Friday, December 4, 2009

Որտե՞ղ է գտնվում հայ-թուրքական «դարպասների բանալին»

Aysor.am.3-12-2009- Եթե Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը ակնկալի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից ստանալ այն հարցի պատասխանը, թե արդյո՞ք Արցախյան հակամարտության շուրջ տարվող բանակցություններում կա դրական միտում, և, ըստ այդմ, արդյո՞ք Թուրքիան կարող է վավերացնել հայ-թուրքական հարաբերությունների հաստատման վերաբերյալ արձանագրությունները, ապա միջազգային հանրությունը կարող է խաչ քաշել հայ-թուրքական հարաբերությունների վրա: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: Ս. Սաֆարյանը պատահական չհամարեց այն, որ միջազգային հանրությունն է իր վրա վերցրել այս հարցի պատասխանը տալու դերակատարությունը` վերջին շրջանում Արցախյան հիմնահարցի վերաբերյալ արվող հայտարարությունների ակտիվացման միջոցով: «Միջազգային հանրությունն այդպիսով Թուրքիային հասկացնում է, որ դրական դինամիկա է նկատվում, խնդիրն անդառնալիորեն գնում է դեպի հանգուցալուծում, և, հետևաբար, Թուրքիան, առանց իր դեմքը կորցնելու, այսինքն` առանց իր արած հայտարարություններից շեղվելու, կարող է վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները»,- մանրամասնեց Ս. Սաֆարյանը: Խմբակցության ղեկավարի խոսքերով, այս համատեքստում պահպանվում են «ռիսկերը Հայաստանի դիվանագիտության համար»: Նա անդրադարձավ նաև Հայաստանի վարած «նախաձեռնողական քաղաքականությանը», և հայտնեց, որ «արդյունքում, այնուամենայնիվ, հայ-թուրքական փակ դարպասների բանալին դեռևս չի գտնվում Երևանի մոտ»: «Տվյալ պարագայում բանալին գտնվում է թուրք-ադրբեջանական հարաբերությունների տիրույթում, և թե ինչպե՞ս միջազգային հանրությունը կվերցնի այդ բանալին և կբացի հայ-թուրքական սահմանը, ցույց կտան հետագա զարգացումները»,- ամփոփելով իր խոսքը` ընդգծեց Ս. Սաֆարյանը:

No comments: