Monday, November 9, 2009

Սահմանվել է մուտքի արտոնագիր ստանալու գրավիչ դրույքաչափ

Aysor.am 9-11-2009- Պետական տուրքի դրույքաչափերը 2009 թ. հունիսի 6-ից, բացի 120 օր տևողությամբ և 15 հզ. դրամ պետական տուրքի դրույքաչափ ունեցող մուտքի արտոնագրից, սահմանվել է նաև 21 օր տևողությամբ և 3000 դրամ պետական տուրքի դրույքաչափ ունեցող մուտքի արտոնագիր: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, սա էապես կարող է նպաստել Հայաստանի զբոսաշրջային արդյունքի մրցունակության բարձրացմանը ոչ միայն գումարային առումով, այլև, զբոսաշրջային օպերատորների հավաստմամբ և պնդմամբ, դա դրականորեն է ազդում զբոսաշրջային փաթեթի մրցունակ գին ձևավորելու վրա: «Բացի այդ ֆինանսական ցուցանիշից, կա հետևյալ խնդիրը. երբ զբոսաշրջիկը իր հանգիստը կազմակերպելուց առաջ ուսումնասիրում է տարբեր երկրների առաջարկները, բնական է, նայում է նաև ինչ վիզային քաղաքականություն կա և մուտքի վիզան ինչ արժի: Դրանից նաև դատողություն է անում երկրում գործող գների վերաբերյալ: Այսինքն բարձր դրույքաչափ ունեցող մուտքի արտոնագիրը նրա մոտ ասոցիացվում է տվյալ երկրում ծառայությունների և ապրանքների բարձր գների հետ»,- պարզաբանեց Մ. Ապրեսյանը: Նրա կարծիքով, այս` 3000 դրամ պետական տուրքի դրույքաչափ ունեցող մուտքի արտոնագիրն ինչ-որ չափով նաև այդ խնդիրն է լուծում:

No comments: