Friday, December 4, 2009

«Սահմանի բացման դեպքում երկնքից մանանա չի թափվելու»

«Առավոտ» 3-12-2009 - ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի համոզմամբ, հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանի համար կարեւոր է եւ հնարավոր բացումը կլուծի ռազմավարական եւ մարտավարական կարեւորագույն խնդիրներ. «Սահմանի բացումը ավելի շատ քաղաքական է, ու պետք է հասկանալ, որ հենց առաջին օրվանից երկնքից մանանա չի թափվելու, սակայն այն կարեւոր խնդիրներ է լուծելու: Նախորդ տարի, երբ խնդիրներ առաջացան Վրաստանում, մենք թեեւ մեկ շաբաթ զրկվեցինք այդ ճանապարհից, բայց բարդություններն ու խնդիրները բավականին զգալի էին, երկրորդ ճանապարհի առկայությունը ռազմավարական խնդիր է, ինչ վերաբերում է մարտավարական խնդիրներին, պետք է նշեմ, որ մենք ունենք լուրջ ակնկալիքներ, որ այն ապրանքները, որոնք մրցունակ չեն արտաքին շուկայում, թանկ ճանապարհածախսով պայմանավորված, ավելի մրցունակ են դառնալու»: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարոն Մինասյանն ասաց նաեւ, որ սահմանի բացման դեպքում Հայաստանը հնարավորություն կստանա տրանզիտային ծառայություններ մատուցել Վրաստանին. «ԱՄՆ-ից ուղարկված ապրանքը Փոթի հասնելու ճանապարհածախսի համար պահանջվում է ճիշտ այնքան գումար, որքան Փոթիից Հայաստան հասնելու համար, սա նորմալ իրավիճակ չէ, ու եթե մենք ունենանք բաց սահման, կկարողանանք տրանզիտային ծառայություններ մատուցել վրացական ապրանքների համար եւ երկուստեք իրավիճակը կնորմալանա»: Պարոն Մինասյանի կարծիքով, Թուրքիան միայն կշահի արձանագրությունները վավերացնելու դեպքում. «Ես հեռու եմ այն մտքից, որ Թուրքիայի նման պետությանը նույնիսկ ԱՄՆ-ն կարողանա ստիպել արձանագրություները հաստատել, ուղղակի, եթե ինքը փորձի ձգձգել այդ գործընթացը կամ այլ գերակայություն նախընտրի, այս պարագայում էլ մեր քաղաքական գործընթացները ոչ պակաս արդյունավետ իրականացնելու հնարավորություն կունենանք»: Պարոն Մինասյանի կանխատեսումներով, եկող տարեվերջին Հայաստանի արտաքին պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կկազմի մոտ 41%. «սա մի իրավիճակ է, որին գնում են այն բոլոր երկրները, որոնք հուսալի վարկառուի իմիջ ունեն համաշխարհային ֆինանսական կազմակերպությունների առաջ»: Գ. Մինասյանը, անդրադառնալով Հանրապետական կուսակցության 12-րդ համագումարին նախագահի հայտարարությանը, թե ավելի մեծ բյուջե են ներկայացնելու հաստատմանը, քան ներկայացրել էին առաջին փուլում, ասաց, որ այդ հայտարարությունը իրատեսական է. «Առաջին՝ տնտեսական աշխուժացման, եւ երկրորդ՝ օրենքների կիրառման շնորհիվ, դա հնարավոր կլինի, քանի որ մենք նաեւ ունենք նոր վարկային միջոցներ ներգրավելու հնարավորություն»: ԱՐՓԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

No comments: