Friday, December 4, 2009

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐ

«Լրագիր» 4-12-2009- Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը հայ հասարակության մոտ ունի որոշակի ընդհանուր ընկալումներ, որոնք հատուկ են հասարակության մեծ մասին: Այլ խնդիր է, որ այդ ընկալումները հասարակության տարբեր շերտերի մոտ առաջացնում են արձագանքի տարբեր աստիճաններ, իսկ որոշ մարդկանց մոտ էլ ոչ մի արձագանք չեն առաջացնում: Բայց ընկալումների մի ամբողջություն կա, որ մեծ մասի մոտ նույնն է, եւ նույնն է եղել գրեթե միշտ` Հայաստանի երեք նախագահների իշխանության տարիներին էլ: Ընդհանրական ընկալումն այն է, որ Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացում միջազգային հանրությունը Հայաստանից պահանջում է կարգավորել հակամարտությունը եւ առաջին հերթին Ադրբեջանին վերադարձնել ազատագրված տարածքները: Ընդ որում, այդ ընկալմանը, աստիճանի ուժգնության որոշակի տարբերությամբ, բայց նպաստել են նաեւ Հայաստանի բոլոր երեք նախագահները: Նրանք չեն փորձել հասարակության մոտ ցրել այդ տպավորությանը, հասարակությանը հիմնավոր կերպով բացատրել կամ համոզել, որ այդպիսի բան չկա, որ որեւէ մեկը որեւէ մեկին ոչինչ չի պարտադրում, այլ պարզապես բանակցություն է, որի ընթացքում ամեն ոք հասնում է այն բանին, ինչին որ կարողանում է հասնել, ամեն ոք շահում է այնքան, ինչքան որ կարողանում է: Ավելին, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր “Պատերազմ, թե խաղաղություն” հայտնի հոդվածով հասարակության մեջ փաստացի խորացրեց եւ ամրապնդեց այն համոզումը, որ աշխարհը մեր դեմ է: Ռոբերտ Քոչարյանն ուղղակի այդպիսի բան չէր ասում, բայց կրկին, որեւէ կերպ հիմնավոր ձեւով հանդես չի եկել տարածք-կարգավիճակի դիմաց բանաձեւի դեմ, իսկ եղել են նույնիսկ առիթներ, երբ Քոչարյանը գրեթե բացահայտ կողմ է արտահայտվել կարգավորման այդ տարբերակին: Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը հայտնի դարձավ դեռեւս 2006 թվականին, երբ նա համարվելով Հայաստանի նախագահի թեկնածուի հիմնական հավակնորդ, եւ լինելով երկրի պաշտպանության նախարար, ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ դեռեւս պատերազմի տարիներին, տարածքները ազատագրելիս է ասել, որ դրանք մեր տարածքn ավելացնելու համար չեն: Դե, իսկ “Աղդամը մեր հայրենիքը չէ” խորհրդանշական “իրապաշտությունը” հայտնի է բոլորին: Այդ պայմաններում, երբ բոլոր երեք նախագահներն, այսպես թե այնպես, հասարակությանը ցույց են տվել, որ աշխարհը մեր դեմ է, ու ոչինչ չեն արել այդ մտայնությունը ցրելու համար, դժվար է հասարակությունից այլ ընկալում սպասել, քան այն, որ մեզանից պահանջում են տարածքները վերադարձնել Ադրբեջանին: Հաջորդ ընդհանրական ընկալումն այն է, որ բոլոր երեք նախագահներն էլ իրենց ժամանակին փորձել են ծախել Ղարաբաղը, որ այդ գնով մնան իշխանության: Դրա համար մեղադրում էին Լեւոն Տեր-Պետրոսյանին, մեղադրում էին Ռոբերտ Քոչարյանին, դրա համար մեղադրում են այժմ Սերժ Սարգսյանին: Այդ ընկալումն էլ ուղղակի հետեւանք է երեք նախագահների այն պահվածքի, որ նրանք ոչ թե փորձել են հասարակությանը համոզել, որ աշխարհը դեմ կամ կողմ չի լինում մեզ, կամ որեւէ մեկին, այլ ընդամենը հարաբերվում է մեր կամ որեւէ մեկի հետ, ու ամեն ինչ կախված է նրանից, թե հարաբերվելու ինչ ընդունակություն ու շնորհք կունենանք մենք: Եթե մեր շնորհքն ընդամենն առեւտրականի հոգեբանությունն է` մի բան տանք, որ մի բան էլ մեզ վերցնենք, ապա դա մեր խնդիրն է, մեր շնորհքի խնդիրն է, ոչ թե մեր բախտի` որ աշխարհը էլի մեր դեմ ելավ: Պարզապես հայերը երբեք չեն կարողացել գտնել աշխարհի հետ հարաբերվելու արդյունավետ մեխանիզմը, որովհետեւ միշտ զբաղված են եղել իշխանության վերարտադրության ավելի ու ավելի արդյունավետ մեխանիզմի որոնումներով: Եվ պարզ է նաեւ, կամ գրեթե պարզ է, թե ինչու Հայաստանի որեւէ նախագահ չի փորձել փոխել հասարակության ընկալումն այն մասին, որ աշխարհը մեր դեմ է: Այդ ընկալումը շատ հարմար է հանրության մեկ այլ` Ղարաբաղը ծախելու ընկալմանը հակադարձելու համար: Երբ որեւէ նախագահի այդ մեղադրանքը ներկայացվում է, ապա հակադարձումն անմիջապես լինում է հենց այն, որ աշխարհն է մեր դեմ, ոչ թե նախագահն է ուզում “ծախել”, հետեւաբար, եթե “չծախի”, ապա պատերազմ կլինի: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: