Thursday, December 3, 2009

Ադրբեջանը չորս անգամ ավելացրել է ռազմական տեխնիկայի արտադրությունը

News.am. 3-12-2009- Ընթացիկ տարվա սկզբից Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության ձեռնարկություններում արտադրվել է զինամթերք եւ ռազմական տեխնիկա 4 անգամ ավելի շատ, քան անցած տարի: Նման տվյալներ է հրապարակել դեկտեմբերի 2-ին Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը, հաղորդում է ադրբեջանական պետական «Ազերթաջ» գործակալությունը: Նրա խոսքով, երկրում պաշտպանական արդյունաբերության նախարարության հիմնումից հետո այդ գերատեսչության ենթակայության տակ գտնվող եւ 133 հազար 600 քմ տարածք զբաղեցնող 21 ձեռնարկություններում արտադրվում է ավելի քան 350 անուն պաշտպանական տեխնիկա: Վերջերս հրապարակվել է նաեւ պաշտպանական ծախսերին տրամադրվող միջոցների ծավալը: Ադրբեջանի պետբյուջեում 2010թ. պաշտպանական ծախսերը կազմել են 1 միլիարդ 205 մլն 827 հազար 744 մանաթ, որից 1 մլրդ 120 մլն 991 հազար 187 մանաթը նախատեսված է պաշտպանական ուժերի, 2 մլն 384 հազար 763 մանաթը՝ պաշտպանական արդյունաբերության նախարարությանը: Առաջին անգամ 2010թ. Ադրբեջանը միջոցներ չի տրամադրելու ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» եւ Անհատական համագործակցության ծրագրի շրջանակներում անցկացվող միջոցառումներին, այն դեպքում, երբ 2009թ. այդ նպատակով նախատեսված էր 1 մլն 378 հազար 490 մանաթ: Բացի այդ, ինչպես գրում է «Էխո» թերթը, Ադրբեջանը, Թուրքիան եւ Իսրայելը մտադիր են զրահամեքենաների համատեղ արտադրություն սկսել: Կառավարության տարածած հաղորդագրության մեջ այդ կապակցությամբ գրված է, թե ներկայումս Ադրբեջանը բանակցություններ է վարում երկու թուրքական եւ մեկ իսրայելական ընկերությունների հետ, եւ առաջիկայում նախատեսված է համաձայնագիր ստորագրել: Նախատեսվում է զինանոցից հանված T-54 եւ T-55 թրթուրավոր զրահատեխնիկայի բազայի վրա ինքնագնաց կամուրջների եւ զրահապատ ռազմական բեռնատար տեխնիկայի արտադրություն: Ջամալովը նաեւ հայտարարել է, թե նախարարությունը մտադիր է սկսել սեփական անօդաչու թռչող սարքերի, ՀԱՀ-ի հետ համատեղ՝ զրահամեքենաների, հրազենի, էլեկտրոնիկայի եւ գիշերային դիտման սարքերի, տանկերի զինամթերքի եւ հրետանու արտադրոթյուն: Պակիստանյան տեխնոլոգիաները թույլ կտան Ադրբեջանին ավիացիոն ռումբերի արտադրություն սկսել: Պարբերականի տվյալներով, 2009թ. մարտին թուրքական Roketsan եւ Ադրբեջանի ՊՆ Iqlim ձեռնարկության միջեւ համաձայնություն է ձեռք բերվել 107 եւ 122 մմ տրամաչափի հրթիռային համակարգերի համատեղ արտադրության մասին: Դետալները արտադրվում են Ադրբեջանում, իսկ համակարգերը՝ Թուրքիայում: Բացի այդ, բանակցություններ են վարվում թուրքական Аselsan ընկերության հետ հրազենի, գիշերային դիտման սարքերի, էլեկտրոնային տեխնիկայի արտադրություն սկսելու համար:

No comments: