Friday, December 25, 2009

«ՀՐԱՆՏ ԴԻՆՔ» ՄԱՏԵՆԱՇԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԳՐՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

«ԱԶԳ», 25-12-2009- «Հրանտ Դինք» միջազգային հիմնադրամը թուրքերենից Մկրտիչ Սոմունջյանի թարգմանությամբ ներկայացնում է «Հրանտ Դինք» մատենաշարի անդրանիկ հրատարակությունըՙ «Երկու մոտ ժողովուրդ, երկու հեռու հարեւան» բազմանշանակ խորագրով (տպագրությունը «Գրափունջ» ՍՊԸ-ի): Գրքի թուրքերեն հրատարակությունը իրականացվել է Ստամբուլում, հեղինակի եղերական մահից 1,5 տարի անց: Գրքում զետեղված հրապարակումներն անցյալի ու ներկայի ժամանակային համատեքստում հայ-թուրքական հարաբերությունների հանդեպ Հրանտ Դինքի մոտեցումներն ենՙ հարցի ամենատարբեր շերտերին վերաբերող, որոնք ամբողջացած են գրքի պայմանական երեք բաժիններումՙ 1. Հարաբերությունների բացակայության նորագույն պատմություն, 2. Հարաբերությունների բացակայության պատճառները. Պատմություն... Հոգեխեղում... Մտագարություն», 3. Ի՞նչ պետք է անել... Ի՞նչ պետք չէ անել... Թուրքական իրականության ծնունդ հայ մտավորականը (ծնվ. է Մալաթիայում) Ստամբուլի համալսարանի բնական գիտություննեի ֆակուլտետի, ապա փիլիսոփայության մասնագիտական իր կրթությունն ու գիտելիքները ծառայության է դնում դժվարագույն մի գործիՙ հիմնադրելով ու ղեկավարելով երկլեզվյա (հայերեն-թուրքերեն) «Ակօս» շաբաթաթերթը: Իր տեսակով նորի, առաջադեմ հայացքների կրող եւ ջատագով, էությամբ ազատատենչ, բնույթովՙ անհանդուրժող ու պայքարող անձ, նա այդպիսին էր իր մտավորական կեցվածքով ու գործով, իր հրապարակախոսություններում, որով փորձ էր անում կանգնել հասարակական մտածողական կարծրատիպերը փոխելու, դրանք հեղաշրջելու վտանգավոր ճանապարհին, ստանձնել երկու իրարամերժ մտածողությունները կամրջողի առաքելությունը, որի համար նա թանկ վճարեց: Նրա պայքարն ուղղված էր Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության իրողության ճանաչմանը, այդ պետության ներսում հայ համայնքի իրավունքների պաշտպանությանը, ապա եւ համաշխարհային նոր իրողությունների համատեքստում, Հայաստան-Թուրքիա երկու պետությունների հարաբերությունների փոփոխությանը, նոր զարգացումներին: Այս առումով հիշատակելի են Հրանտ Դինքի այն խոսքերը, թեՙ «Պատմության գրված էջերը կատարվածի մասին են, իսկ սպիտակ էջերըՙ գալիքի: Հայ-թուրքական հարաբերությունների տեսանկյունից դարերից եկող ու դեպի դարերը գնացող մեր ընդհանուր ճակատագիրը դեռեւս առջեւում է : Գլխավոր հարցն այն է, թե այսօր այդ սպիտակն ինչպես ենք պատրաստվում լցնել» : Հարցադրումը հետեւյալն էՙ հանդես գալ որպես մեծ ողբերգության պատասխանատուներ, թե՞ «այդ սխալներից խրատվելով» պատմության էջերին քաղաքակիրթ հետքեր թողնել... Իր հրապարակումներից մեկում նա գրում է. «... Այսօր Թուրքիայի առջեւ դրված խնդիրը ո՛չ «ժխտումն» է, ո՛չ էլՙ «ընդունումը»: Նրա հիմնական խնդիրը «գիտակցելն» է: Էականն այն է, որ թուրք հասարակությունը հասնի պատմական իրողության գիտակցմանը: Սա հնարավոր է միայն Թուրքիայում ընթացող ժողովրդավարացման պայքարի զարգացմամբ: Իսկ գիտակցման գործընթացում Թուրքիան կարիք ունի պատմական լուրջ այլընտրանքային հետազոտության եւ անհրաժեշտ ժողովրդավարական միջավայրի» : Հրանտ Դինքի կյանքն ու գործը. նրա եղերական մահը հայ-թուրքական հարաբերությունների նորօրյա փուլի, այս նոր ընթացքի համար խորհրդանշական է, ինչ որ տեղ գուցեՙ ակնարկ նաեւ, եւ մի յուրատեսակ ապրում-վերապրում էր, որ ունեցավ ամեն հայ, ինչպես Հայաստանում, առավել եւս աշխարհի որեւէ անկյունում, սփյուռքացված իրականության դեմ-հանդիման: Հատորն անպայմանորեն ունենալու էր «Խոսք հիշատակի» բաժին, որտեղ իրենց սրտի խոսքն են հղել մտավորականներ, պաշտոնյաներ, ազգային քաղաքական անձերՙ Հրանուշ Հակոբյան, Արման Կիրակոսյան, Բորիս Նավասարդյան, Հակոբ Ավետիքյան, Ռուբեն Սաֆրաստյան, Ալեքսանդր Իսկանդարյան, Րաֆֆի Հովհաննիսյան: Գիրքը փակվում է Վարդան Օսկանյանի ստորագրությամբՙ «Նամակ Հրանտին» գրությամբ, որ նշանակում է, թե փորձ է արվելու Հրանտ Դինքի բացած հայ եւ թուրք երկուստեք հարաբերությունների, քաղաքացիական երկխոսության արահետն ավելի լայն հուն տեղափոխել: Թվում էՙ գորդյան հանգույցի է վերածված այս հարաբերությունները, որ բացի պատմական ողբերգական հիշողությունից (ազգային, մարդկային եւ ֆիզիկական բնաջնջման ծրագիր, բնօրրանի, մշակույթի, հնագույն քաղաքակրթության կորուստ), հավատքից, մտածելակերպից, հոգեբանությունից անդին ունի նաեւ անբացատրելի այլ մի անհայտ պատճառ: Եվ, իհարկե, այդ նախասահմանված վիճակըՙ աշխարհագրականի... Ինչեւէ, ընթացք է, պատմություն, որի մասնակիցը, ընդդիմախոսը կամ համախոհն ենք ակամա... Իսկ գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտում, տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի բացման խոսքով: Գրքի, Հրանտ Դինքի, նրա գաղափարների, աշխարհայացքի մի քանի կարեւոր, հանգուցային խնդիրներին անդրադարձան շնորհանդեսի մասնակից-հյուրերըՙ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Բորիս Նավասարդյանը, Ալեքսանդր Իսկանդարյանը, Ստեփան Սաֆարյանը, Մկրտիչ Սոմունջյանը: Հրանուշ Հակոբյանը կարեւորեց այն հանգամանքը, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհին Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության խնդիրը Հրանտ Դինքը շատ ավելի վաղուց էր առաջադրել, երբ քչերն էին այդ մասին խոսում: Նա անդրադարձավ տարածաշրջանի կայունության, խաղաղության ճանապարհին Դինքի խորհրդածություններին, սփյուռքացած հայի երկփեղկված ճակատագրի մտահոգություններին: Բորիս Նավասարդյանն ընդգծեց գրքի հեղինակի վերաբերմունքն այս երկու ժողովուրդների հարաբերությունների ընթացքին. ընդհանուր քաղաքական մթնոլորտում հատկապես կարեւորելով միջպետական հարաբերությունների ձեւավորման հարցը: «Իր մահից հետո մի վտանգ առաջացավ, որ Հրանտ Դինքը կդառնա հուշարձան: Սակայն նա հուշարձան չէ. պետք է, այո՛, հարգել, հիանալ նրա ապրած կյանքով, սակայն անհրաժեշտ է ճանաչել Հրանտ Դինքին, կարդալ նրան», կարծում է Ալ. Իսկանդարյանը: Ստեփան Սաֆարյանը նրան համարեց վերազգային երեւույթ, կարեւոր համարեց, որ ինչպես մեր պարագայում է, թուրք հասարակության լայն շերտերը նույնպես համարեն նրան իրենցը, որ այս մտածողությունը տարածվի հարեւան երկրում: Գրքի գաղափարախոսությունն ամփոփեց Մկրտիչ Սոմունջյանը. «Հրանտ Դինքը ներկայացնում է Թուրքիայի եւ Հայաստանի ընդհանուր ապագան կառուցելու եւ անցյալը վերանորոգելու բոլորովին նոր մոտեցում»: ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: