Friday, December 4, 2009

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հայ-թուրքական Արձանագրությունների շուտափույթ վավերացման հույս ունի

/PanARMENIAN.Net/ 03.12.2009 - Աթենք կատարած այցի շրջանակներում Հայաստանի արգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոյի հետ: Զրուցակիցները քննարկեցին ԵԱՀԿ գործունեության տարբեր ոլորտներին առնչվող հարցեր, մտքեր փոխանակեցին կազմակերպության բարեփոխումների շուրջ: Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է ԵԱՀԿ դերը Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության ապահովման գործում, եւ շարունակելու է գործուն մասնակցությունը կազմակերպության գործունեության բոլոր հարթություններում: ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի խնդրանքով Հայաստանի ԱԳ նախարարը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններում գրանցված դրական դինամիկան, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մյունխենյան հանդիպման արդյունքները: Տարածաշրջանային հարցերի քննարկման ժամանակ անդրադարձ արվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը իր աջակցությունը հայտնեց այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերին` հույս հայտնելով, որ ստորագրված արձանագրությունները շուտով կվավերացվեն ու հնարավոր կլինի անցնել պայմանավորվածությունների իրագործմանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

No comments: