Wednesday, January 13, 2010

Հայաստանը կարող է վավերացնել Արձանագրությունները, եթե Թուրքիան նախապայմաններ չառաջադրի

/PanARMENIAN.Net/ 12.01.2010 - Հայաստանի Սահմանադրական Դատարանի վճիռը, որի համաձայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը, սպասելի էր: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Խոսելով հայ-թուրքական Արձանագրությունների վավերացման մասին` քաղաքագետը համոզմունք հայտնեց, որ Հայաստանը կարող է վավերացնել Արձանագրությունները միայն այն դեպքում, եթե Թուրքիան առանց նախապայմանների անվերապահորեն ընդունի Արձանագրությունների բոլոր դրույթները: «Հակառակ դեպքում այդ Արձանագրությունները կարող են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նոր հակասությունների հանգեցնել»,- ասաց Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց:

No comments: