Friday, December 25, 2009

ԵՐԲ Է ՓՈԽՎՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՌԵԺԻՄԸ

«Լրագիր» 25-12-2009- Հաճախ ասում են, որ քաղաքական ռեժիմի (համակարգի) որակը ուղղակի կախված է ռեժիմի շրջանակներում գոյություն ունեցող հասարակության մշակութային մակարդակից: Պետք է խոստովանել, որ այս միտքը զուրկ չէ տրամաբանությունից: Դժվար թե որևէ մեկը առարկի, եթե նշենք, որ անհնար է բռնապետական իշխանություն հայտնվի մի հասարակությունում, որտեղ գերակշիռ մեծամասնությունը գիտի իր իրավունքները և պատրաստ է պաշտպանել դրանք, որտեղ դիմացինի իրավունքները հարգելն ընդունված սովորույթ է: Եթե նույնիսկ ենթադրենք, որ այդպիսի հասարակությունում ոմն բռնակալներ, ասենք, խաբեբայության միջոցով հանկարծ կարողանան իշխանություն ներխուժել, ապա նրանք նույնիսկ մեկ օր այնտեղ չեն դիմանա: Նրանք պարզապես չեն գտնի իշխանությունում մնալու համար անհրաժեշտ, առաջին հերթին, բավարար մարդկային ռեսուրսներ: Մարդիկ ուղղակի չեն ենթարկվի նրանց` հիմնականում այն պատճառով, որ նրանց մոտ վաղուց արմատավորված կլինի մի սովորույթ` ապրել որոշակի ռացիոնալ և օգտակար կանոնների համաձայն: Անհնար է մեկ ակնթարթում փոխել մարդկանց կենսակերպը, սովորույթները, մտածողությունը, հատկապես, երբ դրանք հաճելի են մարդկանց և որոնք ապացուցել են իրենց արդյունավետությունը կյանքի տարբեր խնդիրների լուծման ժամանակ: Դա նշանակում է, որ հակաժողովրդական ռեժիմը կարող է հաստատվել միայն այն դեպքում, երբ հասարակությունում գոյություն ունեն դրան նպաստող որոշակի պայմաններ: Սակայն հետաքրքիր է, որ այս դատողությունը հաճախ օգտագործվում է որպես փաստարկ` կոռումպացված իշխանություններին արդարացնելու համար: Հաճախ կարելի է լսել այսպիսի խոսքեր. «իշխանությունները վատն են, որովհետև հասարակությունն է վատը, ուրեմն, թող խելոք նստի և իշխանության գործերին չխառնվի: Եթե հակաժողովրդավարական երկրում ապրող մարդիկ դրական փոփոխություններ են ցանկանում, ուրեմն թող առաջին հերթին հենց իրենք փոխվեն»: Սակայն արդյո՞ք դա նշանակում է, որ հակաժովրդավարական ռեժիմն ինքն իրեն կանհայտանա, եթե հասարակությունը որակապես փոխվի: Եվ ընդհանրապես, ինչպե՞ս իմանալ` փոխվել է արդյոք հասարակությունը: Իսկ երբ ասում են, որ հասարակությունը պետք է փոխվի, այս դեպքում պետք է հասկանանք ամբո՞ղջ հասարակությունը, թե, գուցե, նրա մի մասը: Նախ նշենք, որ ինչպես ցույց է տալիս պատմական փորձը, չի լինում այնպես, որ ամբողջ հասարակությունը միաժամանակ փոխվի: Երբեք չի եղել այնպես, որ որևէ պետության ամբողջ բնակչությունը հանդես գա ի պաշտպանություն, օրինակ, միապետության վերացման կամ կոմունիստական կարգերի հաստատման, կամ բնակչության որոշակի շերտերին քաղաքացիական իրավունքների շնորհման և այլն: Հասարակությունները միշտ բաժանվել են որոշակի փոփոխությունների կողմնակիցների և հակառակորդների միջև (և, իմիջիայլոց, չենք կարող ասել, թե փոփոխությունները տեղի են ունեցել միայն այն ժամանակ, երբ փոփոխությունների կողմնակիցները մեծամասնություն են կազմել): Ուրեմն, մեր դեպքում, հասարակության տակ պետք է հասկանալ ոչ ամբողջ հասարակությունը, այլ նրա որոշակի մի մասը: Երկրորդը, մեր կարծիքով, ավտորիտար ռեժիմն ինքնուրույն կարող է փոխվել միայն մեկ դեպքում` երբ այդ ռեժիմի իշխանությունները կպատկանեն հասարակության փոփոխությունների համար հասունացած հատվածին: Սակայն դա քիչ հավանական է, քանզի, ինչպես մի անգամ շատ դիպուկ արտահայտվել է հայտնի լորդ Ակտոնը. «Յուրաքանչյուր իշխանություն փչացնում է, իսկ բացարձակ իշխանությունը փչացնում է բացարձակաբար»: Ավտորիտար ռեժիմի վերնախավն իրենից ներկայացնում է հասարակության այն շերտը, որն օգտվում է այդ ռեժիմի կողմից իրեն տրամադրվող բոլոր արտոնություններից: Հետեւաբար, տրամաբանական է, որ հիմնականում վերոնշյալ ռեժիմի իշխանությունները չեն պատկանի որակական փոփոխությունների համար հասունացած հասարակության հատվածին: Ուրեմն, ավտորիտար քաղաքական ռեժիմը դժվար թե ինքնուրույնաբար փոխվի և, մեծամասամբ, ռեժիմի փոփոխության համար անհրաժեշտ կլինի իշխանությունների` կոնկրետ անձերի և քաղաքական խմբի (խմբերի) փոփոխությունը: Իսկ դրան հնարավոր կլինի հասնել, երբ փոփոխությունների համար հասունացած հասարակության հատվածը, հստակ գիտակցելով իր նպատակը, կմիավորվի և կվերածվի այնպիսի մի ներդաշնակ կազմակերպության (էական չէ` ֆորմալ, թե ոչ ֆորմալ), որը չի ենթարկվում ավտորիտար, և ըստ էության, կրիմինալ ռեժիմի չգրված օրենքներին: Դրանով կապացուցվի, որ հասարակությունն, ավելի ճիշտ նրա որոշակի հատվածը, անկախ նրանից, թե բնակչության ընդհանուր թվի քանի տոկոսն է այն կազմում, որակապես փոխվել է, իսկապես արժանի չէ իր ավտորիտար կառավարիչներին և ունի այլ` ժողովրդավարական ռեժիմ ստեղծելու իրավունք: Իսկ վերջինիս ստեղծումն այս դեպքում “տեխնիկայի” հարց է: ԷԴԳԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ

No comments: