/PanARMENIAN.Net/ 12.03.2009 - Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Ֆրանս Տելեկոմ - Օրանժի նախագահ, գլխավոր տնօրեն Դիդիե Լոմբարը մարտի 12-ին Փարիզում նշեցին հայկական Առաջին հանրային հեռուստաալիքի մուտքը Օրանժի հեռուստատեսություն: Հանրայինը հեռարձակվում է Օրանժի ADSL-ի միջոցով հեռարձակվող հեռուստատեսության 305 ալիքով, հաղորդել է Երեւանում Ֆրանսիայի դեսպանության մամլո ծառայությունը: Այս իրադարձությունը իրական կապ կստեղծի Հայաստանի եւ Ֆրանսիայում բնակվող հայ համայնքի միջեւ, ինչպես նաեւ հնարավորություն կընձեռի Օրանժի հեռուստատեսության բաժանորդներին ծանոթանալու հայկական մշակույթին:
Օրանժը Ֆրանս Տելեկոմ խմբի հիմնական ապրանքային նշանն է` աշխարհում հեռահաղորդակցության առաջատար օպերատորներից մեկը, որն իր բաժանորդներին առաջարկում է հեռախոսակապի, ինտերնետի եւ հեռուստատեսության ծառայություններ: Խմբի շրջանառությունը 2008թ. կազմել է շուրջ 53,3 միլիարդ եվրո, այն նախորդ տարվա վերջի դրությամբ ունեցել է ավելին քան 182 միլիոն հաճախորդ 30 երկրներում, որոնցից 122 միլիոնը բջջային կապի եւ 13 միլիոնը ADSL կապի հաճախորդներ են Եվրոպայում: Օրանժը բջջային հեռախոսակապ մատուցող երրորդ օպերատորը եւ ADSL ինտերնետի առաջին մատակարարն է Եվրոպայում, ինչպես նաեւ մեկն է միջազգային խոշորագույն կազմակերպություններին հեռահաղորդակցության ծառայություններ տրամադրող առաջատար ընկերություններից:
Սկսած 2000թ.` Օրանժն աջակցում է Ֆրանսիայի Հայկական հիմնդրամի ամենամյա Ֆոնետոնի կազմակերպմանը (յուրաքանչյուր տարվա նոյեմբեր ամսին): Հարյուրավոր բարեգործների` հեռախոսի միջոցով իրականացվող հանգանակությունների շնորհիվ հավաքված դրամական միջոցները ծառայում են Հայաստանում տարաբնույթ ենթակառուցվածքային ծրագրերի (ճանապարհներ, դպրոցներ, հիվանդանոցներ, մանկապարտեզներ եւ այլն) իրականացմանը: Ամեն տարի Ֆրանս Տելեկոմի Մարսելի տարածաշրջանային տնօրինությունը հյուրընկալում է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի բազմաթիվ հայ ուսանողների` Բուշ դյու Ռոնի Գլխավոր Խորհրդի եւ Ֆրանս-հայկական առեւտրի եւ արդյունաբերության պալատի հետ գործընկերության շրջանակներում: Մինչեւ 2009թ. ավարտը Օրանժը կսկսի բջջային հեռախոսակապի ծառայություններ մատուցել Հայաստանում իր մասնաճյուղի? Օրանժ Արմենիայի միջոցով:
Friday, March 13, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment