Tuesday, November 10, 2009

Պ.Սեմնեբի. « Հարավային Կովկասի երկրները խոցելի են»

Aysor.am 10.11.2009 - Վաղը Ժնևում տեղի կունենա Կովկասում անվտանգության վերաբերյալ բանակցությունների նոր փուլը: Այդ կապակցությամբ «Կոմերսանտ» պարբերականի թղթակից Օլգա Ալլենովան հարց է ուղղել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին: Արծարծվող թեմաներից են եղել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և հայ-թուրքական հարաբերությունների ներկա իրավիճակին առնչվող հարցերը: Թղթակիցը նաև փորձել է պարզել, թե ի՞նչն է անհանգստացնում ԵՄ-ը այսօր տարածաշրջանում և ինչպե՞ս Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումը կարող է ազդել ԼՂ հիմնախնդրի կարգավորման վրա: Պտասխանելով հարցին, թե արդյո՞ք Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը կարող է բացվել նախքան ԼՂ հիմնախնդրի հանգուցալուծումը` Պ. Սեմնեբին ասել է. «Լավ է, որ հայ-թուրքական բանակցությունների գործընթացը առաջ է շարժվել մեռյալ կետից: Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի բացումը կարող է դառնալ առաջին քայլը` ուղղված ոչ նորմալ իրավիճակի հաղթահարմանը, երբ տարածաշրջանի սահմաններից երեքը փակ են` Հայաստանի և Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի և Ռուսաստանի ու Վրաստանի միջև: Դա խոչընդոտում է տարածաշրջանի նորմալ զարգացմանը: Այսօր հայ-թուրքական հարաբերությունները մոտեցել են այն սահմանագծին, որին կարող է առաջընթաց հաջորդել: Վավերացման գործընթացը, իհարկե, բարդ է լինելու: Սակայն դա բխում է Հայաստանի և Թուրքիայի շահերից: Եվ ես վստահ եմ, որ ապագայում դա նաև բխում է Ադրբեջանի շահերից, քանի որ նա նույնպես շահարգրգիռ է տարածաշրջանում սահմանների բացման հարցում: Վրաստանում պատերազմը ցույց տվեց, որ Հարավային Կովկասի երկրները խոցելի են: Եվ այդ խոցելիությունը հնարավոր է վերացնել` միայն լուծելով այդ հարցերը: Վստահ եմ, որ Հայաստանի ղեկավարություննել է այդպես մտածում: Եվ որ Ղարաբաղի ներկայիս ստատուս-քվոն ձեռնտու չէ Հայաստանին. նա չի կարող հավերժ մնալ անորոշ վիճակում: Որպեսզի այս ամենը հաջողվի, Կովկասում ավելի շատ վստահություն է պետք: Իսկ դրա համար պետք է երրորդ կողմերի ակտիվությունը, ինչպիսիք են ԵՄ-ն կամ Ռուսաստանը: Հուսով եմ, որ մեզ կհաջողվի ապահովել երկխոսությունը»: «Կոմերսանտի» թղթակիցը նշել է, որ Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչումից հետո «նախադեպ է ստեղծվել, ինչը բարդացնում է ԼՂ հիմնախնդրի հանգուցալուծումը այնպես, ինչպես դա կցանկանար ԵՄ-ն»: Դիտարկմանն ի պատասխան Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչն ասել է, որ «պետք չէ չափազանցնել այս կոնֆլիկտների միջև եղած կապը»: «Իհարկե, մեզ համար խնդրահարույց է և անընդունելի, որ Ռուսաստանը ճանաչել է այդ տարծքները: Եվ առջևում դեռ բարդ խոսակցություններ են սպասվում ` նաև ՌԴ-ի հետ, այդ թեմայի շուրջ: Սակայն, մենք ունենք ընդհանուր առաջնայնություններ այլ ուղղություններով, և Վրաստանի հարցում մեր և Ռուսաստանի տարաձայնությունները չպետք է խոչընդոտեն այլ կոնֆլիկտների հաղթահարման հարցում մեր աշխատանքներին», - նշել է Պիտեր Սեմնեբին:

No comments: