Monday, January 11, 2010

ԻՐԵՆՑ ԶԵՆՔԸ ԲՌԻՈՒԹՅՈՒՆՆ Է

Հարցազրույց ազգագրագետ Աղասի Թադևոսյանի հետ -2009 թվականը Ձեր դիտարկմամբ: -2009-ին զուտ փաստագրական տեսանկյունից Հայաստանի թե քաղաքական, թե հասարակական կյանքի վրա ազդող երկու իրադարձություններ տեղի ունեցան` մայիսի 31-ին քաղաքապետի ընտրությունները և մարտի վերջից սկսած հայ-թուրքական արձանագրությունների պատմությունը, որն էլ աշխուժություն ու շարժում մտցրեց արդեն 2008-ից սկսված շարժունակ կյանքում: Բնականաբար կյանքում ամեն բան մեկ այլ բանի շարունակությունն է, եթե նույնիսկ դրանք իրարից շատ կտրված ու տարբեր են, միևնույն է, շարունակություն կա: Եվ քաղաքապետի ընտրությունները տրամաբանորեն ամփոփեցին 2008 թվականի քաղաքական փուլը: Իսկ թե ինչու ամփոփեցին 2008-ը, որովհետև այն, որ ընդդիմությունը քաղաքապետի ընտրություններին առանձնապես պայքարի, ակտիվության ինչ-որ նշաններ չցուցաբերեց, ցույց տվեց, որ այդ փուլն ավարտված է: - Ըստ Ձեզ` ի՞նչն էր պատճառը, որ ընդդիմությունը չընդդիմացավ, որովհետև արդեն 2008-ի դառը փորձն ունե՞ր: -Եթե շատ անկեղծ լինեմ, ապա իմ կարծիքով, Տեր-Պետրոսյանը առանձնապես չէր էլ ձգտում վերցնել իշխանությունը, որովհետև իշխանության ձգտող մարդը մարտի մեկին քայլ կաներ: Դրա համար հակված եմ կարծելու, որ ինքը չէր մտածում իշխանությունը վերցնելու մասին, կամ գուցե չէր հավատում, որ դա կարող է տեղի ունենալ, կամ ասենք չէր հավատում հասարակությանը, կամ ուղղակի այլ ակնկալիքներ ուներ դրսի հետ կապված, որոնք չիրականացան, և ինքն էլ հետ կանգնեց արագ, կտրուկ քայլ անելու մտքից: -Վերլուծաբան Անուշ Սեդրակյանը մեկնաբանում է, որ այդ տարիների ընթացքում ժողովրդի սերն էր պակասում նրա նկատմամբ, եկավ, վերականգնեց ու հիմա հետ է քաշվում: Համամի՞տ եք այս կարծիքի հետ: -Մի քիչ շատ ռոմանտիկ եմ համարում, չեմ կարծում, որ Լևոն Տեր-Պետրոսյանն այդքան էմոցիոնալ մարդ է, որ ասենք ժողովրդի սիրո համար գար այդպիսի հզոր շարժում կազմակերպեր, որովհետև 2008 թվականի շարժումը շատ հզոր շարժում էր: Այդ շարժման հիմքում դրվեցին գաղափարներ, չասեմ շատ լուրջ գաղափարներ, բայց համենայն դեպս նոր մտքեր, ավելի ճիշտ նոր ինտերպրետացիաներ: Այսինքն` Տեր-Պետրոսյանն իրականության նոր մեկնաբանություն առաջ քաշեց, որը ներկայիս քաղաքական ռեժիմին անվանեց ավազակապետություն, ինչը իրական համարվեց նաև ժողովրդի կողմից: Մարդիկ իրենք էլ գտնում էին, որ գործող համակարգը ոտքից գլուխ մխրճված էր կոռուպցիայի մեջ, իսկ կոռուպցիան ոչ այլ ինչ է, քան ավազակություն, ժողովրդի փողերի հանդեպ կազմակերպված գողություն, հանցագործություն: 2009-ին պարզապես ընդդիմությունը իրականության նոր ինտերպրետացիաներով մուտք գործեց քաղաքականություն և ակտիվացրեց հասարակական դաշտը, մարդիկ շատ հավանեցին այդ նոր ինտերպրետացիաները և դրանից ոգևորված` էմոցիոնալ լուրջ շարժում առաջացավ: Էմոցիոնալ շարժումը կարելի էր տեղափոխել քաղաքական հարթություն, սակայն կարծես տեղի ունեցավ էներգիայի ծրագրավորված մարում: Այսինքն` տպավորությունն այն է, որ ընդդիմությունը 2009 թվին ծրագրավորած ձևով գնաց այդ 2008 թվի ինտերպրետացիաների հիմքի վրա առաջացած հզոր հասարակական կոնսոլիդացիան ու էներգիան աստիճանականորեն մարելուն: Միգուցե այն Տեր-Պետրոսյանին արդեն պետք չէր, որովհետև իրեն այլ բան էր պետք: Այսինքն` երբ լսում ենք Տեր-Պետրոսյանի խոսքերը, ըստ իրեն 2009-ին նրա ծրագրերը շատ ավելի ստրատեգիական էին. այսինքն` ինքը խնդիր դրեց փոխել հասարակությունը, այլ ոչ վերցնել իշխանությունը: -Եվ արդյո՞ք հաջողվեց փոխել հասարակությանը: -Հիմա նա հասարակությանը փոխելու համար ոչինչ չի անում. կամ խաբում է մարդկանց, կամ քայլեր չի կարողանում անել մարդկային ռեսուրսների բացակայության պատճառով, որովհետև եթե ընդհանրապես մի որևէ հասարակությունում փոփոխություն է տեղի ունենում, ապա տեղի է ունենում մարդկային ռեսուրսների միջոցով: Եվ հիմնականում տեղի է ունենում մարդկային ռեսուրսի մտավոր կոմպոնենտի հաշվին, ոչ` ֆիզիկական: -Դուք ի նկատի ունեք, որ Տեր-Պետրոսյանի թի՞մն այն չէ: -Ուզում եմ ասել, որ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմն այն չէ, բայց նաև ուզում եմ ասել, որ միգուցե դա մտածված է այդպես: Այդտեղ պարզապես կան խոսքեր, չկա այդ ուղղությամբ կամք ու գործողություն: Ընդդիմության ճամբարում կա մտքի ինչ-որ թույլ շարժում, բայց կամք ընդհանրապես չկա կամ շատ թույլ է: Միակ կամքը կարծես թե նկատվում է այն երիտասարդների միջավայրում, ովքեր պտտվում են փողոցներով և թռուցիկներ են բաժանում: Նրանց ֆիզիկապես անընդհատ ճնշում են, բայց իրենք չեն ընկճվում ու շարունակում են անել իրենց գործը: Ուզում եմ ասել, որ ընդդիմության մեջ միգուցե կոնկրետ գործ անում են միայն այդ մի քանի երիտասարդները: Իսկ ինչ վերաբերում է ընդդիմության առաջնորդին, որի ստրատեգիական մտքերը, ծրագրերը շատ հրապուրիչ են, ու անձամբ ինձ նույնպես դուր են գալիս, բայց ամբողջ հարցն այն է, որ նրան սկսում ես չհավատալ, քանի որ այդ նպատակներին տանող կոնկրետ գործողություններ ու ծրագրեր չեն իրականացվում: Այսինքն` եթե որպես նպատակ է հռչակվում հասարակությունը փոխելը և այդ նոր, փոխված քաղաքացիական հասարակության միջոցով նոր որակի իշխանության ձևավորումը, ապա ընդդիմությունը պետք է ժամանակ չկորցներ ու քաղաքական, հասարակական դաշտում կոնկրետ ինչ-որ գործեր աներ: Ասենք դա կարող էր լինել մտածող մարդկանց կոնսոլիդացումը, հանդիպումների ու քննարկումների կազմակերպումը, ընդդիմության ներսում նոր որակի իշխանության ձևավորումը, այսինքն` շարժման զարգացումը, որովհետև հիմնական գործը նոր որակի շարժումներ կազմակերպելն է: Շարժումն է փոխում ու զարգացնում ամեն ինչ, այդ թվում` ձևավորում քաղաքացիական հասարակությունը: Ուրեմն ընդդիմության գործը պետք է երևար հասարակական կյանքում նոր որակի շարժումներում: Ընդհանրապես, հասարակական-քաղաքական ամենակարևոր ու որակական բնույթի փոփոխություններն առաջանում են մտավոր ոլորտում տեղի ունեցող շարժումներից: Ֆիզիկական հարթության շարժումներից Տեր-Պետրոսյանը հրաժարվեց 2008 թ. մարտի 1-ին, բայց դրանից հրաժարվելով` ուրիշ որևէ բան չարեց: Իսկ զարգացման տրամաբանությունը ենթադրում էր շարժումը տեղափոխել մտավոր ոլորտ, ինչի հետևանքով կարող էր էականորեն փոխվել ընդդիմության վերնախավը, բայց ընդդիմադիր շարժումը դրանից միայն օգուտ կունենար: 2009-ին կարևոր քայլ կատարեց Դաշնակցությունը, երբ դուրս եկավ իշխանական կոալիցիայից: Դա 2009-ի կարևոր ու դրական փոփոխություններից մեկն էր: Դա նաև ցույց տվեց, որ արտաքին աշխարհից եկող ազդակները կարող են դրականորեն ազդել Հայաստանի քաղաքական դաշտի վրա: -Շատերը Դաշնակցությանը որակում են որպես կեղծ ընդդիմություն: -Այսօր կարող ենք կասկածի տակ դնել` իրական է, անկեղծ է, կեղծավոր է, բայց ինձ հետաքրքրում է արդյունքը: Իսկ արդյունքն այն է, որ վերջին հաշվով Բարգավաճ Հայաստանը դուրս չեկավ, այլ դուրս եկավ Դաշնակցությունը, որովհետև Դաշնակցությունը գաղափարներ ունեցող կուսակցություն է, իսկ Բարգավաճ Հայաստանը պարզունակ ուժ է, որը ոչնչով չի տարբերվում Հանրապետականից, որը ցանկացած պահի կարող է դառնալ բռի ուժ: Իշխանությունը գրաված այդ երկու խմբավորումների ռեսուրսն էլ իրենց ուժի բռիության մեջ է: Իրենք ցույց տվեցին, որ այդ բռիությամբ նաև կարող են իշխանություն պահել: Եվ ընդհանրապես Հայաստանի իշխանության որակն էլ է բռի: Դրա “փայլուն” դրսևորումներից մեկն էլ “Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու համար առանձնապես խելք պետք չէ” թևավոր արտահայտությունն է: Եվ դրա հեղինակը Հայաստանի քաղաքական դաշտի երկրորդ դեմքն է: Ստացվում է, որ քաղաքականությամբ զբաղվելու համար խելք պետք չէ, այն հարկավոր է միայն բիզնեսով զբաղվելու համար: Փաստորեն իրենք իրենց խելքը հիմնականում կենտրոնացնում են իրենց բիզնեսի վրա և քաղաքականության վրա առանձնապես մտավոր էներգիա չեն ծախսում, որովհետև այդ ոլորտը դրա կարիքը չունի: Այսինքն` մեր քաղաքական հարթությունում մտավոր ներդրումներ չեն արվում: Ամեն բան թողնված է մեկ-երկու մարդու վրա: Իսկ այդպես արվում է փակ, ցեղապետական համակարգերում, որտեղ որոշումներ կայացնելու ամբողջ իրավունքը և պատասխանատվությունը թողնված է մեկ մարդու վրա: Մյուսները, կարելի է նույնիսկ ասել, որ չեն էլ մտածում, նրանք միայն կատարում են: Նրանց մտքով անգամ չի անցնում, որ իրենք կարող են մտածել ու մասնակցել որոշումների կայացմանը: Որոշումներն ընդունում էր ցեղի առաջնորդը կամ գերդաստանի նահապետը: Ցեղի կամ գերդաստանի երկրորդ մարդը մտածելու անհրաժեշտություն չուներ: Այս ավանդական ցեղատիրական իրավիճակը փաստորեն դարձավ 2009 թ. մեր քաղաքական դաշտի հիմնական բնութագրիչը: 2009 թվականը իսկապես քաղաքական մտքի շարժման տեսանկյունից Հայաստանում ոչ թե ճգնաժամային, այլ լճացման տարի էր, որովհետև ճգնաժամը լավ բան է, իսկ լճացումն ուղղակի մտավոր շարժի կանգ է նշանակում: Ճգնաժամն, ընդհակառակը, շարժում է, և միտքը սկսում է ավելի արագ աշխատել, սկսում ես ավելի ելքեր փնտրել: -Անդրադառնանք հայ-թուրքական արձանագրություններին: Արդյո՞ք այս դեպքում էլ խելք պետք չէ: -Շատ է պետք: Հայ-թուրքական արձանագրությունները ամենալավ բանն էին, որ տեղի ունեցան 2009-ին, որովհետև նախ դրա պատճառով մի բան շարժվեց տեղից` Դաշնակցությունը դուրս եկավ իշխանությունից, այսինքն` գաղափարը վեր դասեց պատեհապաշտությունից: Արդյունքում Դաշնակցությունը ցույց տվեց, որ կորած կուսակցություն չէ: Թեև պետք է նշեմ, որ իմ մոտեցումները շատ են տարբերվում ՀՅԴ մոտեցումներից: Բայց կարևոր եմ համարում այն, որ նրանց քայլն ուղղված է իրենց ինքնության վերահաստատմանը: Ի դեպ, այսօր Հայաստանում գոյություն ունի ինքնության լուրջ խնդիր թե ազգային մակարդակում, թե առանձին վերցրած հասարակական-քաղաքական դերակատարների և թե անհատի մակարդակով: Այսօր մեզանում շատերը չեն կարողանում կողմնորոշվել որն է լավը` լինել հայ, թե հոմոսեքսուալիստ, լինել տղամարդ, թե գիտնական: Հայի, կնոջ, տղամարդու և նույնիսկ մարդու բովանդակությունը, այսինքն` ինքնության հիմքերն են այսօր փոխվում: Եվ այս դեպքում շատ կարևոր է դինամիկ կերպով վերարտադրել մեր ինքնությունը և խուսափել դրա դեգրադացումից: Իսկ դեգրադացիան ազգերի ու մարդկանց կյանքում կարող է լինել հոգեմտավոր հարթությունում: 2009 թվին այս առումով որևէ հուսադրող բան չնկատվեց: Ինքնության ճգնաժամը մտածելու ունակության ճգնաժամն է: Մեզ մոտ այդ ճգնաժամը շատ խորն է գնացել ամեն մակարդակներով: Ես հատկապես հենց այս առումով եմ հայ-թուրքական արձանագրությունները համարում կարևոր բան, որովհետև հույս ունեմ, որ հայ-թուրքական արձանագրությունների ազդեցության տակ Հայաստանում մտածելու ու մտքերի անհրաժեշտություն է առաջանալու: Մեզ մոտ պետք է տեղի ունենա մտքի ինտենսիվ փոխանակություն, ինչն այսօր շատ նեղ շրջանակներում է միայն նկատվում: Փոխանակային գործընթացները, բացի նյութական հարթությունից, պետք է ընթանան նաև հոգևոր ու մտավոր հարթությունում: 2009 թ. այս առումով շատ ծանր տարի էր: Այս առումով, 2010 թվի ամենակարևոր, ամենաանհրաժեշտ բաներից մեկն էլ մեր միջից սովետականությունը հանելն է լինելու: Այսինքն, սովետական մարդուց տարբեր կերպ մտածելու խնդիր ունենք: Սովետական մարդը հենց այն մարդն է, ով ոչ թե մտածում է, այլ դատողություններ է անում իր գլխում տեղադրված պատրաստի ձևակերպումների համադրումների միջոցով: -Նազենի Ղարիբյանը 2009-ին արձանագրում էր Ռուսաստանի վերջնական վերադարձ: -Կարծում եմ`Ռուսաստանը չէր էլ գնացել, որ վերադառնար: 2010-ի ամենակարևոր բաներից մեկն էլ համարում եմ Ռուսաստանի գաղութատիրության տապալումը Հայաստանում: Ես սա շատ ավելի կարևոր եմ համարում, քան իշխանության փոփոխությունը Հայաստանում: 2008-2009 թթ. հույս ներշնչեցին, որ մենք այդ գաղութատիրությունից կարող ենք ազատվել, բայց քանի որ 2009-ին մեր ընդդիմությունը ըստ էության անգործ վիճակում էր և այդ անգործությունը հիասթափության բերեց, ոչինչ էլ տեղի չունեցավ: Կարծում եմ, որ եթե Ռուսաստանը վերադարձած լիներ, իշխանությունը կփոխվեր, այսինքն` հետ կգար Ռոբերտ Քոչարյանը: Եվ քանի դա տեղի չի ունեցել, մտածում եմ, որ դեռ ռուսական գաղութատիրությունից ազատվելու հույսեր կարելի է գոնե փայփայել: 2010-ին շանսեր կլինեն ինչ-որ փոփոխությունների, ես փոփոխությունները կապում եմ արտաքին գործոնների հետ: Եթե արտաքին խնդիրները փոխվեն, և մեր առջև դրվեն շատ ծանր հարցեր, դա կառաջացնի ներքին ռեսուրսների կոնսոլիդացման անհրաժեշտություն, կամ պատկերավոր ասած քաղաքականությամբ զբաղվելու համար պետք կլինի շատ խելք ունենալ: Մեզ պետք է կանգնել փորձության առաջ, որը կբերի ներքին ռեսուրսների բացահայտման և կոնսոլիդացման անհրաժեշտությանը: Եվ եթե դա էլ տեղի չունենա, մենք աստիճանաբար կտարալուծվենք և չի բացառվում, որ մի օր էլ կարող է դադարենք գոյություն ունանալ: Առանց արտաքին լուրջ մարտահրավերների ես սև գույներով եմ տեսնում մեր ապագան: 2010-ին մեր ազգին շատ լուրջ մարտահրավերներ եմ ցանկանում, և որոշ առումներով նաև արտաքին շոկային իրավիճակներ, իհարկե նկատի չունեմ պատերազմը, այլ այնպիսի արտաքին ազդակներ, որոնք ներքին դրական փոփոխությունների պատճառ կդառնան: Մեր քաղաքական էլիտայի դիապազոնը շատ նեղ է, ես կցանկանայի, որ այդ դիապազոնն ընդլայնվեր ավելի լայն դիապազոն ունեցող մարդկանց ներգրավելու ճանապարհով: Վերջին տասնամյակը լճացման տասնամյակ էր և շատ նման էր բրեժնևյան տարիներին, որտեղ թվացյալ ինչ-որ բարեկեցություն էր ավելանում, բայց երկիրը ճահիճ էր, ճահիճում կային գորտեր, որոնք կռկռում ու լավ էին ապրում: Մանր մունր կռկռացողներին, կուսակցություններին էլ ինչ-որ ձևով առան կամ կազմալուծեցին: 2008-ին ճահիճից դուրս գալու ինչ-որ քայլեր եղան, ու դրա համար մեր երիտասարդությունը շատ ոգևորվեց: 2009-ին վերադարձ եղավ դեպի այդ ճահիճ և դրան դիմադրության ներքին ռեսուրսներն այս պահին այդքան կազմակերպված ու ուժեղ չեն: Կարելի է ասել, որ ներկայում Հայաստանը կոմայի մեջ է, համարյա մեռած պետություն: Երբ մի պետության էլիտա մտքի կարիք չունի, այդ պետությունն ըստ էության հոգեվարքի մեջ է: Իսկ մտավոր մահը ֆիզիկական մահվանը համարժեք բան է: Մենք նման ենք այն մարմնին, որի ուղեղը վատ է աշխատում և նրան ուղղորդում է վտանգավոր, կարող է նույնիսկ մահացու վտանգավոր քայլեր կատարելու: Միակ ելքը միտքը կազմակերպված ձևով աշխատեցնելն է: Իսկ դրա հնարավորություններն ու մարդկային ռեսուրսներն, իմ կարծիքով, մենք ունենք, սակայն, ցավոք, համապատասխան էլիտա ու քաղաքական կամք չունենք: ԶՐՈՒՑԵՑ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆԸ

No comments: