Saturday, November 21, 2009

Արման Մելիքյան. «Ալիեւի ռազմատենչ հայտարարությունները Հայաստանի վրա ճնշում գործադրելու փորձեր են»

NEWS.am 21.11.2009 - «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ կայանալիք հանդիպման նախաշեմին Իլհամ Ալիեւի կողմից արված ռազմատենչ հայտարարությունները Հայաստանի վրա ճնշում գործադրելու փորձեր են, իսկ դա նաեւ նշանակում է, որ Ադրբեջանը ինչ-ինչ մտահոգություններ ունի. դրանք, թերեւս, կարող են պայմանավորված լինել հայ-թուրքական հարբերությունների կարգավորման հարցի հետ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը։ Նշելով, որ սա ադրբեջանական կողմի հերթական քայլերից մեկն է, նա ընդգծեց, որ երկու նախագահների հանդիպման կարիքն, անշուշտ, կա, եւ հենց դրա արդյունքում է, որ պետք է հայկական կողմը, հատկապես այս անգամ, արտահայտի իր կոշտ դիքորոշումը։ «Ես քանիցս ասել եմ, որ բանակցային գործընթացի տրամաբանությունը խեղված է եղել եւ երբեք չի նպաստել հարցի կարգավորմանը։ Առաջվա նման կողմերի դիրքորոշումներն անհամատեղելի են, եւ եթե ընդհանուր տրամաբանությունը չփոխվի, դժվար կլինի հասնել շոշափելի արդյունքների»,- ընդգծեց Ա. Մելիքյանը: Նա նաեւ նշեց, որ գործընթացն առավել բարդացնում են Մադրիդյան սկզբունքները, որոնք անիրականանալի դրույթներ են պարունակում իրենց մեջ եւ հիմնախնդրի լուծման պոտենցիալ չունեն: Ա. Մելիքյանի ներկայացմամբ, «հարցը պետք է դնել իրատեսական հիմքերի վրա՝ հիմնախնդիրը քննարկելով ոչ թե պատերազմ սկսելու պահից, այլ ադրբեջանցիների կողմից հայերի էթնիկ զտումներ իրականացնելու պահից՝ առնվազն 88թ. փետրվարից»: «Խորհրդային տարիներից սկսած՝ Ադրբեջանի քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել. Ե'ւ այն տարիներին ե'ւ հիմա այդ երկիրը փորձում է Հայաստանի հետ ունեցած խնդիրները լուծել բռնի ուժով»,-եզրափակեց նա։

No comments: