Tuesday, December 29, 2009

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԱՄՈՒԼՈՒՄ

«ԱԶԳ», 29-12-2009- Հայոց ցեղասպանության խնդիրը տարվա ընթացքում եղել է ամերիկյան ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: ԱՄՆ-ում հրատարակվող պարբերականներ տարվա ընթացքում մի քանի հարյուր հոդված են հրատարակել Օսմանյան Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Այս տարի The New York Times պարբերականում 1915-ին կատարված Հայոց ցեղասպանության վերաբերյալ տպագրվել է ավելի քան 100 հոդված: Գերակշռող էին հատկապես ականատեսների վկայությունների ու հիշողությունների վրա հիմնված հոդվածները: «Թուրքերի իրականացրած հայերի զանգվածային սպանդը» վերնագրով հոդվածը հրատարակվել է մի քանի օր առաջ: Հոդվածագիրը պատմում էր 1.5 միլիոն հայերի կոտորածի, միլիոնավոր անձանց բռնագաղթի, հայկական սփյուռքի ձեւավորման ու այն փաստի մասին, որ շուրջ մեկ դար Թուրքիան հրաժարվում է ընդունել Հայոց ցեղասպանությունը: «Չնայած Թուրքիայի առաջին հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալն այն որակեց հայերի զանգվածային սպանություն, որի կազմակերպիչներն այդ ժամանակվա իշխանություններն էին, այնուամենայնիվ, Թուրքիան մինչ այսօր չի ճանաչում պատմական փաստը: Այդ երկրում անգամ պատմական արդարության ընդունումը օրենքի սահմաններում քրեորեն հետապնդելի արարք է»: Հայոց ցեղասպանության փաստին ու ճանաչմանն է անդրադարձել նաեւ The Washington Times պարբերականը` տարվա ընթացքում հրապարակելով շուրջ 100 հոդված: «Միշտ էլ կգտնվեն մարդիկ, որ կժխտեն Հոլոքոսթը: Սակայն մի պահ պատկերացնենք, որ Գերմանիայի կառավարությունը հրաժարվել է հանցագործության պատասխանատվությունից, որն իրականացրել է ընդդեմ հրեաների Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, ու հայտարարեր, որ «զոհերը երկկողմանի էին», դրանով իսկ ժխտելով ցեղասպանության փաստը», The Washington Times հեղինակավոր պարբերականում գրում է փաստաբան եւ լրագրող Մայքլ Բոբելիանը: Շարունակելով պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե Գերմանիան չճանաչեր հրեաների ցեղասպանությունը, լրագրողը գրում է, որ գուցե Արեւմուտքը հայտարարեր, որ Գերմանիայի անդամակցության փաստը ՆԱՏՕ-ին շատ ավելի մեծ կարեւորություն եւ նշանակություն ունի, քան պատմական արդարությունը: «Աբսուրդ է՞: Անկասկած աբսուրդ է: Մինչդեռ առաջին Հոլոքոսթը, որ տեղի է ունեցել Օսմանյան Թուրքիայում, ժխտում են ՆԱՏՕ-ի անդամ երկրները: Խոսքը վերաբերում է 1915-ին: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երիտթուրքերի իշխանությունը ծրագրեց ու իրականացրեց մի ամբողջ ազգի տարհանում եւ բնաջնջում: Հայերը երկրի քրիստոնյա ազգային փոքրամասնություններից էին ու այդ երկրի իրական տերերն էին մինչ այն պահը, երբ թուրքերը հայտնվեցին այդ հողում: Ավելի քան երկու միլիոն հայերի քշեցին իրենց հայրենիքից առանց որեւէ փոխհատուցման», գրում է հեղինակը: Ամերիկյան հեղինակավոր մեկ այլ պարբերական` The wall street journal-ը բազմիցս անդրադարձել է Հայոց ցեղասպանության խնդրին: Վերջերս պարբերականն իր ինտերնետային կայքում տեղադրել էր Հայոց ցեղասպանության մասին պատմող տեսահոլովակ: Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության իրականացման ականատես 99-ամյա հայուհի Ելենա Աբրահամյանը պատմում էր հայերի նկատմամբ իրագործված կոտորածների, թուրք ժողովրդի վայրագությունների մասին: «99-ամյա Ելենա Աբրահամյանը փրկվել է Առաջին աշխարհամարտի ժամանակ թուրքերի իրականացրած հայերի կոտորածներից ու այն ժամանակների իր վկայություններն է հայտնում», այսպես է մակագրել տեսանյութը հայտնի պարբերականը: 99-ամյա կինը հիշում է, թե ինչպես են թուրքերը վառել հայերի բնակարանները, որտեղ փակված էին կանայք ու երեխաները, ինչպես են սպանել հղի երիտասարդ կնոջն ու մոր աչքի առաջ գլխատել որդուն: «Նրանք դա անում էին ու ծիծաղում, տեսե՛ք, հայեր, թե մենք ձեզ ինչ կանենք, սա դեռ վերջը չէ»: ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: