Thursday, December 3, 2009

Ադրբեջանի արտահանման ծավալները կրճատվել են 4 անգամ

Aysor.am. 3-12-2009- Ադրբեջանի կենտրոնական բանկը հայտարարել է, որ ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ի դրությամբ Ադրբեջանի դրամական բազան նվազել է 15,1%-ով, այն դեպքում, երբ 2008թ-ին` նախորդ տարվա համեմատությամբ, երկրի դրամական բազան ավելացել էր 44,27%-ով: Ինչպես գրում է abc.az-ը, նման զգալի անկումը զարմանալի չէ` ֆինանսատնտեսական ճգնաժամը չէր կարող շրջանցել Ադրբեջանին, որի տնտեսության հիմքը նավթի արտահանումն է: Իսկ վերջինիս գինը ընթացիկ տարում զգալիորեն ցածր էր նախորդ տարվա համեմատությամբ: Ըստ Ադրբեջանի ԿԲ-ի, երկրի բանկային պահուստների մակարդակը տարեսկզբից կրճատվել է 46,2%-ով` 2008թ-ի` 28.7%-ի համեմատությամբ: Ադրբեջանի արտահանման ծավալները ևս ընթացիկ տարվա 10 ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ, նվազել են 4 անգամ` 34,4 մլրդ դոլարից հասնելով 11,5 մլրդ դոլարի: Ընդհանուր առմամբ, ինչպես հաղորդում է «Թուրան» գործակալությունը` հղում կատարելով երկրի մաքսային կոմիտեին, արտաքին առևտրաշրջանառությունը հունվար-հոկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա համարժեք ժամանակաշրջանի համեմատությամբ, կրճատվել է ավելի քան 3 անգամ: Նույն աղբյուրի համաձայն, երկրի արտաքին առևտրաշրջանառությունը անցած 10 ամիսներին կազմել է 51,8 մլրդ դոլար, անկումը` 68,2%: Առևտրաշրջանառության ծավալների նվազման ցուցանիշներում առյուծի բաժինը Ադրբեջանին է:

No comments: