Wednesday, February 10, 2010

Ստամբուլում կայացավ Հրանտ Դինքի սպանության գործով 12-րդ դատական նիստը

/PanARMENIAN.Net/ 09.02.2010 - Ստամբուլում տեղի ունեցավ հայ-թուրքական «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատական 12-րդ նիստը: Լսումներ եղան ձերբակալված հինգ դատապարտյալների` Օգյուն Սամասթի, Էրհան Տունցելայի, Յասին Հայալի, Ահմեդ Իսկենդերի եւ Էսին Յոլչուի մասնակցությամբ: Մինչեւ դատական նիստը ազատ արձակված Օսման Հայալը եւ Մուստաֆա Օզթյուրքը նույնպես ներկա են գտնվել: Նիստի ընթացքում դատը վարող Էրքան Չանակն ասել է, որ Տրապզոնի ոստիկանական գործակալությունից պահանջել էին ոստիկանության աշխատակիցների եւ նրանց հեռախոսի համարների վերաբերյալ հաշվետվություն, սակայն հայցը մերժվել էր, քանի որ այն անվտանգության պահպանման տեսակետից սխալ կլիներ: Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբան Բահրի Բելենը «փաստաթղթերի գաղտնիության» առնչությամբ ասել է, որ հանցագործությանը վերաբերող փաստաթղթերը չպետք է գաղտնի լինեն: Միասնական մեծ կուսակցության անդամ Տունչելը դեմ է արտահայտվել այն բանին, որ իրեն համարում էին ահաբեկչական կազմակերպության առաջնորդ: Նիստի ընթացքում մեղադրյալը Միասնական կուսակցության ղեկավարներ Խալիսա Էգեմենին եւ Չիհանային հարցրել է` արդյոք նրանք հավանություն տալիս են Դինքի սպանությանը: Էգեմենը պատասխանել է. «Մենք երբեւէ չենք քաջալերել մարդասպանությունը: Բոլորն էլ Աստծու ստեղծածներն են: Այս տեսակետը տարբերություն չի դնում մահմեդականների եւ ոչ մահմեդականների միջեւ», հաղորդում է Today,s Zaman-ը: Հրանտ Դինքին սպանել են 2007 թ. հունվարի 19-ին, Ստամբուլում, «Ակոս» թերթի խմբագրության առջեւ: Ավելի քան երկու տարի ձգվող դատավարությունից հետո մարդասպաններն այդպես էլ չդատապարտվեցին: Գործի քնության արդյունքում, նորանոր մանրամասներ են ի հայտ գալիս, մասնավորապես «Էրգենեկոն» ահաբեկչական կազմակերպության մասնակցությունն այդ սպանությանը: Հրանտ Դինքին սպանել է 18-ամյա Օգյուն Սամասթը: Դատական նիստերից մեկի ժամանակ պարզվել էր, որ սպանության անմիջական պատվիրատուն միանգամայն այլ մարդ էր: Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիան լքեց Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը, որին նույնպես սպառնում էին ֆիզիկական հաշվեհարդարով:

No comments: