Tuesday, December 29, 2009

ՄԻՍԻՈՆԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

2007թ. ապրիլի 18-ին Մալաթիայի Զիրվե հրատարակչատանն իրականացված գազանային սպանությունները մեծ աղմուկ բարձրացրին, որին անդրադարձավ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մամուլը: Լույս տեսան բազմաթիվ գիտական, վերլուծական հրապարակումներ, որոնք անդրադառնում էին Թուրքիայում միսիոներների գործունեության պատմությանն ու դրա նպատակներին: Եղան ինչպես քննադատական, այնպես էլ պաշտպանական ելույթներ: Ընդհանրապես իսլամական երկրներում միսիոներների գործունեությունը մշտապես եղել է հասարակական քննարկումների ու բանավեճերի կիզակետում: Քչաքանակ նորադարձների տեղաշարժերը կանխելու նպատակով իսլամական բնակչությամբ երկրներում իսլամի պահապանները տարբեր մեթոդներ են կիրառել ինչպես նորադարձների, այնպես էլ միսիոներների նկատմամբ: Այս տեսանկյունից թվում էր, թե աշխարհիկ սկզբունքներ որդեգրած ու դեպի Եվրոպա ձգտող Թուրքիայի համար ևս խղճի ազատության գործնական իրագործումը պետք է բավական իրատեսական լիներ: Սակայն իրականում ամբողջովին այլ պատկեր է ներկայանում: Թուրքիայում միսիոներներն ակտիվ գործունեություն են ծավալել դեռևս Օսմանյան կայսրության շրջանում: Այստեղ եկած առաջին միսիոներները եղել են կաթոլիկները, 16-րդ դարից սկսած` դոմինիկյան վանահայրերը, իսկ 19-րդ դարից` ճիզվիտական օրդենի ներկայացուցիչները: Միսիոներների ակտիվ գործունեությունը հովանավորում էր Ֆրանսիան, ուստի նրանք ազատորեն կարողանում էին գործունեություն ծավալել Օսմանյան կայսրության ամբողջ տարածքում: Որքան էլ զարմանալի հնչի, ճիզվիտական միսիոներ Էմիլե Լագրանդը նշում էր, որ Թուրքիայում իրենք ավելի ազատ էին զգում, քան Անգլիայում կամ Հոլանդիայում: Նրանք հատկապես ակտիվ գործունեություն էին ծավալել կրթության բնագավառում: Կաթոլիկ ճիզվիտների գործունեության շնորհիվ 1538թ. Թուրքիայում բացվում է ֆրանսիական կաթոլիկ դպրոցը: Հետագա տարիներին բացվում են բազմաթիվ հիվանդանոցներ, այլ դպրոցներ, որբանոցներ: 1830թ. սուլթան Մահմուդ 2-րդը Օսմանյան կայսրությունում ապրող հայ կաթոլիկներին ճանաչում է առանձին համայնք: Թուրք վերլուծաբան Մեհմեդ Դերին նշում է, որ այդ ամենն արվում էր Օսմանյան պետությունում մեծ տերությունների ազդեցությունն ուժեղացնելու նպատակով, և որ միսիոներները, որպես կանոն, ակտիվորեն գործում էին հույների, հայերի, ասորիների, եզդիների շրջանում: Հարկ է նշել, որ կաթոլիկ հայերին առանձին համայնք ճանաչելու հանգամանքը վկայում է նաև այն մասին, որ Թուրքիան շարունակաբար վարում էր ազգային փոքրամասնությունների մեջ հնարավորինս շատ ինքնակառավարման կենտրոններ ստեղծելու քաղաքականություն, որով առավել կուժեղացվեր պետական մեքենայի մանիպուլյացիոն հնարավորություններն այդ շրջանակներում: Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ միսիոներների գործունեությունը Թուրքիայում անհնարին կլիներ առանց մեծ տերությունների աջակցության: Այսպես, Օսմանյան կայսրություն ոտք դրած առաջին բողոքական միսիոներները վայելում էին Անգլիայի, իսկ մի քանի տարի անց նաև ԱՄՆ-ի հովանավորությունը: Սկսած 1810թ.` ամերիկյան «American Board Of Commissioners For Foreign Missions» ընկերությունը ակտիվորեն աջակցում էր Օսմանյան կայսրության տարածքում գործող միսիոներական կառույցներին, իսկ 1819թ. սկսած` այս կազմակերպության անդամներ Փ. Ֆիսքը և Լ. Փարսոնսը ժամանում են Օսմանյան կայսրություն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ ժամանակ ԱՄՆ-ի և Օսմանյան կայսրության միջև դիվանագիտական հարաբերություններ չկային, անհրաժեշտության դեպքում ծագած խնդիրները լուծվում էին անգլիական դեսպանատան միջոցով: 1830թ. ԱՄՆ-ի և Օսմանյան կայսրության միջև առևտրական պայմանագիր է կնքվում, որը հեշտացնում է ամերիկյան միսիոներների գործունեությունը: Արդեն 1830թ. Բուրսայում, Իզմիրում, Ստամբուլում բացվում են բողոքական դպրոցներ: 1844թ. Բարձր Դուռն արգելում է միսիոներների գործունեությունը Տրապիզոնում, Բուրսայում և Էրզրումում: Սակայն կարճ ժամանակ անց Անգլիայի միջամտությամբ այս խնդիրը հարթվում է: 1847թ. Անգլիայի դեսպանը հանդիպում է Մուսթաֆա Ռեշիդ փաշային, և սուլթան Աբդուլ Մեջիդը պաշտոնապես ճանաչում է բողոքական համայնքը: Այս առիթով ամերիկյան միսիոներները շնորհակալական ուղերձ են հղում Անգլիայի դեսպանին: 19-րդ դարի երկրորդ կեսը կարելի է բնորոշել որպես եկեղեցաշինության վերելքի շրջան Թուրքիայում: 1842թ. կառուցվում է առաջին բողոքական եկեղեցին, այնուհետև 1846թ. Ստամբուլում բացվում է ևս մեկ բողոքական եկեղեցի: 19-րդ դարի վերջին Օսմանյան կայսրությունում գործում էին 417 ամերիկյան միսիոներական դպրոցներ, որտեղ սովորող աշակերտների թիվը հասնում էր 17 556-ի, իսկ 1913թ. դպրոցների թիվը հասնում է 450-ի, աշակերտների թիվը` 25 922-ի, մինչդեռ մուսուլմանական դպրոցների թիվը չէր գերազանցում 69-ը, աշակերտների թիվը` 6 800-ը: Սակայն հարկ է նշել, որ մեր հետաքրքրություններն առավել կենտրոնացած են ներկա շրջանի վրա, որը նաև կենսական կարևորություն է Հայաստանի համար: Թուրքիայում գործող միսիոներների ու նրանց կենտրոնների մասին հաճախ հիմնական տեղեկատվական հիմք են թուրքական աղբյուրները, որոնք միշտ չէ, որ կարող են օբյեկտիվ ու ամբողջական լինել: Թուրքական աղբյուրների համաձայն` ինչպես նախկինում, այսօր էլ միսիոներներն առավել ակտիվ գործունեություն են ծավալում Թուրքիայի արևելյան շրջաններում: Նշվում է նաև, որ նրանց նպատակն է ամեն նահանգում մեկ եկեղեցի բացել, յուրաքանչյուր տարի Թուրքիայում քրիստոնյաների թիվը կրկնապատկել: Այսօր նրանք Թուրքիայում ունեն մոտ 322 եկեղեցի, 7 ամսագիր, 7 ռադիոկայան, 3 հրատարակչատուն, 5 գրախանութ, մեկ գրադարան, 49 ֆոնդ, 44 միություն, 2 թանգարան: Գործում է նրանց պատկանող շուրջ 7 կազմակերպություն, եւ 7 թերթ է հրատարակվում: Այդ նույն աղբյուրների համաձայն` 1970թ. Թուրքիայում կային միայն մի քանի բողոքականներ: Այսօր դրանց թիվը գերազանցում է մի քանի հազարը: Բացի կաթոլիկներից և բողոքականներից, ակտիվորեն գործում են Եհովայի վկաներ, բահայականներ, ուղղափառներ: Նրանք թարգմանում են Աստվածաշունչը տարբեր լեզուներով, անվճար և գաղտնի բաժանում են այն, հավաքվում են բնակարաններում կամ հատուկ այդ նպատակով վարձակալած շինություններում: Ըստ այս աղբյուրների` նրանք առավել ակտիվ գործում են քրդերի, ալևիների, ինչպես նաև նախկինում մուսուլմանացած հայերի և հույների շրջանում: Միսիոներական գործունեության նման ծավալները լրջորեն անհանգստացնում են թուրքական պետությանը: Այս հարցը հայտնվել է Թուրքիայի ինչպես գիտական շրջանակների, պետական կառույցների, այնպես էլ ծայրահեղական, իսլամիստական խմբավորումների ուշադրության կենտրոնում: Չնայած միսիոներությունը Թուրքիայում քրեորեն պատժելի չէ, այդուհանդերձ այստեղ շատ ավելի մեծ դեր են կատարում ազգայնականներն ու իսլամիստները: Եվ ինչպես վերը նշեցինք, միսիոներների գործունեությունը միշտ չէ, որ անվտանգ է, ու այդ գործին ակտիվ մասնակցում են հատկապես մարգինալ տարրերը: Ինչ վերաբերում է հասարակական կարծիքին, ապա դրա ձևավորման գործում մեծ աշխատանք են կատարում մամուլը, պետական քարոզչությունը: Ինչպես արդեն նշել ենք, Մալաթիայի սպանություններից հետո միսիոներների թեման հայտնվեց մամուլի և տարբեր վերլուծաբանների ուշադրության կենտրոնում: Ոմանք քննադատեցին, ոմանք փորձեցին մեղմացնող հանգամանքներ գտնել: Որոշ վերլուծաբաններ առաջ քաշեցին այն վարկածը, որ պետական կառույցներն իրենք են հրահրում նմանօրինակ անհանդուրժողականություն` պարբերաբար իրենց երկրի փոքրամասնություններին որակելով օտար և թշնամի: 2001թ. սկսած` տարբեր պետական ու միջազգային կառույցներ զեկույցներ են հրապարակել` դրանցում անդրադառնալով միսիոներներին և փոքրամասնություններին: 2001թ. ապրիլի 24-ին Ազգային հետախուզական կազմակերպությունը միսիոներների և նրանց ծավալած գործունեության վերաբերյալ զեկույց է ներկայացնում Ազգային անվտանգության խորհրդին: Զեկույցում խոսվում է Թուրքիային սպառնացող վտանգի մասին. «1998թ. սկսած` մեր երկրում բաժանվել է ավելի քան 8 միլիոն Աստվածաշունչ: Ստամբուլի որոշ ռադիոկայաններ քրիստոնեություն քարոզող հաղորդումներ են հեռարձակում: Միայն վերջին մեկ տարվա ընթացքում Ստամբուլում 19-ը եկեղեցի է բացվել: Նրանք գալիս են մեր երկիր, կառուցում եկեղեցիներ, դպրոցներ, հիվանդանոցներ, ստեղծում տարբեր ֆոնդեր ու միություններ, թակարդը գցում մեր հայրենակիցներին, Ավետարան են բաժանում, իսկ մենք միջոցներ չենք ձեռնարկում այս ամենի դեմ: Պետությունը մեծ վտանգի մեջ է, և անհրաժեշտ է այն կանխել` հետագա անդառնալի հետևանքներից խուսափելու համար»: Տարբեր վերլուծաբաններ ու վերլուծական կենտրոններ ոչ առանց հիմքերի նշում են, որ Թուրքիայում միսիոներների ակտիվ գործունեությանը նպաստել է իրաքյան պատերազմը: Ազգային հետախուզական ծառայության զեկույցում ևս ընդգծվում է, որ միսիոներների գործունեությունն առավել ակտիվացել է Իրաքի պատերազմից հետո, քանի որ Միջին Արևելքում և Ասիայում Թուրքիան մեծ կարևորություն է ձեռք բերել: Սակայն միսիոներական գործունեության ակտիվացումը միայն այդ հանգամանքով պայմանավորելը թերևս ճիշտ չէր լինի, քանի որ յուրաքանչյուր ռազմական գործողություն իր հետ բերում է ոչ միայն զենք, այլ նաև գերիշխող ու միավորող, երբեմն նաև պառակտող գաղափար կամ գաղափարներ: 2004թ. հունիսին Անկարայի առևտրի և արդյունաբերության պալատի պատրաստած զեկույցում Անկարայում քրիստոնյաների թիվը հաշվարկվում է ավելի քան 55 հազար (նորադարձներ): Զեկույցում նշվում է, որ միսիոներների գործունեության նպատակը հասարակության կրոնական պառակտման միջոցով պետության հիմքերի խարխլումն է: 2006թ. սեպտեմբերի 20-ին Թուրքիայի զինված ուժերի ղեկավարությունը նմանատիպ մի զեկույց է ներկայացնում իշխող §Արդարություն և զարգացում¦ կուսակցությանն ու Ազգային անվտանգության խորհրդին: Այստեղ ևս արտահայտված են գրեթե նույն տեսակետներն ու մտավախությունները: Զեկույցում ասվում է, որ մինչև 2005թ. Թուրքիայում շուրջ 50000 մուսուլման է կրոնափոխվել: Նույն այդ զեկույցի համաձայն` մինչև 2020թ. քրիստոնեություն ընդունած կլինի բնակչության 10%-ը: Առաջարկվում է առավել մեծ ուշադրություն դարձնել այսպես կոչված ընդհատակյա` բնակարանների կամ այլ վարձակալած շինությունների տարածքում գտնվող եկեղեցիներին, որոնց թիվը վերջին տարիներին մեծ արագությամբ աճում է: Զեկույցում նաև խոսվում է Քրդական բանվորական կուսակցության և ամերիկացի միսիոներների կապի մասին: Այս զեկույցի համաձայն` 1980-ական թթ. հետո ամերիկացի միսիոներներն օժանդակել են այդ կուսակցությանը: Որոշ վերլուծաբաններ այն կարծիքին են, որ վերոնշյալ, ինչպես նաև մի շարք այլ նմանատիպ զեկույցների հետևանքով են կատարվել վերջին տարիների` միսիոներների և կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների գազանային սպանությունները: Այս զեկույցներով կարելի է ասել միսիոներները պաշտոնապես հայտարարվում են թշնամի, իսկ քրիստոնեությունը` պետության անվտանգությանը սպառնացող վտանգ: Սա են վկայում նաև տարբեր նախարարությունների կայքերում պարբերաբար արվող հայտարարությունները: Մշակույթի նախարարության, ինչպես նաև կրոնական գործերով վարչության կայքերում նշվում է, որ բոլոր այս գործընթացներն ուղղված են պետության մասնատմանն ու կործանմանը: Պետական մակարդակով իրականացվող այս հակաքարոզչությունը լուրջ կասկածի տեղիք է տալիս Թուրքիայի` եվրոպական ընտանիքին անդամագրվելու վերաբերյալ: Փաստորեն, թիրախի ընտրությունը կատարել են պետական կառույցները, և այդ թիրախը ինչպես նախկինում, այսօր էլ փոքրամասնություններն են, մասնավորապես քրիստոնյաները, քանի որ ընդգծվում է, որ հենց նրանք են միսիոներների գործունեության համար լայն դաշտ ստեղծում և հնարավորինս աջակցում նրանց: Պետնախարար Ռ. Ք. Յուջելենը իր մի հայտարարության ժամանակ ասել է. «Միայն 1998-2001թթ. Թուրքիայում քրիստոնեություն տարածելու մեղադրանքով ձերբակալվել են 140 թուրք եւ 153 օտարերկրացի»: Վերջին տարիներին, մասնավորապես 2005-2008թթ. Թուրքիայում կատարվել են բազմաթիվ հարձակումներ քրիստոնյաների և նրանց եկեղեցիների վրա: 2005թ. ապրիլին Ստամբուլի բողոքական եկեղեցու առջև ցույց է կազմակերպվել: 2005թ. ապրիլին անհայտ անձինք փորձել են այրել Անթալիայի Սուրբ Պողոս մշակութային կենտրոնը: 2005թ. օգոստոսին Ստամբուլի հագուստի խանութում հարձակում է կատարվել քրիստոնյա աշխատակիցների վրա: 2005թ. օգոստոսին Դիարբեքիրում ասորի եպիսկոպոսի ճանապարհին ական է պայթեցվել: 2006թ. հունվարին դաժանաբար ծեծի է ենթարկվել և մահվան սպառնալիք ստացել Ադանայի բողոքական եկեղեցու առաջնորդ Քամիլ Քըրօղլուն: 2006թ. փետրվարին Տրապիզոնում սպանվել է կաթոլիկ հոգևորական Անդրեա Սանթորոն : 2006թ. մարտին Մերսինի կաթոլիկ եկեղեցու անդամներին դանակով սպառնացել են: 2006թ. հուլիսին Սամսունում դանակահարվել է վանահայր Ռենե Բրունիսեն: 2007թ. հունվարին Սամսունում ջարդել են բողոքական եկեղեցու պատուհանները: 2007թ. ապրիլին Մալաթիայում մի քանի ժամ տանջելուց հետո դաժանաբար սպանել են «Զիրվե» հրատարակչատան երեք աշխատակցի, որոնք քրիստոնեական գրականություն էին տպագրում: 2007թ. դեկտեմբերին Իզմիրում դանակահարվել է իտալացի վանահայր Ադրիանո Ֆրանչինին: Հարձակումներից զերծ չեն մնացել նաև հայ համայնքը և Առաքելական եկեղեցու սպասավորները, քանի որ թիրախ են ընտրված առհասարակ քրիստոնյաները: 2004թ. Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը և պատրիարքարանի 12 ծառայողներ ճանապարհատրանսպորտային մի պատահարի են ենթարկվում, սակայն փրկվում են: Փորձաքննությունը ցույց է տալիս, որ միկրոավտոբուսի արգելակները կանխամտածված կտրված են եղել: 2007թ. հունվարին սպանվել է «Ակօս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքը: Հատկանշական է այն հանգամանքը, որ այս հանցագործությունները կատարողները չեն հայտնաբերվում, հայտնաբերվելու դեպքում էլ պարզվում է, որ նրանք անչափահաս են կամ էլ եղել են հոգեկան անհավասարակշիռ վիճակում: Վերջերս այս հանցագործությունների թեման կրկին վեր հանվեց Էրգենեքոն ահաբեկչական կազմակերպության աղմկահարույց դատավարության շրջանակներում` այս անգամ էլ դրանք կապելով Էրգենեքոնի անվան հետ: 2009թ. հունվարի սկզբին թուրքական հետախուզական վարչության կողմից ձերբակալվեցին մի շարք էրգենեքոնականներ, որոնց կասկածում էին Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի և Սեբաստիայի հայ համայնքի առաջնորդ, միաժամանակ նաև Կեսարիայի, Թոքատի, Երզնկայի հայ «համայնքների» պատասխանատու Մինաս Դուրմազ Գյուլերի դեմ մահափորձ կատարելու մեջ: Սակայն անհավատալի է, որ թուրքական պետությունում, որտեղ յուրաքանչյուր քայլ լրջորեն վերահսկվում է պետական կառույցների կողմից, առանց վերջիններիս տեղյակության կարող էին նման իրադարձություններ տեղի ունենալ` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ազգայնականներին զոհ դարձած քրիստոնյաները որպես թշնամի և դավաճան էին հորջորջվել այդ նույն կառույցների կազմած զեկույցներում, և հենց այդ կառույցներն էին կոչ արել միջոցներ ձեռնարկել նրանց դեմ: Հրանտ Դինքի պաշտպանը պնդում է, որ Տրապիզոնի ոստիկանությունը տեղյակ է եղել նախատեսվող սպանության մասին: Դա ապացուցում են նաև այն նկարները, որտեղ թուրքական դրոշի ներքո պատկերված էր մարդասպանը` երկու ոստիկանների հետ գրկախառնված: Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ Հրանտ Դինքի հիշատակին նվիրված հոգեհանգստի պատարագի ժամանակ Սուրբ Մարիամ եկեղեցուն ուղղված երկու կրակոցներ են հնչել, սակայն դրանք իրենց նպատակին չեն հասել: Հետագայում ձերբակալվածները խոստովանել են, որ ցանկանում էին սպանել պատրիարքին: Երկու օր անց դատավորի որոշմամբ նրանք ազատ են արձակվել` մեկը վճարելով 950$, իսկ մյուսը` 55$ տուգանք: §Զիրվե¦ հրատարակչատան սպանությունների հետ կապված համացանցի կայքերից մեկում նշվում է, որ պետական մարմիններն են հրահրել այդ սպանությունները, քանի որ այս դեպքից առաջ շուրջ երեք ամիս Մալաթիայում միսիոներության դեմ ակտիվ գործունեություն էին ծավալել թուրքական օջախները. կազմակերպվել էին կոնֆերանսներ` ընդդեմ ցեղասպանության ճանաչման: Իսկ 2007թ. ապրիլի 22-ին §Հուրիյեթ¦ թերթը հրապարակել է մի տեղեկություն, ըստ որի` այս կոնֆերանսների կազմակերպման համար Մալաթիայի նահանգապետարան հատուկ ցուցումներ է ուղարկել ներքին գործերի նախարարությունը: Նույն կայքում նշվում է, որ, իբր պայքարելով այսպես կոչված իմպերիալիզմի դեմ, նրանք ազգայնամոլություն են հրահրում, և դա ոչ թե հակաիմպերիալիստական պայքար է, այլ Թուրքիայի տարածքում բնակվող փոքրամասնությունների հանդեպ թշնամանքի և ատելության սերմանում, որի արդյունքներն այսօր մենք տեսնում ենք: Ինչերը կբնութագրեն փոքրամասնությունների հանդեպ պետական մոտեցումները, եթե ոչ վերոհիշյալ զեկույցներն ու պետական կառույցների հայտարարությունները, ինչպես նաև ոստիկանության աշխատակիցների անգործությունն ու այս ամենը պարզապես կողքից դիտելը: Բնական է, որ նման պայմաններում այս հարձակումները ոչ միայն չեն կասեցվում, այլև շարունակում են նոր ծավալներ ընդգրկել: Ձերբակալված հանցագործներն էլ ոչ միայն ըստ արժանվույն չեն պատժվում և զղջում, այլև հերոսացվում են հասարակության որոշ խավերի կողմից: Տարբեր լրատվամիջոցներում, համացանցի կայքերում քննադատությունների կողքին կարելի է կարդալ նաև գովեստի և քաջալերման խոսքեր: Ավելին` §Զիրվե¦ հրատարակչատան դեպքից հետո ձերբակալվածներից մեկի մայրը հայտարարել է, որ իր որդին Ալլահին է ծառայելու: Չնայած զանգվածային լրատվամիջոցները գրում են, որ հանցագործները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ` անկախ տարիքից, այդուհանդերձ շատերը վստահ են, որ նրանք երկար ժամանակով չեն ազատազրկվի: Հասարակության մեծ մասի վերաբերմունքը նրանց հանդեպ դրական է, դատարանն էլ` առավել ներողամիտ: Մինչդեռ 2008թ. Ադանայում պետական մեղադրողը առաջարկել էր 58 տարի ազատազրկման ենթարկել երկու քուրդ անչափահասների, որոնք ցույցի ժամանակ քարեր էին նետել ոստիկանության վրա: Այս ամենում մեծ դեր և կարևորություն ունի նաև հասարակական կարծիքը, որի ձևավորման գործում պակաս դեր չեն խաղում զանգվածային լրատվամիջոցները: Թուրքական դպրոցներից մեկի ուսուցիչ Ահմեդ Քաանը ասում է, որ միսիոներները Թուրքիայում ընկալվում են որպես լրտեսներ, և նման կարծիքի ձևավորման գործում մեծ դեր է կատարում մամուլը: «Քահանանե՛ր և վանականնե՛ր, զգուշացե՛ք, քանի որ մեզ հայտնի են ձեր կեղտոտ խաղերը: Դուք ամեն ինչ կանեք, որպեսզի կործանեք Թուրքիան»,- նման արտահայտություններ կարելի է լսել բողոքի ակցիաների ժամանակ կամ կարդալ թուրքական հայտնի թերթերում և ամսագրերում: §Քրիստոնեության վտանգների մասին խոսում են նաև հայտնի պրոֆեսորներ և պատմաբաններ¦,- ասում է Ահմեդ Քաանը: Ժամանակ առ ժամանակ համացանցի տարբեր կայքերում, թերթերում և ամսագրերում հայտնվում են կրոնական փոքրամասնությունների եկեղեցիների հասցեները, հոգևոր առաջնորդների տվյալները, որոնցով ուղղորդում են հանցագործներին: Թերթերում պարբերաբար հայտնվում են հոդվածներ, որտեղ ներկայացնում են, թե ինչպես են միսիոներները մոլորեցնում իրենց հայրենակիցներին, գումար խոստանում, որպեսզի վերջիններս քրիստոնեություն ընդունեն, ինչպես նաև հնչում են նրանց դեմ պայքարելու և երկիրը փրկելու կոչեր: Լրատվամիջոցների, պետական կառույցների նման հակաքարոզչության պայմաններում հասարակության վերաբերմունքը քրիստոնյաների նկատմամբ գնալով սրվում է: Դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ քրիստոնյաների նկատմամբ ոտնձգություններ կատարած մարդիկ հասարակության մեծ մասի կողմից ընկալվում են որպես Թուրքիան փրկող հերոսներ: Նույնիսկ Տրապիզոնում կաթոլիկ հոգևորական Անդրեա Սանթորոնի սպանությունից հետո տեղի մոլլան ուրբաթօրյա նամազի ժամանակ խութբա է կարդացել նրան սպանող տասնվեցամյա երիտասարդի համար: Նմանատիպ գործողություններից հետո համարյա անհնար է դառնում ոչ միայն պայքարը նման ազգայնամոլական դրսևորումների դեմ, այլև դրանց գաղափարական կանխարգելումը: Թուրքիայի բողոքական եկեղեցիների ներկայացուցիչների միության նախկին նախագահ Իհսան Օզբեկը հայտարարում է. «Միսիոներությունը Թուրքիայում քրեորեն անպատժելի հանցագործություն է դարձել: Այս հարցը այնքան է ուռճացվել և հրապարակայնորեն քննադատվել, որ վտանգի է ենթարկել առհասարակ Թուրքիայի տարածքում ապրող բոլոր քրիստոնյաների անվտանգությունը»: Ըստ «Թյուրքիշ դեյլի նյուզ» թերթի լրագրող Մուստաֆա Աքյոլի` Թուրքիայի արևելյան շրջաններում գրանցվել են դեպքեր, երբ մարդիկ, զինված քարերով և փայտերով, հարձակվել են միսիոներների և նրանց եկեղեցիների վրա: Իսկ Մելլիս Էրդալը, որը ամուսնու և երեխաների հետ Թուրքիա է եկել Շվեյցարիայից, ասում է. «Միսիոներները Թուրքիա են գալիս տարբեր երկրներից, նույնիսկ Հարավային Աֆրիկայից: Նրանք միջին տարիքի մարդիկ են, որոնց մեծ մասն ամուսնացած է և ունի երկու-երեք երեխա: Նրանք այս երկիր են գալիս իրենց ընտանիքների հետ, բնականաբար , վախենում են իրենց և իրենց ընտանիքների համար: Սակայն նրանք ամուր են իրենց հավատքում, եւ դա էլ ուժ է տալիս: Մալաթիայի դեպքից հետո շատերը, սակայն, հեռացել են Թուրքիայից»: Համադրելով վերոնշյալ փաստերն ու հանգամանքները` կարելի է ասել, որ Թուրքիայում քրիստոնյա լինելն արդեն իսկ մեծ վտանգ է: Պետական կառույցները, որպես օտար և թշնամի ներկայացնելով քրիստոնյաներին, անուղղակիորեն ուղղորդում են ազգայնականներին և իսլամիստներին: Իսկ երբ գործը հասնում է հանցագործներին պատժելուն, փորձում են չմիջամտել: Երկիրը փրկելու, ազատագրելու կոչերով խթանելով ազգայնամոլությունը` պետությունը պարզապես ազատվում է իր համար անցանկալի տարրերից, որը բավական հաջող կատարում են հայրենիքի «փրկության» համար մարտնչող «հերոսները»` անչափահասները: Ընդհանրացնելով վերոնշալ փաստերը` անհրաժեշտ է նշել, որ թուրք հասարակությունը և թուրքական պետությունը շատ չեն տարբերվում իսլամական այլ պետություններից ու հասարակական կառույցներից: Եվ այս ամենը մեզ հանգեցնում է այն համոզման, որ թուրքական պետական կառույցների այն հայտարարությունները, թե իրենք մեղավորներին գտնելու համար ջանք չեն խնայում, ակնհայտ կեղծիք է, որն ուղղակի անհրաժեշտ է եվրաինտեգրման ճանապարհը բռնած Թուրքիային: ՏԱԹԵՎԻԿ ԽԱՉԻԿՅԱՆ www.religions.am

No comments: