Wednesday, January 13, 2010

Բաքվեցիների հայրենակցական միություն. Հայերի ջարդը ցեղասպանություն էր

News.am.13-1-2010-Ադրբեջանական Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ) եւ Բաքու քաղաքներում հայերի ջարդն այլ կերպ, քան ցեղասպանություն որակել չի կարելի: Այդ մասին մամուլի ասուլիսում միաձայն հայտարարել են «Բաքվեցի համերկրացիների միություն» կազմակերպության ներկայացուցիչները, որոնք հրաշքով են փրկվել 1990թ. Բաքվի ջարդերի ժամանակ: «Նույնիսկ եթե մեզ ոսկե սարեր խոստանան, մենք երբեք չենք վերադառնա Ադրբեջան նրանից հետո, ինչ ապրել ենք: Հետ Բաքու, խնդրեմ, բայց միայն այն դեպքում, եթե այնտեղ ադրբեջանցիներ չեն լինի, քանի որ, ունենալով Ադրբեջանի պես վտանգավոր հարեւան, Ցեղասպանության սպառնալիքը միշտ կախված է հայերի գլխին»,- հայտարարեցին կազմակերպության ներկայացուցիչները: Ընդ որում, կազմակերպության անդամները միաձայն հայտարարեցին, որ Ադրբեջանը պարտավոր է տարածքներով փոխհատուցել հայ փախստականներին՝ իրենց կորուստների համար: Միության նախագահ Ռոբերտ Խաչատրյանի խոսքով, հայկական պետությունը պետք է ակտիվացնի իր ջանքերը Ադրբեջանում հայերի ջարդերը որպես ցեղասպանություն միջազգային ճանաչման եւ դատապարտման համար: «Այո, հասարակական կազմակերպությունները բավական ջանքեր են գործադրում այդ ուղղությամբ, բայց դա բավարար չէ, իրականում այդ հարցով պետք է զբաղվի Հայաստանի արտգործնախարարությունը, իսկ հասարակական կազմակերպությունները պետք է ներկայացնեն համապատասխան նյութերը: Դա պետք է ոչ միայն փախստականներին, այլ նաեւ պետությանը, քանի որ Ադրբեջանը, պարբերաբար տարբեր ատյաններում բարձրացնում է գոյություն չունեցող միլիոնավոր փախստականների հարցը՝ իրեն զոհի, իսկ հայերին՝ ագրեսորի կերպարով ներկայացնելով: Ախր ճշմարտությունը մեր կողմից է, մեզ ոչնչացրել եւ ծեծել են, ու անհրաժեշտ է խոսել, եւ խոսել բարձր»,- հայտարարել է Ռոբերտ Խաչատրյանը: Ապա կազմակերպության անդամներից յուրաքանչյուրը ներկայացրեց իր ողբերգական պատմությունը՝ պատմություն, թե ինչպես են փախստական դարձել: Այսպես, փախստական Էդիտա Արուտյունովան արցունքներն աչքերին պատմեց, որ դեկտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը Բաքվում կորցրել է եղբորը: «Նրան առեւանգել էին ադրբեջանցիներն ու փրկագին էին պահանջում, իսկ առավոտյան մենք բակում գտանք նրա դին՝ դանակի 7 հարվածներով»,- պատմեց կինը՝ խնդրելով երկրի իշխանություններից՝ շեշտը դնել հարազատներին կորցրած փախստականների խնդիրների վրա: Մյուս փախստականը՝ Էլեոնորա Ավանեսովան պատմեց, որ տուժել է երկու անգամ, առաջին անգամ նոյեմբերին, երբ թողնելով ողջ ունեցվածքը Բաքվում փախել եւ հաստատվել է Սպիտակում, երկրորդ անգամ մեկ ամիս անց, երբ տեղի ունեցավ սարսափելի երկրաշարժը: "Ես անգամ չգիտեմ, որն է ավելի սարսափելի՝ ջարդերը Բաքվում, թե երկրաշարժը Սպիտակում: Իմ եղբայրը պատմում էր, որ ադրբեջանցիներից հազիվ է կարողացել փախչել տանիքով, իսկ երբ հասել է կայարան, տեսել է, թե ինչպես են հայերին նետում հատուկ դրա համար վառված խարույկների մեջ: Նա նշել է նաեւ, որ Ադրբեջանում հայերի նկատմամբ խտրական վերաբերմունքը սկսվել էր դեռեւս 70-ականներին: Ռոբերտ Խաչատրյանը նշել է, որ հիմնականում հակահայկական տրամադրությունները Բաքվում սրում էին Հայաստանից ժամանած ադրբեջանցիները: Նա նշել է, որ գազանությունները կրել են կազմակերպված բնույթ եւ ընթացել են ժողովրդի լուռ համաձայնությամբ: Վերջում նրանք պետությանը խնդրել են ավելի ակտիվ զբաղվել փախստականների խնդիրներով, որոնցից առավել լուրջը բնակատեղիի հարցն է:

No comments: