Friday, November 20, 2009

Նաիրա Զոհրաբյան. «Արցախի անկախությունն այլընտրանք չունի, եւ վաղ թե ուշ դա պիտի ընդունվի բոլորի կողմից»

NEWS.am 20.11.2009 - Հայաստանի ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նոյեմբերի 20-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության դեսպան Լանս Գունար Ադենին: Հանդիպմանը ներկա էր Շվեդիայում Հայաստանի դեսպան Արա Այվազյանը: ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ Նաիրա Զոհրաբյանը կարեւորել է ԵՄ կարեւորագույն անդամ երկիր Շվեդիայի հետ հարաբերությունները, որը նաեւ «Արեւելյան գործընկերության» ձեւաչափի նախաձեռնողներից է, եւ հետագա համագործակցությունը: Անդրադառնալով ԵՄ «Արեւելյան գործընկերությանը», հանձնաժողովի նախագահը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը այդ ձեւաչափում նախանշված պլատֆորմների իրականացման գործում: Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է նաեւ, որ Շվեդիա կատարած այցի ընթացքում Շվեդիայի Ռիկստագում պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել խորհրդարանական բարեկամության խումբ, եւ առաջիկայում ՀՀ ԱԺ-ում կհյուրընկալվեն Շվեդիայի Ռիկստագի մի խումբ պատգամավորներ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ ասոցացման, ազատ առեւտրի համաձայնագրերի, ինչպես նաեւ ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման հետ կապված հարցեր: Կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանային խնդիրներ, Հայաստանում ժողովրդավարության հետագա ամրապնդմանն առնչվող հարցեր: Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, հանձնաժողովի նախագահը վերահաստատել է, որ Արցախի անկախությունն այլընտրանք չունի, եւ վաղ թե ուշ դա պիտի ընդունվի բոլորի կողմից:

No comments: