«Լրագիր» 1-12-2009- Հայաստան համահայկական հիմնադրամը հրապարակեց 2009 թվականի հեռուստամարաթոնի արդյունքը, որը բավական հետաքրքրական պատկեր է բացահայտում: Ընդհանուր առմամբ, հավաքվել է 15 միլիոն 875 հազար 43 դոլար: Դրանք, ինչպես հայտնի է, կոնկրետ նվիրատվություներ եւ խոստումներ են: Ցավոք սրտի, հիմնադրամը չի հրապարակել, թե հատկապես որքանն է խոստում եւ որքանն է, որ արդեն իսկ կարելի է համարել տրված փող: Բայց այս պահին խնդիրն իհարկե դա չէ, թեեւ ընդհանրապես դա լուրջ խնդիր է:
Հայաստան հիմնադրամը ներկայացրել է, թե 2009 թվականի հանգանակությունն ինչպես է ստացվել: Նախ, մոտ 16 միլիոն դոլարը ստացվել է ոչ միայն Լոս-Անջելեսի հեռուստամարաթոնի, այլ նաեւ դրանից առաջ իրականացված հեռախոսամարաթոնի եւ Ռուսաստանում հայ գործարարների մասնակցության ճաշկերույթի շնորհիվ: Մասնավորապես, այդ ճաշկերույթը հանգանակել է 5 միլիոն 290 հազար դոլար: Այդ թիվը մի քանի անգամ պակաս է նախորդ տարվա ճաշկերույթի հանգանակությունից, որն ավելի լայն ֆորմատով էր անցել եւ որին մասնակցել էին նաեւ Հայաստանի գործարարները: Նախորդ տարի հանգանակվել էր 30 միլիոն դոլար, որից 15 միլիոնը տվել էր հայտնի գործարար Սամվել Կարապետյանը:
Բայց, եթե նույնիսկ համարենք, որ նախորդ տարի մասնակցում էին նաեւ գործարարներ Հայաստանից, միեւնույն է, ակնհայտ է, որ այս տարի նվազումը էական է: Բանն այն է, որ Հայաստանից եւ Արցախից 2009 թվականի հանգանակությունը հավաքել է ընդամենը 1 միլիոն 747 հազար 43 դոլար: Եթե համարենք, որ դա ամբողջությամբ գործարարների նվիրաբերած փող է եւ քաղաքացիները որեւէ մասնակցություն չեն ունեցել, ապա գումարելով դա Մոսկվայի ճաշկերույթի 5 միլիոնին, ստացվում է ընդամենը մոտավորապես 7 միլիոն դոլար: Եթե համարենք նաեւ, որ նախորդ ճաշկերույթի 30 միլիոնից 15-ը տվել էր Սամվել Կարապետյանը, ապա միեւնույն է, մնացյալ 15 միլիոնի համեմատ ներկայիս 7 միլիոնը կրկնակի քիչ է: Գործին գուցե միջամտել է տնտեսական ճգնաժամը: Բայց արձանագրում ենք փաստը:
Այդ առումով թերեւս հատկանշական է նաեւ այն, որ զարմանալի քիչ փող է հանգանակվել ԱՄՆ-ում: ԱՄՆ համարվում է մեր ամենաշռայլ եւ հարուստ սփյուռքահայ գաղթօջախներից մեկը: Զարմանալի է, որ այդ պարագայում հանգանակվում է ընդամենը 2 միլիոն 86 հազար դոլար: Կրկին կարելի է վկայակոչել ճգնաժամը, բայց կրկին արձանագրում ենք փաստը: Նախկինում, օրինակ, դրանից ավելի գումար նվիրաբերում էին միայն ԱՄՆ-ում ապրող մեծահարուստ հայերը: Թերեւս ԼՂՀ նախկին նախագահ, այժմ Հայաստանի հատուկ հանձնարարությունների դեսպան Արկադի Ղուկասյանին չի հաջողվել համոզել ամերիկահայ մեծահարուստներին, որ նրանք շռայլ լինեն համահայկական հանգանակության ընթացքում: Թե ինչո՞ւ են նրանք այս անգամ պասիվ եղել՝ դա հիմնադրամի աշխատանքի անարդյունավետության, Հայաստանի իշխանությունից հիասթափության, թե ճգնաժամի հետեւանք է, թերեւս առանձին խոսակցության նյութ է:
Քիչ թե շատ տպավորիչ է Եվրոպայում բնակվող հայերի ցույց տված արդյունքը: Ընդհանուր առմամբ, Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Հոլանդիայի, Ավստրիայի եւ Մեծ Բրիտանիայի հայերը հավաքել են մոտ 5,5 միլիոն դոլար: Հատկանշական է, որ այլ երկրների անուն հիմնադրամը չի տալիս, մինչդեռ Եվրոպայում կարծես թե էլի կան երկրներ, որտեղ հայերը շոշափելի թիվ կազմում են:
Զարմանալի է նաեւ, որ Հարավային Ամերիկայի մասին տվյալներում, Արգենտինայի եւ Բրազիլիայի կողքին, որոնք հավաքել են մոտ կես միլիոն դոլար, չկա Ուրուգվայի անունը, մինչդեռ հայտնի է, որ այդ երկրում կա շոշափելի հայկական համայնք: Ավելի քան կես միլիոն դոլար է հավաքվել նաեւ Կանադայից, իսկ Լիբանանն ու Ավստրալիան իրար հետ հավաքել են մոտ 300 հազար դոլար: Զարմանալի է նաեւ, որ բացակայում է թերեւս բավական զգալի հայկական համայնք ունեցող Հունաստանի անունը:
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
Tuesday, December 1, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment