Friday, January 29, 2010

ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՐՏԵԶ «ՋՈՐՋ ՎԱՇԻՆԳՏՈՆ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՍԵՄԻՆԱՐՈՒՄ

Դրա ցուցադրմանը բուռն հակազդեցությամբ առարկել է թուրք դիվանագետը «ԱԶԳ», 29-01-2010- Օրերս ամերիկյան «Ջորջ Վաշինգտոն» համալսարանի իրավաբանական դպրոցը կազմակերպել է «Հայաստան-Թուրքիա Արձանագրություններ. իրողություններ եւ երեւակայություն» թեմայով սեմինար, որտեղ ներկայացվել է պատմական Հայաստանի քարտեզը: Դրան, ինչպես հունվարի 26-ի համարում նշել էր թուրքական «Զաման» թերթը, առարկել է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանության ներկայացուցիչը, պատճառաբանելով, թե «Պատմական Հայաստան» խորագրով ներկայացված քարտեզը ներառում է Թուրքիայի արեւելյան շրջանները, իսկ դա հակասում է սեմինարում քննարկվող թեմայի տրամաբանությանը: Թուրք դիվանագետը միաժամանակ նշել է, որ սեմինարի չի հրավիրվել թուրքական կողմի տեսակետներն արտացոլող ոչ մի մասնակից, դա կասկածի տակ է դնում սեմինարի անկողմնակալության սկզբունքով անցկացումը, եւ զեկուցումներում բացառապես ներկայացվել են 1915-ի իրադարձությունների առնչությամբ հայկական պնդումները հաստատող թեզեր: Նա, ըստ «Զամանի», մասնակիցներին է ներկայացրել ցեղասպանության հարցում Թուրքիայի պաշտոնական տեսակետը եւ գանգատվել է, որ Հայաստանն անարձագանք է թողել պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու, ինչպես նաեւ արխիվները փոխադարձաբար բացելու թուրքական կառավարության առաջարկը: Արձագանքելով Թուրքիայի դեսպանատան աշխատակցի ելույթին, պատմական Հայաստանի քարտեզի ցուցադրման պատասխանատվությունն իր վրա է վերցրել սեմինարի զեկուցողներից «Ջորջ Վաշինգտոն» համալսարանի իրավաբանական դպրոցի դասախոս Շոն Մերֆին, ընդգծելով, որ քարտեզը տեղադրված է եղել Google համացանցում: Այնուհետեւ նա նշել է, որ պատմական Հայաստանը ընդարձակ երկիր է, ներառում էր բազմաթիվ շրջաններ, ինքն այլ նպատակ չի ունեցել, քան ցուցադրել երկրների քարտեզը, որպեսզի այս կարգի հարցերի վրա հրավիրի տարածաշրջանով հետաքրքրվող մասնագետների ուշադրությունը: Ինչ վերաբերում է սեմինարում թուրքական կողմի բացակայությանը, ապա Մերֆին դրա առնչությամբ ասել է, որ սեմինարը բաց էր բոլորի առջեւ: Տեղեկացնելով այս ամենի մասին, «Զամանն» ավելացնում է. «Պատմական Հայաստանի քարտեզում ընդգրկված էին նաեւ Վրաստանի, Ադրբեջանի, Իրանի, Իրաքի տարբեր շրջաններ»: Հ. ՉԱՔՐՅԱՆ

No comments: