Saturday, December 12, 2009

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀԻ ՏԱԿ

«Լրագիր» 11-12-2009- Հայաստանի հասարակությունը, ընդդիմությունը, իշխանությունը շունչները պահած սպասում էին, թե ինչ է լինելու Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Օբամայի եւ Թուրքիայի վարչապետ Էրդողանի հանդիպման արդյունքը, ինչով է այն նպաստելու հայ-թուրքական գործընթացի առաջխաղացմանը: Դա բավական հատկանշական հանգամանք է, որը բավական դիպուկ է բնորոշում Հայաստանի հանրային, քաղաքական եւ իշխանական շրջանակների տրամադրությունները, աշխարհընկալումը: Հատկապես հատկանշական էր իշխանության վարքը: Իշխանությունը պետք է որ հասարակության եւ քաղաքական շրջանակների համար լինի “նորաձեւություն” թելադրող: Տվյալ դեպքում, իշխանությունը թերեւս պետք է ասեր հասարակությանն ու քաղաքական շրջանակներին, որ պետք չէ հայացքը հառել Վաշինգտոնին ու սպասել, թե այնտեղ ինչպես կորոշվի մեր ճակատագիրը: Իշխանությունը պետք է հասարակությանն ու քաղաքական շրջանակներին ասեր, որ մեր ճակատագրի հարցում մենք մեր կյանքին, մեր արած-չարածին պետք է նայենք: Բանն այն է, որ ինչ որ իմաստով հասկանալի է, թե ինչու է հասարակությունն ու քաղաքական դաշտը Հայաստանում հայացքը հառել արտերկրի քաղաքական անցուդարձին ու այնտեղ որոնում Հայաստանի համար էական հարցերի լուծումը: Բանն այն է, որ Հայաստանի իշխանության քաղաքականությունը հանգեցրել է այն բանին, որ Հայաստանը դադարել է տարածաշրջանում լինել ինքնուրույն գործոն: Բայց, բանն այն է, որ հասարակական-քաղաքական շրջանակներն այդ առումով ոչ թե փորձում են երկրի ներսում իրավիճակ փոխել, որպեսզի Հայաստանը դառնա գործոն, այլ ուղղակի հեշտությամբ համակերպվում են այդ մտքին ու հետեւում, թե երբ է իշխանությունը դրսում տապալվելու եւ երբ են այդ ավերակների վրա իրենք թագավորելու: Իշխանությունն էլ, տեսնելով, որ սպասում են իր տապալմանը, բայց մի քիչ ավելի իմանալով եւ հասկանալով, որ պարզապես հանգամանքներն այնպիսին են, որ առարկայական տապալում առաջիկա տարիներին չի լինելու, գոհ ու բավարարված դիրքավորվում է հայաստանյան մտածողության այդ դաշտում եւ ամեն մի հաջորդ օր չտապալվելով, փաստացի ինքնահաստատվում է Հայաստանում, թեեւ ավելի ու ավելի է կորցնում ինքնուրույնությունն արտերկրում: Ու այդ իրավիճակում, իշխանությունը չունենալով բացարձակ շահագրգռություն փոխել հասարակական-քաղաքական “նորաձեւությունը” Հայաստանում, ավելի է խթանում եղածը եւ հասարակական-քաղաքական շրջանակների հետ գրեթե “գրազ” գալիս, որ Օբաման կոտրելու է թուրքերին, կամ որ Օբաման երբեք չի ընդունի Ղարաբաղի նախապայման, կամ որ Օբաման ընդհանրապես մեր հետ է: Տվյալ իրավիճակում խոսքն Օբամայի մասին էր, բայց պարբերաբար փոխվում են կոնկրետ դեպքերը եւ դեմքերը, ու ասենք Օբամային կարող է մեկ էլ փոխարինել Մեդվեդեւը, կամ Սարկոզին: Միեւնույն է, երեւույթը, իրողությունը մնում է նույնը: Այդ պայմաններում, բացարձակապես անկարեւոր է դառնում, թե ինչ են որոշել Օբաման, Էրդողանը, Մեդվեդեւը, Սարկոզին կամ Միշել Պլատինին: Թվում է, թե նրանց որոշումը մեզ համար կարող է լինել լավ եւ վատ, հետեւաբար չի կարող լինել անկարեւոր: Բայց խոսքը ժամանակային մեծ ընդգրկման մասին է: Լավ է, որ կոնկրետ ժամանակում դեռեւս չեն եղել մեզ համար ճակատագրական վատ որոշումներ: Գուցե առաջիկայում դեռ երկար ժամանակ չլինեն էլ: Բայց խնդիրն այս դեպքում այն է, որ ինչ էլ լինեն որոշումները, մենք այդ առումով օբյեկտ ենք, ոչ թե սուբյեկտ: Իսկ օբյեկտը այսօր կա, վաղը կարող է “հանրային գերակա շահի” տակ ընկնել, որովհետեւ ժամանակը փոխվում է ու շահն էլ՝ հետը: ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: