Thursday, December 3, 2009

Բաքվում հայկական ջարդերի 20-րդ տարելիցի առթիվ փաստավավերագրական ֆիլմեր են նկարահանվում

Panorama.am. 3-12-2009- ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի աջակցությամբ իրականացվում է մի ծրագիր, որի շրջանակում նկարահանվում են փաստավավերագրական ֆիլմեր Հայոց Ցեղասպանության, զանգվածային բռնությունների, 1988-1992 թվականներին ներկայիս Ադրբեջանի և ԼՂ տարածքում իրականացված հայերի ջարդերի ու բռնի տեղահանումների փաստերի մասին: Ինչպես հայտնեց ծրագրի ղեկավար, լրագրող Մարինա Գրիգորյանը, նախատեսվում է նկարահանել ու տարածել ֆիլմեր Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում Հայոց ցեղասպանության, «Օղակ» օպերացիայի, Խոջալուի իրադարձությունների, ինչպես նաև Ղարաբաղյան շարժման ընթացքում ռազմական գերիների ու պատանդների ճակատագրի մասին: Նախատեսվում է նաև նկարել Ադրբեջանի տարածքում հայկական պատմամշակութային հուշակոթողների նկատմամբ իրականցված էթնոցիդի քաղաքականության, Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի կուրսերիի ընթացքում հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության մասին պատմող ֆիլմեր: Բոլոր ֆիլմերը հիմնված են լինելու փաստերի, արխիվային տեսանյութերի ու լուսանկարների, ականատեսների վկայությունների ու մամուլի հրապարակումների վրա: Նախատեսվում է ֆիլմերը թարգմանել ռուսերեն և անգլերեն լեզուներով, դրանք կցուցադրվեն տարբեր հեռուստաընկերություններով, այդ թվում արտասհմանյան: Դրանք կտարածվեն ինտերնետի ու սկավառակների միջոցով: Առաջին ֆիլմը, որի պատրաստման աշխատանքներն ընթացքում են, նվիրված է լինելու 1990 թ. հունվարի 13-19-ը Բաքվում հայերի Ցեղասպանությանն ու վտարմանը: Ֆիլմի պրեմիերան կկայանա հաջորդ տարի՝ Ադրբեջանում հայերի ողբերգության 20-րդ տարելիցի օրերին:

No comments: