Friday, November 20, 2009

Սամվել Կարապետյան. Թբիլիսիում փլուզված հայկական եկեղեցին վերականգնելը անհնարին է

NEWS.am 20.11.2009 - «Այն, ինչ Թբիլիսիի Մուղնեցոց Սուրբ Գեւորգ եկեղեցու հետ տեղի ունեցավ նախօրեին, ամենեւին անսպասելի չէր, անգամ զարմանալի էր, թե ինչպե՞ս է այդ եկեղեցին կանգուն մնում նման մեծ ճաքերով. դրա փլուզումն սպասվում էր ամեն օր»,- նոյեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հասարակական կազմակերպության նախագահ Սամվել Կարապետյանը։ Նշելով, որ փլուզված եկեղեցին վերականգնելը գործնականում այլեւս անհնարին է, նա, որպես դրա պատճառ, նշեց հուշարձանի աղյուսաշեն, եւ ոչ քարաշեն լինելու փաստը։ Ս. Կարապետյանը տեղեկացրեց նաեւ, որ Թբիլիսիի փլուզված Սուրբ Գեւորգ եկեղեցուց ոչ շատ հեռու գտնվող հայկական մեկ այլ եկեղեցի՝ Սուրբ Նիկողայոսը, վիրահայության անտարբեր եւ անհետեւողական վերաբերմունքի արդյունքում վեր է ածվել հասարակական զուգարանի: «Ցավալի է, բայց փաստ, որ ժողովուրդն իր մշակութային ժառանգության կրողը չէ. սա իսկապես մեծ խնդիր է»,- նշեց նա։ NEWS.am-ի թղթակցի հարցին, թե նա հնարավոր համարո՞ւմ է, որ դեպքի առնչությամբ հայկական կողմը Վրաստանին կհայտնի իր դժգոհությունը, Սամվել Կարապետյանը պատասխանեց. «Հաստատ ոչինչ ասել չեմ կարող, բայց կարծում եմ՝ ոչ»: Անդրադառնալով օրեր առաջ Day Az կայքում հայտնված լուսանկարներին, որոնք, իբրեւ թե, պատկերում էին Աղդամում հայերի կողմից ավերված ադրբեջանական «շուրջ 200 տարվա պատմություն ունեցող գերեզմանաքարերը», Ս. Կարապետյանը տեղեկացրեց, որ դրանք Ադդամի մերձակա գյուղերից մեկի՝ ընդամենը Խորհրդային շրջանի շիրմաքարեր են, ինչի վկայությունը ռուսատառ մակագրություններն են. «Այդ գերեզմանաքարերից ամենահինը 1950թ. է։ Ցավալի է, սակայն, որ ադրբեջանցիներն իրենք, ոչնչացնելով հայկական հարյուրամյա հուշարձանները, բարձրաձայնում են մեծամասամբ անվնաս մնացած եւ միայն մեկ-երկու, համեմատաբար վատ վիճակում գտնվող գերեզմանաքարերի մասին, որոնց այդ վիճակում լինելը պայմանավորված է բնական գործոնների ազդեցությամբ»,- ընդգծեց մասնագետը։ Հիշեցնելով, որ Նախիջեւանի ողջ տարածքում 28 հայկական եկեղեցիներ ու վանքեր են եղել, Ս. Կարապետյանն ընդգծեց, որ այսօր «դրանց հետքն անգամ չկա»: «Վիճակն անմխիթար է նաեւ Հայաստանի տարածքում գտնվող որոշ հուշարձանների հարցում։ Հաջորդ տարվանից, սակայն, դրանցից առավել վատ վիճակում գտնվող 26-ը, այդ թվում՝ Դսեղի Քառասնինը մանկանց, Թալինի Կաթողիկե եկեղեցիները, Կրասարի կամուրջը եւ այլ հուշարձաններ, ՀՀ մշակույթի նախարարության ջանքերով կվերականգնվեն»,- եզրափակեց նա։

No comments: