Friday, December 4, 2009

ԹՈՒՐՔ ՆԱԽԱՐԱՐԸ ՄԱՀՄԵԴԱԿԱՆՆԵՐԻՆ ԿՈՉ ԱՐԵՑ ՀՐԱԺԱՐՎԵԼ ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԻՑ

«ԱԶԳ», 04-12-2009- Թուրք անպորտֆել նախարար Էգեմեն Բագիսը, որը Եվրոմիության հետ բանակցություններում թուրքական պատվիրակության ղեկավարն է, մահմեդականներին կոչ է արել իրենց փողերը հանել շվեյցարական բանկերից: Այդ մասին հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը: Բագիսի խոսքերով, պատճառն այն է, որ կիրակի օրըՙ հանրաքվեի ժամանակ շվեյցարացիները դեմ արտահայտվեցին իրենց երկրում նոր մինարեթների կառուցմանը («Ազգը» գրել է այդ մասին): Նախարարի կարծիքով, ներդնող մահմեդականները զանգվածաբար կհեռանան Շվեյցարիայի բանկային հատվածից: Ի դեպ, համանման կոչով հանդես է եկել նաեւ Եվրոխորհրդարանում «Կանաչների» խմբակցության ղեկավար Դանիել Կոն-Բենդիտը: Բագիան ավելացրել է, որ Շվեյցարիայից հիասթափված ներդնողների առջեւ «բաց կլինեն թուրքական բանկերի դռները»: Շվեյցարիայի հանրաքվեի արդյունքների քննադատությամբ հանդես են եկել Եվրոպայի, ինչպես նաեւ մահմեդական երկրների մի շարք քաղաքական գործիչներ: Կաթոլիկ եկեղեցին նույնպես քննադատել է մինարեթների հետագա շինարարությունն արգելելու որոշումը:

No comments: