Friday, November 20, 2009

Հայկական հետքը Թուրքիայում. Թուրք ազգայնամոլները շարունակում են հետապնդումները

Tert.am 20.11.2009 - Թուրքիայի «Էրգենեկոն» ազգայնամոլների խմբի գործունեության և մասնակիցների աղմկահարույց դատաքննության արդյունքում պարզվել է, որ քաղաքացին, որը նախկինում աշխատում էր Թուրքիայի զինված ուժերում, մանրակրկիտ տեղեկատվություն է հավաքել Թուրքիայում բնակվող հայերի մասին։ Ինչպես հաղորդում է թուրքական Today's Zaman–ը, քննիչները պարզել են, որ Ֆաթմա Չինգիզը, ով ներկայումս անցնում է վերոնշյալ գործով, բազմաթիվ դոսյեներ է հավաքել Թուրքիայի հայկական համայնքի մասին։ Նշենք, որ փաստաթղթերի մեջ ընդգրկված էին նաև երկլեզու հայկական «Ագօս» շաբաթաթերթի բաժանորդների անունները։ Ի հավելումն նշենք, որ, բացի այդ, հավաքված դոսյեներում ընդգրկված էր նաև հայկական հիմնադրամների և եկեղեցիների անվանումների ցանկը, որոնք դասակարգվել էին որպես ակտիվ կամ ոչ ակտիվ, ինչպես նաև «Ագօսի» բալանսային հաշիվները։ Որոշ աղբյուրների համաձայն՝ Չինգիզը հավաքել է նաև ակադեմիկոսների, գրողների և լրագրողների անունները, որոնք 2005թ. սեպտեմբերի 24-25-ը Ստամբուլի Բիլգի համալսարանում մասնակցել են «Օսմանյան հայերը կայսրության անկման օրոք. գիտական պատասխանատվության և ժողովրդավարության խնդիրները» երկօրյա գիտաժողովին։ Գիտաժողովի ընթացքում բացահայտորեն քննարկվել է Հայոց ցեղասպանության փաստը։ Փաստաթղթերում, որոնք պատկանում են Չինգիզին, նշված են մի քանի հայտնի մարդկանց անուններ՝ տարբեր գրություններով։ Օրինակ՝ Հալիլ Բերքթայ՝ պրոֆեսոր, «նա հրապարակավ հայտարարել է հայերի սպանդի մասին», Քազիմ Աքինչի՝ «ծպտյալ հայ, նա դիմել էր դատարան Դինքի սպանությունից հետո իր կրոնը փոխելու համար», Էչե Թեմելքուրան՝ «նա ասել է, որ եթե ինչ-որ մի բան պատահի իրեն, պատասխանատու է վարչապետը, նա ավարտել է Անկարայի իրավաբանական ֆակուլտետը», Հերքյուլ Միլասը՝ «նա հայ չէ», Սևան Նշանյան՝ ««Թարաֆ»-ի հեղինակներից մեկը, հավանաբար՝ «Ագօսից», ենթակա է հետաքննության», Մարգար Եսայան՝ ««Թարաֆ»-ի հեղինակներից մեկը, վերջինիս մասին տեղեկությունը հավաքվում է Էթյեն Մահչուփյանի մասին տեղեկությունների հետ», Այթաջ Իլհան՝ «հավանաբար, Իգդիրի համալսարանի ուսանող, ենթակա է հետաքննության, նա դիմել է կրոնափոխության»։ Փաստաթղթերում նշված են եղել նաև Բաշկին Օրանի, Ադալեթ Աղաօղլուի և Էլիֆ Շաֆակի անունները։

No comments: