Friday, November 20, 2009

Ռուսաստանի դեսպան. Հայ-թուրքական եվ ղարաբաղյան գործընթացները ոչ մի կերպ չեն հատվում

Panorama.am 19.11.2009 - Ռուսաստանի դիրքորոշումն անփոփոխ է` հայ-թուրքական և ղարաբաղյան կարգավորման գործընթացները փոխկապակցված չեն: Այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն: «Անդրեյ Նեստերենկոյի հայտարարության առնչությամբ առաջ եկած խառնաշփոթի հետ կապված կցանկանայի հայտարարել, որ Ռուսաստանի դիրքորոշումը եղել և մնում է անփոփոխ. հայ-թուրքական երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի կարգավորման հետ չի հատվում»,- «Արմինֆո» գործակալության հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի դեսպանը: Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Անդրեյ Նեստերենկոն օրերս հայտարարել էր, թե իր տեղեկություններով «Երևան-Անկարա առանցքի բանակցային գործընթացի ժամանակ բարձրացվել են նաև Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցեր»: Վյաչեսլավ Կովալենկոյի խոսքով, Ռուսաստանը Հաաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները բնականոնացնելու և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնախնդիրները համարում է միանգամայն տարբեր գործընթացներ: Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի այս դիրքորոշումը ներկայացվել է ամենաբարձր մակարդակներով, այդ թվում` արտգործնախարար Սերգեյ Լավրովի կողմից: Դեսպանը վերստին կրկնել է, որ պաշտոնական Մոսկվան ողջունում է հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման փաստը, որոնք երկկողմ հարաբերությունները կարգավորելու ուղի են բացում: «Արձանագրությունների վավերացումը, իսկ մենք ուզում ենք, որ դա տեղի ունենա հնարավորինս արագ, ընդհանուր առմամբ կառողջացնի տարածաշրջանի մթնոլորտը և, իհարկե, կնպաստի տարածաշրջանում առկա բոլոր հիմնախնդիրների լուծմանը»,- նշել է ռուս դիվանագետը:

No comments: