Thursday, December 3, 2009

Կոնգրեսում թուրքամետ գործչին կփոխարինի հայամետ կոնգրեսականը

Panorama.am. 3-12-2009- ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովի նախագահի պաշտոնում Ռոբերտ Վեքսլերին կփոխարինի Բիլ Դելահանտը: Այս մասին հայտնում են օտարերկրյա մի շարք լրատվամիջոցներ: Ռոբերտ Վեքսլերը ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի Եվրոպայի հարցերով ենթահանձնաժղովը ղեկավարում է 1997 թվականից սկսած: Նա միևնույն ժամանակ հանդիսանում է Թուրքիայի հետ բարեկամության խմբի ղեկավարը, և բազմաթիվ անգամ հանդես է եկել Թուրքիայի ու Ադրբեջանի շահերի պաշտպանությամբ: Հարկ է նկատել, որ նրա գլխավորած ենթահանձնաժողովի իրավասությունների տիրույթում են ոչ միայն Թուրքիայի ու Ադրբեջանի, այլև` Հայաստանի հետ փոխհարաբերությունների հարցերը: Եվ ահա, Ռոբերտ Վեքսլերը մինչև տարեվերջ լքելու է Կոնգրեսը: Հայտնի է, որ նա գլխավորելու է «Մերձավոր Արևելքում խաղաղության և տնտեսական համագործակցության կենտրոն» ոչ կառավարական կազմակերպությունը: Ինչ վերաբերում է Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովին, ապա նոր ղեկավարի պաշտոնում հաստատվել է կոնգրեսմեն Բիլ Դելահանտը: Վերջինս 2007 թվականին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում շրջանառված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նախագիծը սատարողների թվում էր:

No comments: