Monday, January 11, 2010

Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ շահերից է բխում

/PanARMENIAN.Net/ 11.01.2010 - Եթե ամերիկյան վարչակազմը որոշել է ճնշում գործադրել հայկական կազմակերպությունների վրա Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, ապա նա սխալվել է իր հաշվարկներում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության Ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը` մեկնաբանելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների վերաբերյալ խորհրդատվություններ անցկացնելու նպատակով Ամերիկայի մի շարք հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի առաջիկա հանդիպման մասին հաղորդագրությունը: «ԱՄՆ իր նեղ կոնյուկտուրային շահերն ունի Թուրքիայի հետ, բայց հենց Վաշինգտոնի շահերից է բխում Հայոց ցեղասպանության ճանաչումը»,- ասաց Սաֆրաստյանը: ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը փետրվարին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների վերաբերյալ խորհրդատվություններ անցկացնելու նպատակով Ամերիկայի մի շարք հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ խորհրդատվություններ կանցկացնի: Խորհրդատվություններին մասնակցելու համար Պետքարտուղարի կողմից հրավիրված են ԱՀՀ-ն, Համահայկական Բարեգործական Միությունը (ՀԲՄ), ԱՄՆ-ում Հայ Առաքելական Եկեղեցու Արեւելյան ու Արեւմտյան թեմերը, «Վարդանի ասպետներ» կազմակերպությունը եւ Ամերիկայի Հայ Դատի Հանձնաժողովը (ԱՀԴՀ): Ամերիկայի Հայկական Համագումարը (ԱՀՀ) հիմնվել է 1972թ.: Դա ԱՄՆ-ի խոշորագույն հայկական կազմակերպություններից մեկն է, որի գործունեությունն ուղղված է իրազեկման բարձրացմանն այն հարցերում, որոնք առնչվում են Ամերիկայի հայ համայնքին: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Դեռեւս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձեւեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձեւեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայրսւթյան գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը: Հայոց ցեղասպանությունը ճանաչվել եւ դատապարտվել է աշխարհի շատ երկրների եւ ազդեցիկ միջազգային կազմակերպությունների կողմից: Պաշտոնապաես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել եւ դատապարտել է Ուրուգվայը 1965թ.: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաեւ Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման եւ փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Բելգիան, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Կանադան, Վատիկանը, Ավստրալիան, ԱՄՆ-ի 44 նահանգները: Բելգիայում եւ Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչեւ 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաեւ մի շարք ազդեցիկ ԶԼՄ-ներ` The New York Tumes-ը, BBC-ին, The Washington Post-ը, THe Associated Press-ը: Հայոց ցեղասպանության ճանաչումը պարտադիր պայման է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համար: Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին եւ արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

No comments: