Friday, December 4, 2009

Հնարավոր պատերազմում կհաղթի այն երկիրը, ում կաջակցի Ռուսաստանը. փորձագետ

Tert.am. 4-12-2009- Շատ փորձագետներ կարծում են, որ հայ-թուրքական գործընթնացն ունի արևմտյան և ամերիկյան ծագում, սակայն միևնույն ժամանակ անհասկանալի է` ինչու է Արևմուտքը անտեսել Ադրբեջանը: Նման կարծիք վրացական «Քվիրիս Պակիտրային» տված հարցազրույցում հայտնել է քաղաքագետ Ռամազ Սաքվարելիձեն: «Հայաստանին կվերադարձնեն Արևմուտքի դաշտ, իսկ դրա պատճառով Ադրբեջանը կմնա Ռուսաստանի ազդեցության դաշտում: Սա ինձ հիշեցնում է վրացական ասացվածքը` «այծ առնող, այծ վաճառող»»,- հավելել է նա: Սաքվարելիձեի խոսքերով` Կովկասը միշտ էլ պառակտված է մնալու: «Ադրբեջանն արդեն իսկ մեզ շատ անգամ հասկացրել է, որ նա, հնարավոր է, շարժվի դեպի հյուսիս, և այդ ուղղությամբ նա արդեն մի քանի քայլ է կատարել»: Բաքվի կողմից հնչեցրած ռազմատենչ հայտարարությունների վերաբերյալ վրացի փորձագետը նշել է, որ այս տարածաշրջանում ռազմական հակամարտության ժամանակ կհաղթի նա, ում կողմից հանդես կգա Ռուսաստանը: «Հնարավոր է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը ծագել է հենց այդ հողի վրա, իսկ Ռուսաստանը, ինչպես հայտնի է, «պարտվող» խաղեր չի խաղում` միմյանց դեմ հանելով հակամարտող կողմերին, հարկ եղած դեպքում նա զենք և ենթակառույցներ կտրամադրի երկու կողմերին էլ, իսկ հաղթող կդառնա միայն ինքը: Այնպես որ, չի բացառվում, որ իրադարձությունները կզարգանան հենց այդ կերպ»: Իրադարձությունների նման զարգացումը, քաղաքագետի խոսքերով, շատ ձեռնատու է Ռուսաստանին, «քանի որ դա կլինի այնպիսի ծրագրի ձախողում, ինչպիսին «Նաբուկոն» է, իսկ այս դեպքում, արդեն ոչինչ չի խոչընդոտի Ռուսաստանի մենաշնորհին»: Սաքվարելիձեն նաև հայտարարել է, որ եթե Կովկասը որպես անցումային գիծ փակվի, ապա Եվրոպայի միակ էներգամատակարարը կդառնա Ռուսաստանը: «Իսկ դա Ռուսաստանից կախման մեջ կգցի Եվրոպայի բոլոր երկրներին, ինչը, իր հերթին, կհանդիսանա, ՆԱՏՕ-ի պառակտման պատճառ»,- եզրափակել է փորձագետը:

No comments: