Friday, December 4, 2009

ԱԺ նախագահ. ԼՂ խնդրի խաղաղ, բանակցային ճանապարհով լուծումը այլընտրանք չունի

News.am. 3-12-2009- Հայաստանը կարեւորում է Կորեայի Հանրապետության մոտեցումները ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում եւ հույս ունի, որ Հարավային Կորեան կպահպանի իր հավասարակշիռ դիրքորոշումը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ դեկտեմբերի 3-ին Սեուլում Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Կիմ Հյունգ Օի հետ հանդիպմանը: ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի խորհրդարանի նախագահը նշել է, թե Կորեան մշտապես ցուցաբերել է անկողմնակալ դիրքորոշում ՄԱԿ-ում Լեռնային Ղարաբաղի շուրջ քննարկումների ժամանակ` «ձեռնպահ» քվեարկելով Ադրբեջանի կողմից արված առաջարկություններին: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ հայկական կողմը կիսում է Կորեայի մտահոգությունը տարածաշրջանում անվտանգության, կայունության հաստատման կապակցությամբ` շեշտելով, որ Հայաստանը նույնպես կողմ է հակամարտությունների խաղաղ կարգավորմանը եւ այս համատեքստում եւս մեկ անգամ ընդգծել, որ ԼՂ խնդրի խաղաղ, բանակցային ճանապարհով լուծումը այլընտրանք չունի: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` Հարավային Կորեայի ԱԺ նախագահը նշեց, որ Հյուսիային Կորեայի կողմից միջուկային ծրագրի սառեցման գործընթացի ձախողումը, ինչպես նաեւ այս տարի իրականացրած միջուկային փորձարկումները խոչընդոտում են տարածաշրջանի անվտանգությանն ու կայուն զարգացմանը: Նա հույս է հայտնել, որ եղած խնդիրները կկարգավորվեն վեցակողմ բանակցությունների միջոցով: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ կորեական կողմը տեխնիկական աջակցություն կցուցաբերի Հայաստանի խորհրդարանին եւ նիստերի դահլիճը նոր տեխնիկայով կհագեցնի: Հանդիպման վերջում ՀՀ ԱԺ նախագահը ԿՀ ԱԺ նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան: Ի դեպ, Հայաստանի եւ Կորեայի խորհրդարանների նախագահները երկու խորհրդարանների միջեւ բարեկամական կապերի եւ համագործակցության հետագա զարգացման եւ ամրապնդման նպատակով ստորագրել են փոխըմբռնման հուշագիր:

No comments: