Report.am. 27-1-2010- -Ցանկացած երկիր նման է ֆիրմայի: Ֆիրմայի վարքագիծն այնպիսին է, որ եթե դու չունես ընթացիկ միջոցներ, բայց ունես ծրագրեր` ուղղված քո հետագա զարգացմանը, բնականաբար պետք է ունենաս պարտքային միջոցներ: Չկա զարգացող երկիր, որ պարտքով չապրի,- այսօր «Հայացք» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ տեսակետ արտահայտեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը:
-Մեր կառավարության պրոբլեմն էլ հենց դա է, որ պետության կառավարմանը նայում է ինչպես ֆիրմայի կառավարման,- հակադարձեց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ, ՀՅԴ ներկայացուցիչ Արա Նռանյանը:
Աժ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նշեց, որ 2009 թվականը տնտեսական առումով ծանր տարի էր ոչ միայն Հայաստանի, այլև ողջ աշխարհի համար. «Մենք նախատեսել էինք, որ նախորդ տարի պետք է ունենանք 0.2 տոկոս տնտեսական աճ, սակայն ունեցանք 14.4 տոկոս տնտեսական անկում»,- փաստեց Գագիկ Մինասյանը` մեկնաբանելով. «Սա խոսում է այն մասին, որ Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, դեռ չեն սովորել ճիշտ կանխատեսումներ անել տնտեսական ճգնաժամի պայմաններում»: Ըստ նրա` կառավարության հակաճգնաժամային ծրագիրը բարեհաջող է գործել: Պաշտոնյան վստահ է, որ 2009-ին որևէ սոցիալական ծրագիր չի կրճատվել, հիմնվել են նոր աշխատատեղեր, և նախորդ տարվա կատարած աշխատանքների շնորհիվ հնարավոր կլինի այս տարի առաջանցիկ աճ ունենալ: Ըստ տնտեսագետի` մեր տնտեսության խոցելիության պատճառը պակաս դիվերսիֆիկացիան է (տնտեսության ճյուղերի ֆինանսավորումը) և այս ուղղությամբ կատարվելիք քայլերը` լրացուցիչ վարկային միջոցների հաշվին, ստվերային տնտեսության դեմ պայքարը, կկարողանան ապահովել ավելի մեծ տնտեսական դիվերսիֆիկացիա:
Ըստ Արա Նռանյանի՝ տնտեսական ճգնաժամն ապացուցել է, որ ՀՀ տնտեսությունը կախված է ներմուծումից և մասնավոր տրանսվերտներից, լուրջ խնդիր ունենք տնտեսական անվտանգության ապահովման, տեղական արտադրության պահպանության և զարգացման առումներով: «Ճգնաժամի սկզբնական ամիսներին կառավարությունը կարծես թե համաձայնում էր և մատնանշում էր այս խնդիրները և ցանկություն էր հայտնում այդ խնդիրները լուծելու, մասնավորապես՝ տնտեսության դիվերսիֆիկացիայի ապահովման ուղղությամբ, բայց երբ կառավարությունը ստացավ իր համար անհրաժեշտ արտաքին դրամական միջոցները, վարկերը, քաղաքականությունը փոխվեց», նշեց Արա Նռանյանը, հավելելով, որ ակնհայտ է` կառավարությունը ժամանակ է ձգում՝ մինչև ամբողջ աշխարհում տնտեսական ճգնաժամն անցնի, որը դրական հետևանք կունենա մեր տնտեսության համար։ «Մենք սպասում ենք, որ ԱՄՆ-ում անշարժ գույքի գները բարձրանան, մեզ մոտ` նույնպես շինարարության ծավալները կավելանան, Ռուսաստանում նավթի գների բարձրացման արդյունքում կավելանան մեր քաղաքացիների եկամուտները, հետևաբար` Հայաստան մտնող մասնավոր տրանսվերտները»: Ըստ Արա Նռանյանի` այդ մասին վկայում է նաև Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցչի հարցազրույցը, ըստ որի` կառավարությունը սպասում է մինչև վերադառնա այդ նախկին «բոնուսներին»:
2010-ից Արա Նռանյանն ակնկալիքներ չունի. «Ունենալու ենք նույն ներմուծում-արտահանում հարաբերակցությունը, տեղական արտադրողների աջակցության ուղղությամբ ոչինչ չի արվի»: ՀՅԴ ներկայացուցիչը նկատում է, որ կառավարության հաշվետվություններ-ծրագրի գրեթե 100 տոկոսը նախկինում ծրագրված միջոցառումներ են և որևէ կապ չունեն հակաճգնաժամային քաղաքականության հետ. «Այդ հարցը ես ԱԺ-ում տվել եմ նաև ֆինանսների նախարարին, ով խոստովանել է, որ դրանք, իսկապես, նախկինում ծրագրված միջոցառումներ են, պարզապես իրականացվում են ավելի ինտենսիվ մեթոդով»,- հավելեց Արա Նռանյանը:
2010 թվականին կառավարության կողմից իրականացվելիք մի նախաձեռնության` կենսաթոշակային բարեփոխումների մասին Արա Նռանյանը լավ կարծիք չունի: Ըստ նրա` սա կլինի վերջին քայլը կառավարության կողմից պետությունը վերջնականապես տասնամյակներով հետ գցելու և սնանկ պետություն դարձնելու առումով. «Սա վերաբերում է բոլոր քաղաքացիների, երկրի ապագային: Կենսաթոշակային բարեփոխումները, որը ենթադրում ենք, որ քաղաքական մեծամասնությունը ցանկանում է իրականացնել, ամենամեծ հարվածն է լինելու ՀՀ-ին: Այս պրոյեկտն ավելի հզոր է լինելու, քան նախկին բոլոր վատ պրոյեկտները միասին վերցրած»,- հավաստիացնում է ԱԺ պատգամավորը վստահեցնելով, որ հետո ունենալու ենք լուրջ պրոբլեմներ ոչ միայն տնտեսական, այլև անզգային անվտանգության առումով:
ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանն անմիջապես հակադարձեց` վստահեցնելով, որ այդ բարեփոխումներում «գաղափարախոսություն և փիլիսոփայություն կա»:
ՍԻՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Wednesday, January 27, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment