Friday, November 20, 2009

ԽՈՍՔՆ ԱՐԴԵՆ ՊՈԼԻՏԲՅՈՒՐՈՅԻՑ

Lragir.am 20.11.2009 - “Բոլորը պետք է հավասար լինեն օրենքի առջեւ, անկախ նրանից, թե ինչ պաշտոնական դիրք են նրանք զբաղեցնում, ինչ կուտակած եկամուտներ կամ հարստություն ունեն: Այս խնդիրը լինելու է մեր ուշադրության կենտրոնում: Առաջին հերթին այս խնդիրը վերաբերում է խոշոր բիզնեսին: Հասարակության մեջ իր նկատմամբ վստահությունը վերագտնելու համար խոշոր բիզնեսի ճանապարհը թափանցիկ աշխատելն է: Խոշոր բիզնեսի համար արժանապատվության խնդիր պետք է լինի հարկային պարտավորությունների կատարումը”: Սա հատված է վարչապետ Տիգրան Սարգսյանի նոյեմբերի 18-ին ԱԺ-ում ունեցած ելույթից: Թվում է, թե այդ հատվածի մեջ որեւէ յուրահատուկ բան չկա, քանի որ Տիգրան Սարգսյանը մեկուկես տարվա ընթացքում նման ելույթներ շատ է ունեցել: Բայց այս մեկը յուրահատուկ է նրանով, որ Տիգրան Սարգսյանն ունեցել է Հանրապետական կուսակցությանն անդամակցելուց անմիջապես հետո: Տիգրան Սարգսյանի այդ ելույթը շատերի համար հիմք հանդիսացավ պնդելու, որ ոչ թե Տիգրան Սարգսյանն է փոխվել ու մտել ՀՀԿ, կամ մտել ՀՀԿ ու փոխվելու է, այլ նրա մտնելով ՀՀԿ-ն է փոխվելու: Այսինքն, վարչապետը շարունակում է մնալ բերաշրջողի կերպարի մեջ եւ արդեն ներսից է բարեշրջելու համակարգը: Այլ կերպ ասած, ստացվում է, որ Տիգրան Սարգսյանը ՀՀԿ մեջ ներդրված ական է: Բայց դա իհարկե չափազանցված պատկերացում է: Տիգրան Սարգսյանը ոչ թե ական է, այլ ՀՀԿ-ական է: Դրանով թերեւս ամեն ինչ ասված է, ու երեւի թե իմաստ էլ չունի, որ նա ունենա վերը նշված ոգով ելույթներ, քանի որ դրանք արդեն վարկաբեկում են խոսք հասկացությունը: Տիգրան Սարգսյանը մեկուկես տարի ժամանակ ուներ իր ելույթների գոնե տասը տոկոսն իրականության վերածելու համար, բայց այդ մեկուկես տարվա ամբողջ արդյունքը եղավ այն, որ նա ի վերջո գնաց ու դարձավ Հանրապետական կուսակցության անդամ: Միգուցե Սարգսյանը մտածում է, որ ներսից շատ ավելի հեշտ կլինի փոխել ՀՀԿ-ն: Բայց ուրեմն թող բացահայտ հայտարարի իր որոշման այդ դրդապատճառի մասին, որ հասարակությունն էլ նրան թեւ ու թիկունք լինի: Ավելին, եթե Տիգրան Սարգսյանը հայտարարի, որ մտել է ՀՀԿ-ն ներսից ավելի արագ եւ արդյունավետ բարեփոխելու, ապա գուցե հասարակությունն էլ նրա հետեւից հոծ խմբերով կանդամագրվի Հանրապետական կուսակցությանը, որ Տիգրան Սարգսյանին հենց ներսից էլ օգնեն ու թիկունք լինեն: Թե չէ միշտ էլ կարելի է որեւէ ամբիոնից ասել, որ բոլորը պետք է օրենքի առաջ հավասար լինեն: Իսկ կա արդյոք իշխանության մեջ մեկը, որը հակառակն է ասել: Իհարկե չկա: Գուցե ոմանք կասեն, թե բայց չկա նաեւ մարդ, որը միշտ, հետեւողականորեն խոսել է օրենքի առաջ հավասար լինելու անհրաժեշտության մասին: Բայց դա փաստարկ չէ, որովհետեւ խոսելու ժամանակը վաղուց անցել է եւ պետք է գործ անել: Սակայն հասկանալի է նաեւ, որ Տիգրան Սարգսյանը այն գործիչը չէ, որ կարողանա պայքարել օլիգարխիայի դեմ, պայքարել մենատիրության եւ օրենքի առաջ արտոնյալների խավի դեմ: Նա չի կարող այդ բանն անել առանց Սերժ Սարգսյանի կամքի, իսկ եթե Սերժ Սարգսյանն էլ ունենար այդ կամքը, կաներ առանց Տիգրան Սարգսյանի էլ: Պարզապես հասարակությունը լավ գիտե, թե ովքեր են այդ կուսակցության “պոլիտբյուրոյի” անդամները: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: