայի բանակցությունների ընթացքում վեր հանվեցին ԼՂ հիմնախնդրին վերաբերող հարցեր։ Հավանաբար այդ համալիր հարցերը հաշվի են առնվում այս գործընթացում։ Հուսանք, որ այդ ամենը միջազգային կազմակերպությունների համապատասխան որոշումներով կլուծվի եւ կարդարացնի տարածաշրջանային բոլոր երկրների սպասումները»։ NEWS.am-ը ՌԴ արտգործնախարարության տեղեկատվության բաժնին հետեւյալ հարցն էր ուղարկել. «Նոյեմբերի 17-ի ճեպազրուցի ժամանակ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն հայտարարել էր այն մասին, որ Հայաստանը եւ Թուրքիան քննարկում են ղարաբաղյան հարցի կարգավորման թեման։ Արդյոք դա նշանակում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափն ընդլայնվել է, թե՞ այն պարզապես դադարել է աշխատել։ Ինչպե՞ս է Մոսկվան վերաբերում Թուրքիայի՝ ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում ներգրավելու հարցին»։ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, նոյեմբերի 18-ին ելույթ ունենալով Հայաստանի Ազգային ժողովում, հերքել է ղարաբաղյան հիմնախնդրի եւ հայ-թուրքական հարբերությունների կարգավորման՝ որեւէ կերպ միմյանց կապված լինելը։ «Մեկ անգամ չէ, որ մենք ասել ենք, թե դրանք երկու տարբեր գործընթացներ են, դրա մասին հայտարարել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաեւ աշխարհի մի շարք գերտերությունների ներկայացուցիչներ։ Իսկ եթե որեւէ երկրի ներկայացուցիչների կողմից հայտարարություններ են հնչում դրանց փոխկապակցված լինելու մասին, ապա դա պարզապես թյուրիմացություն է, այդ երկրների ոչ պաշտոնական դիրքորոշումը»,- հայտարարել է Նալբանդյանը։ Նա նաեւ հայտնել է, որ «պետք է սպասել ՌԴ արտգործնախարարության այլ հայտարարությունների, որոնք կրկին կհաստատեն այդ երկու գործընթացների անկախությունը»։ «Նոր հայտարարությունն» իրեն երկար սպասեցնել չտվեց։ Նրանում մասնավորապես նշված է. «Մոսկվայում ուշադություն դարձրեցին այն բանի վրա, որ Հայաստանի մի շարք ԶԼՄ-ներ աղմուկ են բարձրացրել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի՝ նոյեմբերի 17-ի ելույթի շուրջ։ Հավաստիացվում է, թե Մոսկվայում, իբրեւ թե, դիրքորոշումները փոխվել են, եւ այժմ ղարաբաղյան հիմնախնդիրը եւ հայ-թուրքական հարբերությունների կարգավորումը կապվում են միմյանց հետ։ Դա թյուրիմացություն է։ Ռուսաստանի տեսակետը մեկ անգամ չէ, որ պարզաբանվել է ՌԴ արտգործնախարար Ս. Լավրովի կողմից։ Այն անփոփոխ է մնում։ Խոսքը երկու տարբեր գործընթացների մասին է։ Մենք դրականորեն ենք վերաբերում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ փաստաթղթերի ստորագրմանը, որոնք հստակեցնում են կողմերի՝ հարաբերությունների կարգավորման առնչությամբ հետագա գործողությունները։ Համոզված ենք, որ բարիդրացիական կապերը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կնպաստեն Կովկասի խաղաղությանն ու անվտանգությանը։ Ինչ վերաբերում է ղարաբաղյան հիմնախնդրին, ապա չնայած պահպանվող տարաձայնություններին՝ կողմերին հաջողվել է որոշակի առաջընթաց գրանցել հիմնական սկզբունքների համաձայնեցման առնչությամբ։ Մենք այս գործընթացում մեր դերն ունենք, սակայն չենք կարող կողմերին որեւէ կարծիք պարտադրել։ Վերջնական ընտրության գլխավոր պատասխանատվությունը պետք է ընկած լինի հայերի եւ ադրբեջանցիների վրա։ Ռուսաստանը կսատարի այն տարբերակը, որ կբավարարի բոլոր կողմերին, իսկ փոխզիջումային պայմանավորվածության դեպքում հանդես կգա երաշխավորի դերում։ Հասկանալի է, որ կենսունակ կլինի խնդրի լուծման այն տարբերակը, որը թույլ կտա կայունություն եւ հանգստություն վերադարձնել Կովկասին»։

No comments: