Thursday, December 3, 2009

«ԻՆՉՔԱՆ ԿԱՐՈՂԱՆՈւՄ ԵՆՔ, ԱՅՆՔԱՆ ԵՆՔ ԱՆՈւՄ»-Ն ԱՅՍ ԴԵՊՔՈւՄ ԱՐԴԱՐԱՑՈւՄ ՉԷ

Report.am. 3-12-2009- Ժամանակ առ ժամանակ մենք բարձրաձայնում ենք, թե Նախիջևանում, Ջուղայում, Վրաստանում կամ այլուր մեր պատմամշակութային հուշարձանների հանդեպ Սպիտակ ցեղասպանություն է իրականացվում: Իսկ ինչպե՞ս բնորոշենք սեփական երկրում գտնվող հուշարձանների հանդեպ ոլորտի պատասխանատուների անտարբերությունը... Այսօր «Հայացք» ակումբի բանախոսներից լրագրողներն ակնկալում էին ստանալ հստակ և կոնկրետ պատասխաններ մի շարք հուզող հարցերի վերաբերյալ: Ցավոք, մեզ համարյա թե չհաջողվեց, քանի որ ՀՀ մշակույթի նախարարության պատմամշակութային արգելոց թանգարանի և պատմական միջավայրի պահպանության ծառայության տնօրեն Սերժիկ Առաքելյանը կա'մ չէր պատասխանում հարցին, կա'մ շեղվում և հեռանում էր հարցից` խնդրելով իրեն չընդատել, կա'մ էլ ընդամենը տեղեկացնում էր, որ հարցի պատասխանը կարելի է կարդալ մշակույթի նախարարության կայքէջում: Իսկ մյուս բանախոսը` պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության հուշարձանների վերականգնման բաժնի պետ Դորվարդ Առուշանյանը «բարի գտնվեց» լրագրողների հանդեպ` դիտարկումներին ի պատասխան ասելով, որ սխալներ լինում են, և ոչ ոք ապահովագրված չէ դրանցից: Հիշեցնենք, որ այս տարի Վերահսկիչ պալատը ուսումնասիրել էր մշակույթի նախարարության` 2007-2008 թթ պետական բյուջեից ստացված միջոցների օգտագործման և պետական գույքի կառավարման վերահսկողության արդյունավետությունը և եզրակացության հանգել. միլիոնների հասնող խախտումների շարքում 118.5 մլն դրամ հուշարձանների վերականգնման ծրագրի շրջանակներում է փոշիացվել: Ոլորտի պատասխանատուներից Սերժիկ Առաքելյանը նշեց, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում կա 24.250 գրանցված հուշարձան, որոնք պահպանվում են տարբեր սուբյեկտների կողմից: Բացի այդ, Հայաստանում կա պետական սեփականություն համարվող 18.000 հուշարձան, որոնք ենթակա չեն օտարման: 2010 թվականի համար մշակույթի նախարարությունը նախատեսում է 210-220 միլիոն դրամի առաջարկ ներկայացնել կառավարություն` հուշարձանների վերականգնման աշխատանքներ իրականացնելու համար: Իսկ թե ինչու մեր հազարավոր հուշարձանները ոչնչացման վտանգի տակ են, ոլորտի պատասխանատուները հազար ու մի պատճառ կարող են բերել, իսկ վերջում` արդարանալ. «Ոչ ոք հուշարձանները վնասելու ցանկություն չունի. ինչքան կարողանում ենք, այնքան ենք անում»,- հայտարարեց Դորվարդ Առուշանյանը: ՍԻՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

No comments: