Tuesday, November 10, 2009

Երևանը կարեվորում է եվրոպական ուղղությունը

Panorama.am 09.11.2009 - Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ կարևորվում է եվրոպական ուղղությունը: Նախագահի մամլո ծառայության հաղորդմամբ, այս մասին այսօր ևս մեկ անգամ հայտնել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը` հունգարացի պաշտոնակից Լասլո Շոյոմի հետ կայացած հանդիպման ժամանակ: Հայաստանի և Հունգարիայի նախագահները կարևորել են երկու երկրների միջև գործակցության հետագա խորացումը ինչպես միջազգային կազմակերպությունների, այնպես էլ բազմակողմ այլ ձևաչափերում, մասնավորապես, Եվրամիության Արևելյան քաղաքականության շրջանակում: Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը, որպես առաաջնահերթություն, կարևորում է իր քաղաքականության եվրոպական ուղղությունը և Արևելյան գործընկերության քաղաքականությունը դիտում է որպես նոր հնարավորություն` խորացնելու իր հարաբերությունները ինչպես Եվրամիության, այնպես էլ ԵՄ-ի անդամ առանձին երկրների հետ: Հունգարիայի Նախագահն, իր հերթին, նշել է, որ իր երկիրն ուշիուշով է հետևում Եվրոպական նոր հարևանության քաղաքականության և Արևելյան գործընկերության շրջանակում Հայաստանի գործողությունների ծրագրի ու այդ համատեքստում իրականացվող բարեփոխումների առաջընթացին: Լասլո Շոյոմն ընդգծել է, որը 2011 թվականին Եվրամիությունում իր նախագահության ընթացքում Արևելյան քաղաքականությունը լինելու է Հունգարիայի առաջնահերթություններից մեկը: Տեղեկացնենք, որ Հունգարիան` Չեխիայի և Լեհաստանի հետ համատեղ, արևելաեվրոպական երկրներից առաջինն էր, որ հաջողությամբ ինտեգրվեց եվրաատլանտյան կառույցներին: Ներկայումս նախկին սոցիալիստական այս հանրապետությունն իր անցած ուղով օրինակ է ծառայում ոչ միայն նախկին խորհրդային հանրապետությունների, այլև` իր հարևան երկրների համար: Հիշեցնենք, որ Արևելյան գործընկերություն ծրագիրն իրականացվում է Եվրամիության կողմից: Ծրագրում ընդգրկված են նախկին խորհրդային վեց պետություններ` Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ուկրաինան ու Մոլդովան: Ծրագրի նպատակն է մի շարք ոլորտներում խորացնել Եվրամիության հետ հարաբերություններն ու դյուարցնել համագործակցության մեխանիզմները: Ծրագիրը մեկնարկել է այս տարվա մայիսին` Չեխիայի մայրաքաղաքում կայացած գագաթաժողովի ժամանակ:

No comments: